ՆԻԿՈՅԱՆՆ ՈՒ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՆԱՆ ԱԺ, ԻՍԿ ՄԱՐԱԲՅԱՆԸ` ԻՐԵՆՑ ՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ողջ թափով ընթանում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, հնչում են տարբեր խոստումներ եւ հայտարարություններ: Եվ հատկապես ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ու այս կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած խոստումները ստիպում են հայացք գցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների՝ նախորդ հինգ տարիների գործունեությանը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ պատգամավորներ Շուշան Պետրոսյանի, Մարինե Մարաբյանի եւ Սամվել Նիկոյանի օրենսդրական աշխատանքին:

Շուշան Պետրոսյանը նույնիսկ մինչեւ 2012թ. պատգամավոր դառնալն էր հանդես գալիս իշխանությունների պաշտպանությամբ: Այդ «մտերմությունը» հատկապես հանրային ուշադրությանն արժանացավ 2008թ. մարտի 1-ի շրջանում: Հիշենք, որ Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, որպես ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ վարչության աշխատակից, 2008թ. մարտի 1-ին դաժան ծեծի էր ենթարկել Գագիկ Շամշյանին: Նրա անվան հետ էին առնչվում նաեւ Երեւանում տաքսի ավտոմեքենայի վարորդի դաժան ծեծը, ոստիկանության 6-րդ վարչությունում նախկին զինդատախազ Գ. Ջահանգիրյանին ծեծի ենթարկելը եւ այլն: Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ արդարացրել է կատարվածը` հանդես գալով Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանությամբ եւ վերջինիս ընդդիմախոսների հասցեին պիտակավորումներով: Հիշարժան է նաեւ համացանցում նախորդ տարի արձանագրված դեպքը, երբ Շուշան Պետրոսյանը «պաշտպանում» էր հայկական բանակի ու այնժամ Պնախարար Սեյրան Օհանյանի պատիվը. «Ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ՝ աչքերդ կհանեմ»»,- սոցիալական ցանցի օգտատերերից մեկին սպառնացել էր պատգամավորը:
Խորհրդարանում Շուշան Պետրոսյանն այնքան էլ ակտիվ չի եղել նախորդ 5 տարիներին: Արդյունքում նույնիսկ նրա մոտ էր տպավորություն ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն իրենից այնքան էլ գոհ չէ: Մեկ ամիս առաջ Պետրոսյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ից առաջարկ չի ստացել: Նա չէր բացառել երկրին այլ տարբերակներով ծառայելը, եթե կրկին պատգամավոր չդառնա: Սակայն պարզվեց՝ Շուշան Պետրոսյանի նկատմամբ Սերժ Սարգսյանը անչափելիորեն բարի է, ինչի արդյունքում էլ Պետրոսյանն այսօր ՀՀԿ համամասնական ցուցակի 16-րդ համարն է: Իսկ 5-րդ գումարման ԱԺ-ում Պետրոսյանի գործունեության պատկերը հետեւյալն է. կողմ` 786, դեմ` 7, ձեռնպահ` 1: Այս ընթացքում հասցնելով բացակայել 112 նիստերից` պատգամավորը քվեարկություններից հրաժարվել է 57 անգամ: 1 անգամ ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից` Պետրոսյանը 5 անգամ էլ հանդես է եկել հարցապնդումներով:

ՀՀԿ-ի անհայտ պատգամավորներից է Մարինե Մարաբյանը, որը մանդատ է ստացել մեծամասնական ընտրակարգով թիվ 40 ընտրատարածքից: Մարաբյանը եղել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ, «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն եւ այլն: Մարաբյանը խորհրդարանում, կարելի է ասել, հայտնվել է «Գրանդ Քենդիի» սեփականատեր Միքայել Վարդանյանի փոխարեն: Ընտրվելիս Մարաբյանը համոզում էր, որ ԱԺ է գալիս հայրենական արտադրության եւ գյուղացիության շահերի պաշտպանությանը զորավիգ լինելու նպատակով: Նման հավակնություններով հանդերձ, սակայն, 5 տարվա մեջ Մարաբյանին խորհրդարանում չեն ճանաչում նույնիսկ նրա գործընկերները: Հատկապես հիշարժան է 2015թ. դեկտեմբերին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ պատահած միջադեպը, երբ վերջինս, չճանաչելով իր խմբակցության պատգամավորին, լրագրողներին հարցրել էր. «Էրեխեք, էս ո՞վ ա»: Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Մարաբյանը խորհրդարանում ամենահարուստ պատգամավորներից է: Ինչեւէ, 5 տարվա ընթացքում նա խորհրդարանում կողմ է քվեարկել 662 անգամ, դեմ` 7 եւ 3 անգամ էլ ձեռնպահ: Մարաբյանը բացակայել է 261 նիստերից, քվեարկություններից հրաժարվել 30 անգամ: Երբեւէ հարց չի բարձրացրել, ինչպես նաեւ չի մոտեցել ՀՀ ԱԺ ամբիոնին: Թերեւս նման պասիվ կեցվածքն է եղել պատճառը, որ Սերժ Սարգսյանը որոշել է Մարաբյանին այլեւս չընդգրկել ՀՀԿ-ի ցուցակում:

ՀՀԿ-ի մեկ այլ պասիվ պատգամավոր է Սամվել Նիկոյանը: Նա ԱԺ պատգամավոր է 2003 թվականից` մանդատ ստանալով ՀՀԿ համամասնական ցուցակով: Այս սխրանքը նա կրկնել է 2007 եւ 2012թթ.: 2011թ. դեկտեմբերի 6-ին, մոտ 6 ամսով` մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները, Նիկոյանն ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահ: Այդ զարմանահրաշ իրադարձությունը տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետեւանքով: 2012թ. խորհրդարանական ընտրություններում առոք-փառոք իրականություն դարձնելով ՀՀԿ-ի հաղթանակը` Հովիկ Աբրահամյանը վերադարձավ իր պաշտոնին, եւ Նիկոյանը կրկին զբաղեցրեց պատգամավորի իր տեղը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի կողմից Սամվել Նիկոյանին ԱԺ` փաստացիորեն ժամանակավոր խոսնակ դարձնելու որոշումը յուրօրինակ փոխհատուցում էր Նիկոյանի տքնաջան աշխատանքների համար, որոնք նա իրականացրեց 2008-2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Մասամբ նաեւ նրա շնորհիվ այս հանձնաժողովի աշխատանքը վերածվեց ծածկադմփոցի, որի արդյունքում ոչ միայն չպարզվեցին եղելության իրական հանգամանքները, այլեւ գործի հետաքննությունը վերածվեց ծաղրուծանակի: ԱԺ-ում Նիկոյանը կողմ է քվեարկել 902 անգամ, դեմ եղել 9 եւ մեկ անգամ էլ ձեռնպահ: Բացակայելով 36 անգամ` նա քվեարկությունից հրաժարվել է 15 անգամ: 1 անգամ հանդես գալով հարցապնդմամբ` Նիկոյանը ընդամենը 4 անգամ է ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից: Այնուամենայնիվ, նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ՝ ԿՆՈՋ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
Մարտի 7-ին՝ ժամը 14-ին, Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում կայացավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի ղեկավարների հանդիպում-հավաքը Նոյեմբերյան քաղաքի եւ այդ տարածաշրջանի բնակիչների հետ: ՕՐՕ դաշինքը մարտի 3-ին Նոյեմբերյանի համայնքապետարան էր դիմել՝ քաղաքի Ազատության հրապարակը հավաքի համար տրամադրելու համար: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքի Ազատության հրապարակում մարտի 7-ին հավաք անցկացնելու համար «Ծառուկյան» դաշինքը դիմել էր դեռեւս փետրվարի 27-ին, այդ իսկ պատճառով էլ այն հնարավոր չէր տրամադրել ՕՐՕ-ին: Նոյեմբերյանի զբոսայգու մուտքի մոտ 2 փոքր աղջիկներ աղուհացով դիմավորեցին Սեյրան Օհանյանին, ով համբուրեց փոքրիկներին: Հավաքին ներկա էր շուրջ 300-350 մարդ: Աչքի էին զարնում դաշինքի շարֆերով երիտասարդներն ու աղջիկները: Հավաքին շատ էին սահմանամերձ գյուղերի՝ Կոթիի, Ոսկեպարի, Ջուջեւանի բնակիչները: Այգում կառուցված հարթակին էին Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը եւ ՕՐՕ դաշինքի Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակում ընդգրկված սահմանամերձ Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանը: Վերջինս, սակայն, ելույթ չունեցավ: Ա. Մարտիրոսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը քննադատեցին Հայաստանի իշխանություններին, երկրում տիրող վիճակը: Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Օսկանյանը հորդորեցին ապրիլի 2-ին քվեարկել ընդդիմադիր ցանկացած ուժի օգտին, միայն ոչ՝ ՀՀԿ-ի: Ս. Օհանյանն ասաց, որ 25 տարի իշխանություն հանդիսացող քաղաքական ուժը լճանում է, ժողովուրդը հոգնում է նույն դեմքերից: Նա հայտարարեց, որ իշխանության գալու դեպքում իրենք զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու, նրանց սոցիալական պայմանները բարելավելու են: Օհանյանը նաեւ խոստացավ, որ իրենք իշխանության գալով մինչեւ 65 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսը 5 տարի ժամկետով ազատելու են բոլոր հարկերից: Իսկ ՕՐՕ դաշինքի նախընտրական բուկլետում նշված է մինչեւ 60 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսը բոլոր տեսակի հարկերից 5 տարով ազատելու մասին: Նոյեմբերյանից դաշինքի ղեկավարները մեծ ավտոբուսով մեկնեցին սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի կինը սերում է Կոթիից: Նաեւ հավելենք, որ պաշտպանության նախարար եղած տարիներին Ս. Օհանյանը օգնել է Կոթիի եւ Բարեկամավանի սոցիալական խնդիրների լուծմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՍՏԱՌ ՊՈԿԵԼԸ

Մարտի 7-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել «ԵԼՔ» դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա: Անհայտ անձինք պատառոտել եւ փչացրել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները:

Տեղի ունեցածի շուրջ բարձրացած աղմուկից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որով հիշեցրեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ հայտնելով, որ իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում այդ մասին կիրազեկվի ընտրական հանձնաժողովը, եւ նյութերն ուղարկվելու են ըստ ենթակայության:
Այսպիսով՝ երեկվա դրությամբ դեռ չէր հայտնաբերվել, թե ով է պոկել «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառները:




Լրահոս