​Նոր աշխարհ` նոր կանոններով. Նարինե Ալեքսանյանը` «Դոմինոյի» 4-րդ եթերաշրջանի և ամուսնու հետ հանդես գալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, ով վերջերս հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հեռուստադիտողները շուտով իրեն կտեսնեն սիթքոմի նոր` չորրորդ եթերաշրջանում. «Շատ եմ սիրում կերպարս եւ ուրախ եմ, որ գործունեությունս շարունակական է լինելու, նոր եթերաշրջանի նկարահանումներն արդեն մեկնարկել են»,- ասաց նա` հավելելով, որ իր կերպարը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի հետաքրքիր, անսպասելի իրավիճակներում:

Ու թեեւ Նարինեն տարիներ առաջ հանդես էր գալիս «Իմ տունը քո տունը չէ» հումորային ծրագրում, խոստովանեց, որ «Դոմինոն» իր համար նոր աշխարհ է` բոլորովին նոր կանոններով: Նշենք, որ սիթքոմի հերթական եթերաշրջանը կբացվի մարտի 14-ից:

Մենք հետաքրքրվեցինք` արդյոք առաջիկայում կտեսնենք Նարինեին թատրոնում` նոր դերերով. «Այո՛, թատրոնում նոր ներկայացման փորձեր ենք անում, սեպտեմբերին արդյունքը կերեւա: Մտադիր ենք երկու նոր գործի անդրադառնալ` մեկը՝ դասական, մյուսը՝ ժամանակակից հեղինակի: Ասեմ, որ դերասանի համար շատ հետաքրքիր է զուգահեռաբար աշխատել թատրոնում եւ հեռուստատեսությունում. այդպես նրա կյանքը բավական գունավոր է դառնում»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Նարինեն նախկինում «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքն էր խոստովանել, որ ոչ ոք իրեն ամուսնուց` դերասան Վարուժան Մանուկյանից առանձին չի պատկերացնում, հանրությունը մշտապես ակնկալում է ամուսիններին տեսնել միեւնույն նախագծում: Մենք հարցրինք` արդյոք այդ առումով մարդկանց հույսերը կարդարանան. «Ես եւ Վարուժանը մտածում ենք, ասեմ ավելին` գործում ենք այդ ուղղությամբ, բայց դեռեւս ոչ մի կոնկրետ տեղեկություն հայտնել չեմ կարող»,-ասաց նա:

Քանի որ այժմ կանանց միամսյակն է, Նարինեից հետաքրքրվեցինք` տոների շրջանակում նրան ինչ առանձնահատուկ անակնկալներ են մատուցել. «Դուստրս ինձ մանուշակներ է նվիրել, որդիս` կակաչներ: Ես այդ ծաղիկների միջոցով եմ գարնան շունչը զգում: Բացի այդ` պարբերաբար ստանում եմ անսպասելի նվերներ: Տղաս, ով սովորում է Թատերական ինստիտուտում, սիրում է նաեւ քանդակել եւ նկարել, գիտի, որ իր աշխատանքների հանդեպ թուլություն ունեմ, առիթը բաց չի թողնում եւ գեղեցիկ քանդակներ է նվիրում ինձ: Դուստրս էլ իր հերթին ձեռագործ աշխատքներ է նվիրում, հաճախ` բիժուտերիա, որը հաճույքով կրում եմ»,-եզրափակեց դերասանուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս