Նախընտրական շոո՞ւ, թե՞ փաստերի կոծկում. ինչի արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման եւ, հետեւաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»:

Դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ իրենք զինտեխնիկայի խափանման մասին լուրերի մասով համապատասխան նյութեր են նախապատրաստել, բայց որեւէ փաստ չի հաստատվել:

Այս պատկերն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. վարչապետն ԱԺ-ում արած սկանդալային հայտարարությունը, ըստ էության, կրկնել էր ե՛ւ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ կառավարության վերջին նիստում: Ու փաստորեն Սահմանադրությամբ պետության երրորդ պաշտոնյան մի բան է պնդում, պաշտպանության նախարարությունն ու դատախազությունը՝ մեկ այլ բան՝ այդպես հերքելով Կարապետյանին: Իսկ թե նրանցից ո՞վ է ճիշտ, դժվար է միանշանակ ասել: Դժվար է նաեւ միանշանակ ասել՝ արդյո՞ք վարչապետն այս հայտարարություններն անում է PR-ի համար, թե միգուցե իրավապահներն են կոծկում եղելությունը: Ամեն դեպքում այս հարցը մնում է բաց: Իսկ փաստը մնում է փաստ, որ ապրիլյան պատերազմին մենք անպատրաստ էինք, իսկապես տեխնիկան չի աշխատել, արդյունքում կորցրինք 800 հեկտար տարածքն ու հարյուրից ավելի հայորդիներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս