ՖՈՏՈ. Հարձակում ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ելք դաշինքը հաղորդագրություն է ատրածել, որում ասվում է.

«Մարտի 18-ին Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն) գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։Հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել։ Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ։

Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում ԵԼՔ դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում (մարտի 7-ին հարձակվել էին նաև ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա և պատռել քարոզչական պաստառները, որի տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն):

Այս մասին բազմիցս ահազանգել ենք, քանի որ այդպիսի դեպքեր արձանագրվել են Վանաձորում, Երևանում, Արթիկում: Սակայն այսօր արդեն հարձակումները վարչական իրավախախտումներից վերածվեցին քրեական հանցագործության:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի համաձայն՝ «1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Նման դեպքերը նպատակ ունեն ոչ միայն նյութական վնաս հասցնել դաշինքին, այլ նաև ստեղծել համընդհանուր վախի մթնոլորտ նախընտրական գործընթացները խաթարելու և ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբերի համար վարձակալության տրվող տարածքների տրամադրմանը խոչընդոտելու համար։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին»։




Լրահոս