Ինչ գործունեության համար է Սամվել Ֆարմանյանը վաստակել խորհրդարանում վերստին հայտնվելու՝ Սերժ Սարգսյանի «դաբրոն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ ճիշտ ժամանակն է՝ եւս մեկ անգամ դիտարկելու իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների գործունեության հետագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր կփորձի պարզել, թե ինչ անկրկնելի ծառայություններ է մատուցել «երիտհանրապետական» Սամվել Ֆարմանյանը, ում անունն այսօր ներկայացված է ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում:

ՀՀԿ-ի ակտիվ եւ Սերժ Սարգսյանի բարեհաճությունը վայելող երիտասարդ Սամվել Ֆարմանյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ․մեծամասնական ընտրակարգով։ Մինչ պատգամավոր դառնալը, Ֆարմանյանը եղել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը, ապա մամլո խոսնակը։ 2010-2012թթ․ նա աշխատել է որպես ՀՀ հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն։ Այսօր նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 9-րդ համարն է, եւ կասկած չկա, որ կհայտնվի խորհրդարանում։ Հետաքրքիր է, որ Ֆարմանյանն այս անգամ չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով իր հարազատ Նոր Նորքում՝ թերեւս ավելորդ տեղը չբորբոքելու համար թիվ 1 ընտրատարածքում ընթացող ծայրաստիճան լարված պայքարը ՀՀԿ-ի թեկնածուներ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի ու Նոր Նորք համայնքի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր, ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի միջեւ։

Ֆարմանյանի գործունեությունը կարելի է հակասական որակել, քանզի նա միշտ չէ, որ ակտիվորեն արձագանքում է հասարակական-քաղաքական կյանքի զարգացումներին եւ հակադարձում Սերժ Սարգսյանի հակառակորդներին։ Հիշենք, սակայն, որ Ֆարմանյանը նախաձեռնեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի դեմ արշավը՝ ըստ էության հասնելով վերջինիս հրաժարականին։ Մամուլը գրում էր, որ դրա թիկունքում կանգնած էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ Ի դեպ, խորհրդարանական աշխատանքի ընթացքում Ֆարմանյանը հասցրել էր նաեւ ԱԺ միջանցքում ծեծկռտուքի մեջ հայտնվել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։

Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական գործունեության հիմնական կողմին, ապա հարկ է նշել, որ Ֆարմանյանը բացակայել է 209 անգամ։ Դրա հետ մեկտեղ՝ նա հրաժարվել է քվեարկելուց շուրջ 17 անգամ։ 31 անգամ հանդես գալով հարցապնդումներով՝ նույնքան անգամ էլ Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից։ Հատկանշական է, որ նա կողմ է քվեարկել 727 անգամ, դեմ՝ 8 անգամ, ձեռնպահ՝ 4 անգամ։ Ահա այսպիսի գործունեությամբ էլ Ֆարմանյանը վաստակել է խորհրդարանում վերստին հայտնվելու՝ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

Ն. Հովսեփյան




Լրահոս