Ինչու են Տավուշում չմշակվող հողերն ավելանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի տարածքը 2704 քառ.կմ է, որը կազմում է ՀՀ տարածքի 9.1%-ը: Տավուշի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 110 հազար 751.5 հեկտար, կամ մարզի ընդհանուր տարածքի շուրջ 40.9%-ը: Վարելահողերի եւ բազմամյա տնկարկների ոռոգելի տարածքները 6403 հեկտար են: Ադրբեջանի սահմանագոտում գտնվելու պատճառով մարզում չմշակվող հողերը կազմում են մոտ 7210 հա:

Սահմանամերձ տարածքներում վարուցանք անող, այգի մշակող, անասնապահությամբ զբաղվող տավուշցիները հաճախ դառնում են ադրբեջանական գնդակոծության թիրախ: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ իր համագյուղացիները ձեռնամուխ են եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, այժմ էտում են իրենց խաղողի այգիները: Նրանք այդ աշխատանքը կատարում են նաեւ սահմանագոտում գտնվող խաղողի այգիներում:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ հիմա կրակոցներ չկան, սակայն ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է ոտնձգություններ կատարել: Մ. Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի զինանոցը կատարելագործվել է, նոր զենքերը հնարավորություն են տալիս ավելի մեծ հեռավորությամբ թիրախներ խոցել: Տավուշցի գյուղացիները զգուշանալով ազերիների նշանառու կրակից՝ վախենում են մշակել սահմանամերձ գոտում գտնվող իրենց հողատարածքները: Այդ պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող չմշակվող հողատարածքները տարեցտարի ավելանում են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս