Թրամփն ու Մերկելը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, փոխանցում է BBC-ն: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ, ահաբեկչության դեմ պայքար, Ուկրաինայի ճգնաժամ և միգրացիա:

Թրամփն ու Մերկելն առաջին անգամ անձամբ հանդիպել են՝ չնայած իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս մեղադրել էր Մերկելի «Գերմանիայի կործանիչ քաղաքականության» համար՝ նկատի ունենալով փախստականների հարցում կանցլերի դիրքորոշումը:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը հայտարարել են, որ բանակցությունները արդյունավետ են եղել:

Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի իր աջակցության մասին, սակայն հերթական անգամ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է «ադեկվատ ներդրում» ունենան կոլեկտիվ պաշտպանության մեջ: Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է բարձրացնել ռազմական ծախսերը մինչև 2% ՀՆԱ, ինչը նախատեսված է ՆԱՏՕ-ի կանոններով:

ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդները նշել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը: Մերկելը հատուկ ընդգծել է Ուկրաինայում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Թրամփը Մերկելի հետ հանդիպման ժամանակ կրկին քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային իրեն գաղտնալսելու մեջ՝ հավելելով, որ Օբամայի կողմից գաղտնալսվել է նաև Գերմանիայի կանցլերը:




Լրահոս