ԱՎՇԱՐԻ ԱՐԱՅԻԿԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես սպասվում էր՝ Մասիս քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկված թեկնածուների թիմակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը ունեցավ իր հանգուցալուծումը: ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Արայիկ Գրիգորյանի` Ավշարի Արայիկի հոխորտանքները մնացին օդից կախված:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 24-ին ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, Մասիս քաղաքում նախընտրական շտաբ էր բացել: Նա իր շտաբը տեղակայել էր Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, ինչը դուր չէր եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին: Բանն այն է` կուսակցությունում ներքին պայմանավորվածություն կար, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալեր: Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի եւ այսպես շարունակ:
Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին: Սակայն Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, երբ խախտել էր ներքին պայմանավորվածությունը եւ գնացել, Մասիս քաղաքում շտաբ էր բացել, այդ երեւույթը դժգոհություն էր հարուցել: Մուրադ Մուրադյանն էլ որոշել էր պատժել նրան: Ուղարկել էր իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել էին Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի էին ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել Հակոբյանին, որը գլխի շրջանում ստացած մի շարք վնասվածքներով տեղափոխվել էր Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այս հանգամանքը խիստ վրդովեցրել էր Արայիկ Գրիգորյանին եւ վերջինս Մասիսում հրապարակավ հայտարարել էր, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու մինչ Արայիկ Գրիգորյանը տղայական սկզբունքներով էր փորձում խնդրին լուծում տալ, փետրվարի 24-ին միջադեպի մասով ոստիկանությունում հետաքննություն սկսվեց:
Եվ ահա 10 օր անց` մարտի 6-ին, տեղի ունեցած միջադեպը ունեցավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի հիմքով քրեական գործ չի հարուցվել եւ այն կարճվել է. «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:
Ի դեպ, Արայիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, նշել էր, թե ինքը նման բան չի ասել, որ անձամբ է պատժելու իր թիմակցի ծեծողներին եւ հետո զարմացած էր, թե ինչ են քննում իրավապահները, եթե ծեծ չէր եղել: Սակայն իրավապահներն իրականում գործը կարճել են` բողոք չլինելու հիմքով: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանն իր շտաբի աշխատակցին հրահանգել է լռել: Չնայած որ ծեծվածը բազում վնասվածքներ է ստացել:
Սա նշանակում է, որ Արայիկ Գրիգորյանը հարմարվեց այն մտքի հետ, որ իր թիմակցին կարող են ծեծել եւ հետո գործը փակված համարել:
Ըստ էության, այս որոշումը զարմանալի չէր ոչ ոքի համար, քանի որ ծեծից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել էր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ եւ հրահանգել «կռիվ-դավի չանել»:
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Մասիսի միջադեպից հետո արձանագրված մյուս դեպքերին: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արտաշատի ՀՀԿ գրասենյակի տարածքում միմյանց ծեծել էին ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուներ Ալիկ Սարգսյանի եւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Ծեծկռտուքի ժամանակ հնչել էին նաեւ կրակոցներ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վեճը եղել է միմյանցից ձայներ խլելու պատճառով, սակայն ավելի ուշ հայտնեցին, թե վեճը անձնական խնդիրների պատճառով է եղել:
Դրանից առաջ` փետրվարի 26-ին էլ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ Փարպիում ծեծի էր ենթարկել համագյուղացիներից մեկին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է ՀՅԴ-ի օգտին քվեարկելու մասին: Ընդ որում, ծեծկռտուքը տեղի էր ունեցել հենց Բ. Առաքելյանի տանը, ուր հրավիրել էին ՀՅԴ կողմնակցին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ այս հանցանքները եւս քննության առարկա չեն դառնա: Քաղաքական հրահանգն այդպիսին է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԾԵԾԻ ԳԻՆԸ
2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնության գործով վճիռը հրապարակվեց:
2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը եւ բերման էին ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ Տաճատ Նորատունկյանը եւ Արթուր Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքից ապօրինաբար բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը: Այս պատմության մեջ ուշագրավը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի մասնակցությունն էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանության փոխգնդապետը Ազատության հրապարակում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին. նրանից խլել է ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ՝ Դ. Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ Ազատության հրապարակում խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքը. նրա ձեռքից խլել է «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս: Նկատենք, որ այս բոլոր գործողությունները փոխգնդապետ Փերիխանյանն իրականացրել է քաղաքացիական հագուստով:
Ոստիկանության աշխատակիցների գործը 2016թ. օգոստոսին ուղարկվել էր Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ շուրջ 7 ամիս տեւած քննությունից հետո հրապարակվեց այս գործով վճիռը, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցներ Տ. Նորատունկյանի, Ա. Այվազյանի, Կոստան Բուդաղյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 հազար դրամի չափով, իսկ Դ. Փերիխանյանի նկատմամբ պատիժ սահմանվեց 600 հազար դրամի չափով: Ի դեպ, վերջիններիս նկատմամբ որոշումը կայացվել է առանց իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնելու կամ ծառայելու իրավունքի զրկման: Ասել է, թե լրագրողների ծեծը արժեցավ 500-600 հազար դրամ: Բացի թվարկված լրագրողներից՝ էլի լրագրողներ կան, որոնք տուժել են հունիսի 23-ին: Հարուցված քրգործով 20 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ տուժող են ճանաչվել: Մյուսների մասով ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԵԼ Է
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հալաբյան փողոց մեկնած շտապօգնության խումբը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ 30-35 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպքի վայրի զննությամբ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձեւով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով: Պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանն է: Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով։

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻՉԻՆ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով նա տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
Երեկ տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է օպերատիվ շտաբի պետ, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նրա կողմից ըստ ոլորտների տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

 

ԵՐԿՈՒ ԴԻ
2017 թվականի մարտի 7-ին՝ ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի: Վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվող, 1964թ. ծնված Ա. Գրիգորյանի եւ 1975թ. ծնված Ա. Ավետիսյանի աճուկային շրջանում հայտնաբերվել են հետքեր, գտնվել են ներարկիչներ եւ տարբեր դեղամիջոցներ: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

 

 

 

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Մարտի 7-ին՝ ժամը 09:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակների տակ եւ մահացել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել խախտումները եւ մեքենան վարել բացառապես սթափ վիճակում:




Լրահոս