Բողոք չկա, ձեռք ձեռքի տվին. ինչ հիմքով են կոծկվում նախընտրական միջադեպերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկած քարոզարշավը գնալով ավելի է թեժանում: Ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թիմակիցների միջեւ բախումները հետզհետե նոր թափ են ստանում, սակայն բոլոր դեպքերում միջադեպի մասնակից կողմերը մնում են անպատիժ:

Չեն ծեծե՞լ, ընկե՞լ է

Նախ՝ ամենթարմ դեպքի մասին: Մարտի 17-ին, ուշ գիշերին Աջափնյակում ծեծի էր ենթարկվել թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը):

Ըստ հրապարակումների` պատգամավորին ծեծի ենթարկողը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխավորած խումբը՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ: Միջադեպը սկսել էր նրանից, որ Արման Սահակյանի համար նախկինում աշխատած անձանցից մեկն այս խորհրդարանական ընտրություններին որոշել էր աջակցել Վահան Կարապետյանին, եւ երկու ուժերի միջեւ խոսակցությունները այն աստիճան էին թեժացել, որ բանը հասել էր ծեծին:

Հրապարակումից անմիջապես հետո երկու քաղաքական ուժերի գրասենյակները ժամանակ չկորցրին եւ մեկնաբանեցին կատարվածը: Ըստ ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամուլի ծառայության` տեղի ունեցածը աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ. «Տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում»:

Իսկ ահա ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը կատարվածը հաշվեհարդար է համարել՝ ասելով. «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմը այլեւս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին»:

Ի վերջո, գործը հասել էր «դիվան բաշուն»: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանությանը տեղի ունեցած միջադեպի մասով իրականացնել ստուգողական գործողություններ: Արդյունքում երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, երբ Վահան Կարապետյանը գտնվում էր իրեն պատկանող «Չերրի» ռեստորանում, նրան այցելել են ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները եւ Վահան Կարապետյանին հրավիրել ոստիկանություն:

Թեեւ ՀՀԿ-ն կատարվածում մեղադրել էր անձամբ Վահան Կարապետյանին, իսկ վերջինս էլ քթի շրջանում լուրջ վնասվածքներ էր ստացել, գործը այլ ընթացք ունեցավ:

Մոտ 5 ժամ ոստիկանությունում մնալուց հետո հայտնի դարձավ, որ Վահան Կարապետյանը իրավապահներին հայտնել է, որ քթի շրջանում վնասվածքը ստացել է ընկնելու արդյունքում: Չի բացառվում, որ Վահան Կարապետյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պայմանավորվածություն են ձեռք բերել պատմությունը փակված համարելու շուրջ, ինչի արդյունքում, փաստորեն, անպատժելիության հերթական դրսեւորմանը ականատես եղանք: Ինչպես ցույց են տալիս վերջին օրերի զարգացումները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում այսօրինակ դրսեւորումները տարբեր պատճառաբանություններով կոծկվում են: Վերհիշենք հերթով:

Բողոք չկա

2017 թվականի փետրվարի 24-ին ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի թեկնծուն է Արարատում, Մասիս քաղաքում նախընտրական շտաբ էր բացել: Նա իր շտաբը տեղակայել էր Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, ինչը դուր չէր եկել Մուրադյանին: Վերջինս որոշել էր պատժել նրան:

Ուղարկել էր իր թիմի տղաներին, որոնք մի քանի հոգով մտել էին Արայիկ Գրիգորյանի շտաբ, եւ դաժան ծեծի էին ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել Հակոբյանին, որը գլխի շրջանում ստացած մի շարք վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն սկսեց, սակայն մարտի 6-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի հիմքով որոշվեց քրեական գործ չհարուցել եւ այն կարճել՝ «բացակայում է դիմողի բողոքը» հիմնավորմամբ:

Ո՞վ է ասում, թե ծեծել են

Փետրվարի 26-ին հրապարակվել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին:

Իսկ պատճառը եղել էր այն, որ Փարպի գյուղի բնակիչ երկու եղբայրներ ասել էին, թե ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելու են ՀՅԴ-ի օգտին: Արդյունքում ՀՀԿ-ական թեկնածուի թիմակիցները Բազմասեր Առաքելյանի տուն էին հրավիրել Փարպիի բնակիչներին եւ ծեծել:

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր էին նախապատրաստվել, իսկ ավելի ուշ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետի հիմքով կարճվել` «բացակայում է հանցագործության դեպքը» հիմնավորմամբ:

Ձեռք ձեռքի տվեցին, հաշտվեցին

Մարտի 12-ին կրքերը թեժ էին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում: Այստեղ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Գետնին տապալված ոստիկանության աշխատակից Լեռնիկ Երանոսյանը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ էր արձակել: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր նրա ձեռքից խլել ատրճանակը: Արդյունքում Երանոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էր «Նաիրի» ԲԿ:

ՀՀ փոխոստիկանապետի եղբոր ծեծը չմնաց անպատիժ. մարտի 14-ին Ջրառատ համայնքի դպրոցականների միջեւ վիճաբանություն էր եղել, որին ավելի ուշ խառնվել էին նաեւ ծնողները եւ երկաթյա ձողերով ու այլ իրերով սկսել էին միմյանց ծեծել, ապա դարձյալ կրակոցներ էին հնչել: Արդյունքում՝ հիվանդանոց էին տեղափոխվել ազգականներ Արայիկ Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը եւ Մելիք Մելքոնյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 112-րդ (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել) 258-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք ձեռք բերել, իրացնել) հոդվածների հատկանիշներով: Եվ ահա դեպքից երեք օր անց՝ մարտի 16-ին հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, հայտարարել է, որ ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար եւ հաշտվել. «Մենք այսօրվանից ապրում ենք հաշտ-խաղաղ, ոչ մի բողոք չունենք, իրենք էլ չունեն, ձեռք ձեռքի ենք տվել, բարիշել ենք, մեզ արյուն պետք չէ»:

Սերժ Սարգսյանի հրահանգը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով այս միջադեպերի իրավական ընթացքին, ասաց, որ իրավապահների նմանօրինակ գործելաոճը համարում է կանխամտածված անգործություն, որը քաղաքական հրահանգի արդյունք է. «Այն է՝ ապրիլի 2-ի ընտրությունները անցկացնել գոնե արտաքուստ առանց լուրջ միջադեպերի, ազատ եւ արդար: Եվ Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ իրավապահ մարմինները, կոնկրետ նաեւ ոստիկանությունը, բոլոր այդ դեպքերը հնարավորինս կոծկեն:

Իսկ կոծկելու մեթոդը հետեւայն է. որպեսզի նյութերի նախապատրաստման ընթացքում չբացահայտվեն բոլոր միջադեպերի իրական դրդապատճառները, ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները անհեթեթ մեկնաբանություններով փորձում են միջադեպերը որակել որպես միջանձնային եւ քաղաքական գործընթացների հետ կապ չունեցող»:

Քնար Մանուկյան




Լրահոս