Բարսեղ Բեգլարյանի և ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում գողության մասնակիցներից մեկին ազատ են արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության դեպքերի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Արաբկիր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես հայտնի է՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից հափշտակել էին Ֆաբերժեի 3 ձու: Գործարարը իր մտերիմ շրջապատում սրտնեղել էր, թե. «Եկել, հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի գտնեմ, փող տամ դրանց»: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ապա նրա բնակարանից ոսկե եւ արծաթ իրեր էին գողացել:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին ու Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Հենց նշված անձինք էին բազմաթիվ դրվագներով գողություններ իրականացրել եւ պատրաստվել լքել երկիրը, սակայն չէին հասցրել: Իրավապահների կողմից կատարված խուզարկություններից հետո Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի բնակարանից հայտնաբերվել էին թանկարժեք հուշանվերներ, զարդեր, դանակներ, ատրճանակ եւ այլն:

Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի բնակարանների կողոպուտի փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան: Պարզեցինք, որ Շահեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարից մինչեւ հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում գտնվող 33 բնակարաններից գողություններ է կատարել:

Իսկ Նիկոլայ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է Շահեն Գասպարյանի կողմից կատարված ծանր հանցագործությունները:

Ի դեպ, նկատենք, որ այս գործով կալանքի տակ է գտնվում միայն Շահեն Գասպարյանը, իսկ նրա գործողությունները պարտակող Նկոլայ Հարությունյանի խափանման միջոցը ընտրվել ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ գործով տուժողներից շատերը կարողացել են վերոնշյալ անձանց կողմից հափշտակված իրերի մեջ գտնել իրենց պատկանող զարդերը եւ այլ իրերը:

Քնար Մանուկյան




Լրահոս