Ահազանգ. Պրիվոլնոյե գյուղի դպրոցում տևական ժամանակ է՝ խմելու և ոռոգման ջուր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Լոռու մարզի թղթակիցն ահազանգ է ստացել Պրիվոլնոյե գյուղում տիրող իրավիճակի մասին: Ահազանգող բնակիչը, ով հասկանալի պատճառներով խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ գյուղի դպրոցում տեւական ժամանակ է՝ խմելու եւ ոռոգման ջուր չկա: Դպրոցի սանհանգույցը եւս չի օգտագործվում, ինչի պատճառն ըստ ահազանգող ծնողի՝ ներսում տիրող խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակն է:

Բնակչի խոսքով՝ աշակերտները բնական կարիքները հոգում են դպրոցի հետնամասում գտնվող մի շինության մեջ, որը եւս չի փայլում իր մաքրությամբ. «Ո՛չ զուգարանում ջուր կա դպրոցի, ո՛չ խոհանոցում, խայտառակ իրավիճակ է մեր դպրոցում, ով որտեղ հասցնում, բնական կարիքներն է հոգում»,-հայտնել է աշակերտի ծնողը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Ֆյոդորովնան չհերքեց, որ դպրոցում ջուր չկա, չհերքեց նաեւ, որ սանհանգույցը եւս չի ծառայում իր նպատակին, բայց ոչ թե սանիտարահիգիենիկ վիճակի, այլ ջրի բացակայության պատճառով. «Ջուրը սառած է, հունվարի արձակուրդներից հետո դպրոցում ջուր չի գալիս, դրա համար էլ սանհանգույցը չի օգտագործվում, իսկ խոհանոցի ջուրը մեքենաներով բերվում է դպրոց»,-ներկայացրեց տնօրենը: Միեւնույն ժամանակ նա եւս փաստեց, որ աշակերտներն ու ուսուցչական կազմը իրենց բնական կարիքները հոգում են դպրոցի մոտակայքում կառուցված զուգարանում. «Եթե ջուր չունենք, ոնց օգտագործենք զուգարանները: Դպրոցի հետեւի մասում զուգարան կա, հավաքարարները ամեն օր մաքրում են զուգարանը, մաքուր է այնտեղ»: 125 աշակերտ ունեցող դպրոցում ամեն ձմեռ նույն խնդիրն է լինում, իսկ թե ինչու համայնքապետը քայլեր չի ձեռնարկում, տնօրենն այսպես է մեկնաբանում. «Գյուղապետը ոչինչ չի կարող անել, հողի տակ է սառել, արեւը պետք է տաքացնի, որ հալի…»:

Ահազանգող ծնողի խոսքով, բացի դպրոցի ներսում տիրող շենքային ու կոմունիկացիոն խնդիրներից՝ դպրոցում նաեւ դրամահավաքությունն է ընդունված: Ըստ ծնողի՝ ամեն առիթի աշակերտներից գումարներ են հավաքում տնօրենի եւ ուսուցիչների նվերների համար: Վերջին դեպքը կապված է եղել մարտի 8-ի հետ. «Չեն էլ հաշվում էդ աշակերտի ընտանիքի սոցիալական վիճակը, ծնող կա, որ իր երեխեքին հազիվ է պահում, բայց պարտադիր պետք է նվերների փողերը տա»,-հայտնել է ծնողը: Սրա հետ կապված դպրոցի տնօրենը նշում է. «Մեր դպրոցում նման բան չի արվում: Պարտադի՞ր, մարտի 8-ի՞, որեւէ նման հրաման չի եղել, ու եթե առանձին դեպքեր կան, կարող է, ես գիտեմ, ես ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ նվեր եմ ստանում, ինձ հետաքրքիր չէ դա, որեւէ գումար դպրոցում չի հավաքվում»,-ասաց նա՝ մոռանալով սակայն, որ որպես տնօրեն իրեն ոչ թե պետք է հետաքրքրի կամ չհետաքրքրի դպրոցում իրականացվող դրամահավաքությունը, այլ ինքը պարտավոր է նույնիսկ իր ասած առանձին դեպքերը բացառել:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս