ԵՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ՝ ԳԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հավաքի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: Նա տեղեկացրել է, որ ԵՏՄ-ին այլ երկրների անդամակցությունը Ռուսաստանից էժան գազ ձեռք բերելու հնարավորություն է տալիս: Իսկ երկրները, որոնք կդադարեցնեն ԵՏՄ-ին իրենց անդամակցությունը, ըստ Մեդվեդեւի, երկնագույն վառելիքը ստիպված կլինեն գնել առանց արտոնությունների, միջազգային գներով:

«Ստիպողաբար ոչ մեկին չենք պահում Եվրասիական տնտեսական միության կազմում: Միայն այս կազմակերպությանն անդամակցությունն է հնարավորություն տալիս գազը գնել ցածր գներով… Եթե որոշ երկրներ, որ այստեղ ներկա են, չանդամակցեին մեր միությանը կամ, ենթադրենք՝ դուրս գային միությունից, այդ երկրները գազ կգնեին եվրոպական գներով, 200 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Ահա եւ վերջ։ Եվ պետք չէ այստեղ ինչ-որ բաներ ապացուցել, հաշվարկներ անել։ Ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ: Այս մասին պետք է հիշել, երբ ընդունվում են որոշումներ, որոնք խոչընդոտում են մեր ինտեգրումը։ Վերջապես, մենք այստեղ ոչ մեկին ուժով չենք պահում»,- ասել է Մեդվեդեւը։
Պարզվում է՝ «հաշվարկներ անողը», «ինչ-որ բան ապացուցողն» էլ ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսն է, եւ Մեդվեդեւի այս հայտարարություններն ուղղված էին պաշտոնական Մինսկին: Բանն այն է, որ հունվարից Բելառուսը գազը գնում է 1000 խմ-ն 141 դոլարով` նախորդ տարվա 131 դոլարի փոխարեն, ինչը, բնականաբար, դժգոհություն է հարուցել այդ երկրում: Ընդ որում, Բելառուսը գազի գնի թանկացումը որակել է իր վրա տնտեսական ճնշում այն բանից հետո, երբ իրենք որոշել են ԱՄՆ-ի եւ ԵՄ երկների միջեւ վիզայի ազատականացման ռեժիմի գնալ: Օրերս ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավական կոշտ քննադատություններ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ նրանց մեղադրելով նավթի եւ գազի միջոցով իր երկրի վրա ճնշումներ գործադրելու փորձերի մեջ: «Բելառուսը կարող է իր գլուխը պահել առանց ռուսաստանյան նավթի, եթե կշեռքի մյուս նժարին լինի անկախությունը: Մեզ շատ դժվար կլինի, սակայն ազատությունն ու անկախությունը չեն գնահատվում եկամտաբերությամբ։ Եթե մի կողմից ազատությունն է, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական կամ իրանական նավթը, դա անհամատեղելի է»,- ասել է նա։
Բայց այս ամենն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին: Նախորդ շաբաթ «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով 2013թ. ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չստորագրելու պատճառների մասին, խոստովանել էր. «Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք, ստորագրեք: Ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա պարտավոր պետք է լինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել է, որ ժամանակին ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացրել է՝ տուրք տալով Ռուսաստանի ճնշումներին ու շանտաժին: Ընդ որում, ՌԴ-ն բաց տեքստով չի արգելել ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այլ պարզապես ներկայացրել է, թե ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, այլ որոշի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եւ այդ խնդիրների շարքում եղել է էներգակիրները միջազգային գնով վաճառելու սպառնալիքը:
Իհարկե, այս հարցազրույցում Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ անկեղծ չի գտնվել ու չի բացահայտել մեկ այլ կարեւոր իրողություն. ՌԴ-ն ՀՀ իշխանություններին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու դեպքում սպառնացել էր ոչ միայն տնտեսական խնդիրներ հարուցել, այլեւ առաջին հերթին պրոբլեմներ ստեղծել ռազմա-քաղաքական անվտանգության առումով, մասնավորապես ԼՂ խնդրում: Եւ ԵՄ-ի հետ քառամյա սիրախաղից հետո ԵՏՄ գնալու հիմնական պատճառը հենց դրա հետեւանք էր: Պատահական չէ, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու որոշումն իշխանությունները պայմանավորում էին առաջին հերթին ՌԴ-ի հետ անվտանգության միասնական համակարգում՝ ՀԱՊԿ անդամ լինելով:
Այնպես որ, այսքանից հետո պետք է արձանագրենք՝ ԵՏՄ-ն տնտեսական միավորում է, որին ՌԴ-ից բացի մյուս երկրներն անդամակցում են «գազային ճնշման տակ»:
Հ. Գ. Ինչ վերաբերում է Հայաստանում այսօր գործող գազի սակագնին, ապա նկատենք, որ Հայաստանի բնակիչները ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազը գնում են նույն միջազգային գներով՝ 1000 խմ-ն 284.8 դոլարով: Պարզապես Հայաստանի սահմանին «Գազպրոմ»-ն իր դուստր-ձեռնարկություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա»-ին գազը վաճառում է 150 դոլարով, եւ արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե մենք էժան գազ ենք գնում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ կամաց-կամաց սկսվել են քաղաքական հետապնդումները: Երեկ ոստիկանության Արտաշատի բաժանմունք են հրավիրել Հ. Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավար Գարսեւան Վարդեւանյանին: Ոստիկանությունից պաշտոնապես պարզաբանել են, որ Գ. Վարդեւանյանն իրենց մոտ է հրավիրվել կոնկրետ գործի շրջանակներում, իսկ թե ինչ գործի մասին է եղել խոսքը, չեն մանրամասնել։ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատահականություն է սա, թե քաղաքական ճշման դրսեւորում, ասել է. «Ինձ թվում է՝ քաղաքական դրդապատճառներ ունի»:

 

 

 

ՊՈԱԿ-ՆԵՐԻՆ ԼԱՎ ՓՈՂ ԵՆ ՏԱԼԻՍ
Կառավարությունը, որը դեռեւս ամիսներ առաջ ակտիվորեն խոսում էր պետական ապարատը կրճատելու, ոչինչ չանող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների լուծարելու մասին՝ նպատակ ունենալով խնայել բյուջետային միջոցները, այնուամենայնիվ, ՊՈԱԿ-ների ֆինանսավորման հարցում բավական շռայլ է գտնվել: Դեռեւս հրապարակված է արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին հատկացվելիք գումարի չափը: Ըստ այդմ, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ին այս տարի կտրվի ավելի քան 20 միլիոն դրամ, «Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 1 միլիարդ 161 միլիոն դրամ, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 120 մլն դրամ, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ ավելի քան 47 միլիոն դրամ: Արտակարգ իրավիճակների նախարարության ՊՈԱԿ-ների ֆինասավորումը դեռ մի տեղ կարող է արդարացված լինել՝ հաշվի առնելով այն գործառույթները, որ իրականացնում է այս գերատեսչությունը, բայց հարց է՝ արդյո՞ք մյուս գերատեսչությունների ՊՈԱԿ-ների նկատմամբ հավասարաչափ մեծահոգի չի գտնվի գործադիրը եւ կշռայլի գումարներ:

 

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջն ու առաջին տեղակալին՝ հարեւան երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային: «ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը կանանց միջազգային տոնի կապակցությամբ Ալիեւային գրել է. «Բոլոր ժամանակներում կանայք օջախի, ընտանեկան ավանդույթների եւ արժեքների պահապաններ են՝ արտահայտելով սեր եւ հավատարմություն, ջերմություն եւ հույս: Անկեղծ ցանկանում եմ, որպեսզի Ձեր կյանքում ավելի շատ լուսավոր եւ ուրախ օրեր լինեն, եւ որպեսզի Ձեզ ուղեկցի հաջողությունը: Առողջություն, հաջողություններ եւ բարեկեցություն»: Ի դեպ, նկատենք, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում որեւէ բառ չկար Ալիեւային ուղարկած շնորհավորական ուղերձի մասին: Բայց եւ երեկվա ընթացքում ՌԴ իշխանությունների կողմից չէր եղել նաեւ հերքում:

 

 
ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱ
Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, ավելացել են 6.3 մլն դրամով: Դրանք 14 մլն 700 հազար դրամից չհիմնավորված աղբյուրներից վերածվել են 21.1 մլն դրամի: Բացի այս՝ Սերժ Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձերը, որոնք ընդհանուր կազմել են 13 մլն 852 հազար դրամ, եւ տրված փոխառություններից ստացած տոկոսը՝ ավելի քան 14 մլն դրամ: Իսկ տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը կազմել է մոտ 12.5 մլն դրամ: Նա սա հայտարարագրել է որպես եկամուտ: Այսինքն՝ կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չհիմնավորված գումար է հայտարարագրել, որի ծագումը մնում է անհայտ: Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները նույնպես մեկ տարվա ընթացքում ավելացել են 2 մլն 670 հազար դրամով: Հայաստանի առաջին տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 հազար դրամ:

 

 

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ
Նախօրեին «Ժողովուրդը» նկատել էր, թե ինչպես է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շրջում դիվանագիտական պետհամարանիշներով շքեղ ավտոմեքենայով: Դիվանագիտական ի՞նչ համարանիշներ է փակցված Բաղդասարյանի ավտոմեքենային, ո՞վ է դա տվել կուսակցապետին եւ ինչու՞: Կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանն այս կապակցությամբ պարզաբանել է, թե. «Դա ՀԱՊԿ-ի համարանիշներ են, քանի որ, գիտեք, ՀԱՊԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է պարոն Բաղդասարյանը, հետեւաբար այդ պետհամարանիշներով է: Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ տուգանքները չի մուծում, մենք հրապարակելու ենք այդ պետհամարանիշների վրա եկած տուգանքները, մեզ մոտ չեկերը կան»:

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Ղրղըզստան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Կողմերն անդրադարձել են հունվարին Կարեն Կարապետյանի Ռուսաստան պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։




Լրահոս