Արարատի մարզում նախընտրական մթնոլորտը գնալով թեժանում է. ուսանողներին անվճար տոմս՝ ձայնի՞ դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզում նախընտրական մթնոլորտը գնալով թեժանում է: Այստեղ ընտրակաշառք բաժանելու կամ ձայներ հավաքագրելու գործընթացը հետաքրքիր դրսեւորումներ է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստամատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցների բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ: «Դա ընդամենը մեկ օր տեղի ունեցավ եւ նախընտրական շրջանի հետ կապ չունի: Դա սովորաբար տարվա ընթացքում քաղաքապետի կողմից է բաժանվում: Այն ատամնաբուժարանի հետ կապ չունի. ինձանից ընդամենը քաղաքապետարանը խնդրել է մեկ սենյակ տրամադրել, իսկ ես էլ տվել եմ: Եկել են, բաժանել են դա ու գնացել: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք անուն-ազգանուն չեն գրել, չեն ցուցակագրել: Տեսել եմ միայն, որ մարդիկ ակնոցը ստացել ու գնացել են»,- ասաց նա:

«Ժողովուրդ»-ը քաղաքի բնակիչներից տեղեկացավ, որ Արտաշատի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի տեսողական խնդիրներով անձանց ակնոց բաժանում է: Սակայն ամեն դեպքում, ուշագրավ է, որ այս անգամ գործընթացը հենց նախընտրական շրջանում է իրականացվում: Նմանատիպ «զուգադիպությամբ» բարեգործական ակցիաներ են իրականացվում նույն մարզի Մասիս քաղաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մասիսցի ուսանողները մարտի 1-ից Մասիս-Երեւան-Մասիս ուղղությամբ անվճար են երթեւեկում: Առաջին հայացքից ողջունելի է, որ ուսանողների անվճար երթեւեկության համար նման պայմաններ են ստեղծվել: Սակայն վերստին՝ արդյո՞ք այստեղ առկա չեն շատ կոնկրետ՝ նախընտրական նպատակներ, առավել եւս, որ հայտնի չէ՝ արդյո՞ք ուսանողները նաեւ հետընտրական փուլում հնարավորություն կունենան շարունակելու անվճար երթեւեկությունը:

Մասիսցիների խոսքերով՝ ուսանողների համար անվճար երթեւեկությունը ապահովվում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կողմից:

«Ժողովուրդ»-ին դիմած ուսանողները ներկայացրին, որ անվճար ավտոբուսները տրամադրում է Մասիսի քաղաքապետարանը: Ինչպես հայտնի է՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը աջակցում է Մասիսում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանին: Եւ ըստ որոշ տեղեկությունների՝ ուսանողների անվճար երթեւեկելու նախաձեռնությունը հենց Մուրադ Մուրադյանինն է: Սակայն ամեն բան այնպես է արված, որպեսզի դա չերեւա: Ուսանողների պատմելով՝ բացի Մասիսի քաղաքապետարանից՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Ստեփանյանը նույնպես մասիսցի ուսանողներին ապահովում է Մասիս-Երեւան անվճար երթեւեկելու հնարավորությամբ:

Սակայն պարզվում է, որ անվճար երթեւեկելու՝ թեկուզ ժամանակավոր հաճույքը ոչ բոլոր ուսանողների համար է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այն ուսանողները, որոնք բնակվելով Մասիսում՝ գրանցված են այլ մարզերում, չեն կարող օգտվել անվճար երթեւեկելու հնարավորությունից: «Ժողովուրդ»-ին դիմած ուսանողը, որը արդեն մի քանի տարի է, ինչ փաստացի բնակվում է Մասիս քաղաքում, բայց ունի այլ մարզի գրանցում, անվճար երթեւեկելու հարցով դիմել է Մասիս քաղաքում գտնվող ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի գրասենյակներ: ՀՀԿ-ի գրասենյակում հրաժարվել են ուսանողին ընդգրկել անվճար երթեւեկող ուսանողների ցանկում՝ պատճառաբանելով, որ նրանց թիվը սահմանափակ է՝ «լիմիտը սպառվել է»: Իսկ ահա ԲՀԿ-ի գրասենյակում շատ ավելի անկեղծ են եղել՝ ուսանողին ուղղակիորեն փոխանցել են, որ Մասիսի բնակիչ չէ, հետեւաբար չեն կարող ընդգրկել, քանի որ չի քվեարկելու:

Զրույցի ընթացքում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ուսանողներին շահագրգռում են անվճար անդամատոմսով, ասում են՝ անդամագրվեք՝ անվճար երթեւեկելու համար: Ուսանողներին կապույտ գույն ունեցող տոմս են տալիս, նրանք ավտոբուսից իջնելիս այն վարորդին են ցույց տալիս: Այդ քարտի վրա թիվ է նշված, որն էլ ուսանողը վարորդին է հայտնում, ապա իջնում ավտոբուսից:

Այն ուսանողները, որոնք ունեն անվճար երթեւեկելու հնարավորություն, մտահոգված են, քանի որ կարծում են, որ այդ արտոնությունը կարճատեւ բնույթ է կրելու, եւ ընտրություններից հետո իրենք վերստին ստիպված են լինելու վճարել:
«Ժողովուրդ»-ը ուսանողների անվճար երթեւեկության հնարավորության շուրջ փորձեց զրուցել ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ անմիջապես արդարացավ. «Ես ավտոբուսի ո՛չ գիծ ունեմ եւ ո՛չ էլ տեղյակ եմ ավտոբուսներից: Նման հարցեր ինձ մի՛ տվեք: Ես տեղյակ չեմ: Ես կապ չունեմ դրա հետ: Ես հիմա դարդ ու ցավ չունեմ, ընկնեմ, ուսանողներին անվճար տանեմ, բերեմ: Ես ոչ մի տեսակի բիզնես չունեմ, սա էլ իմացեք»:

Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Ստեփանյանը հայտարարեց, որ ուսանողների անվճար տեղափոխումը Մասիսից Երեւան իրականացվում է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» հաշվին: «Ժողովուրդ»-ը Ստեփանյանին փոխանցեց Մասիսում փաստացի բնակվող, բայց գրանցում չունեցող ուսանողների մտահոգությունները, որոնք գրանցում չունենալու պատճառով չեն կարողանում օգտվել անվճար երթեւեկելու հնարավորությունից: Ի պատասխան՝ Ստեփանյանը վստահեցրեց. «Բոլոր ուսանողներին մենք տարիներ շարունակ տանում, բերում ենք: Չի կարա նման բան լինի, դա տրվում է բոլորին, եւ կապ չունի, թե ով որ մարզից է: Չենք էլ հարցնում, թե որ մարզում են գրանցված, ուսանողական տոմսը ցույց են տալիս, եւ անվճար երթեւեկելու տոմսը տրամադրվում է: Բայց նշեմ, որ սա ընտրական գործընթացների հետ կապ չունի: Նշանակություն չունի, թե ով ինչ կուսակցության անդամ է»:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, նրա օգնականը՝ նույնպես:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս