Հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը, ով տեւական ժամանակ ՌԴ-ում էր, այնտեղ էլ ծավալում էր իր գործունեությունը, մեկ տարուց ավել է` հայրենիքում է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ չի կարող վստահաբար ասել` կշարունակի մնալ Հայաստանում, թե կրկին կմեկնի արտերկիր: Մենք դերասանից հետաքրքրվեցինք` ինչով է նա այժմ զբաղված եւ ինչ ծրագրեր ունի. «Ընդհանրապես, ես պարբերաբար լինում եմ աշխարհի տարբեր վայրերում, որոշ ժամանակով մնում եմ, ապա վերադառնում:
Վերջին անգամ Ռուսաստան էի գնացել, իհարկե, երկրի վիճակից բարկացած: Այդ բարկությունը, ի դեպ, հիմա էլ կա` կապված առաջիկա ընտրությունների հետ: Կարդում եմ քաղաքական ուժերի լոզունգներն ու հիստերիայի մեջ եմ ընկնում»,-ասաց դերասանը:
Նա տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում պարապ չի մնում. պատրաստվում է ապրիլին հանդիսատեսի դատին հանձնել նոր մոնո-ներկայացում: Պրեմիերան տեղի կունենա Թատերական գործիչների միությունում. «Եթե ներկայացումը տեղի հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանանա, այն կհանձնեմ նաեւ ռուսաստանյան, եվրոպական հանդիսատեսի դատին»:
Գնելը նաեւ հայտնեց, որ Երեւանում բացել է դերասանական ստուդիա, որտեղ հենց ինքն է դասավանդում:
Հարցին, թե արդյոք հեռուստադիտողները Գնելին կրկին կտեսնեն էկրաններին, պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ նկարահանվում էի սերիալներում, բայց դրանց շրջանակում իմ դերակատարումը կարճ տեւեց: Կարծում եմ` շատ գործատուներ նույնիսկ չգիտեն էլ, որ ՀՀ-ում եմ: Ամեն դեպքում, եթե հարմար առաջարկ լինի, կընդունեմ այն»: Մենք հետաքրքրվեցինք` առաջիկայում որտեղ է պատրաստվում բնակվել դերասանը. «Այդ հարցին չեմ կարող կոնկրետ պատասխանել: Ես այն մարդկանցից եմ, որոնք չեն հարգում մեր պաշտոնյաների մոտեցումը աշխարհի հզորագույն ժողովրդի նկատմամբ, չկարողանալով որեւէ բան փոխել` եփվում եմ, ստիպված թողնում-հեռանում եմ, որ քիչ բան տեսնեմ»:
Աննա Բաբաջանյան