«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» շարքը, որի շրջանակում հայ հանրության կողմից ճանաչված անձինք պատմում են այն մասին, թե ինչպես ստացվեց, որ իրենք դարձան հայտնի, պարզում ենք` որոնք են հայտնի լինելու դժվար կողմերը, եւ, հակառակը, այդ հանգամանքը ինչ դռներ է բացում մարդու առջեւ: Հանրային անձինք պատասխանում են` եթե երկրորդ անգամ հնարավորություն ընձեռվեր, արդյոք կրկին կընտրեին նույն ուղին: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Հարություն Մովսիսյանն է:
««Կտոր մը երկինք»-ից հետո զգացի, թե ինչ բան է մեծ
պոպուլյարությունը»
Երբ թատերական ինստիտուտում խաղացի իմ ավարտական ներկայացման մեջ` Գոգոլի «Ռեւիզորում» (Խլեստյակով), արդեն ճանաչում էի վայելում ժողովրդի կողմից, բայց 1980 թվականին` «Կտոր մը երկինք» ֆիլմի պրեմիերայից հետո, ես զգացի, թե ինչ բան է մեծ պոպուլյարությունը, եւ այդ երեւույթն ինձ համար դարձավ սովորական: Նույնիսկ Մոսկվայում ինձ մոտենում էին, ասում էին. «Դուք հրաշալի եք խաղացել «կՏքպփՌվՈ» ֆիլմում: Զավեշտալին գիտե՞ք որն էր. ես չգիտեի, որ «Կտոր մը երկինք» ֆիլմի անունը «կՏքպփՌվՈ» են թարգմանել, ասում էի. «Կներեք, ես իսկապես դերասան եմ, բայց դուք, հավանաբար, ինձ շփոթել եք մեկ ուրիշի հետ, ես այդ անունով ֆիլմում չեմ խաղացել» (ծիծաղում է): Ինձ առաջարկում էին տանել, ռեստորանում պատիվ տալ, հրաժարվում էի, ասում էի. «Ես ուրիշի անվան տակ ուրիշի հացը չեմ ուտի»: Հետո իմացա, որ ի՞նչ ուրիշ մարդ, էդ մարդիկ իսկապես ինձ էին ուզում պատիվ անել (ծիծաղում է):
«Ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ»
Ինձ միշտ ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ: Բայց այդպես չէ: Ես 20 տարեկան տղա էի, երբ Հայաստանում ինձ արդեն ճանաչում էին: Երբեւէ ինչ-որ բան ցույց տալու, ապացուցելու խնդիր չեմ ունեցել: Ես արդեն սովոր եմ, որ պետք է վազեն, մոտենան ինձ, խնդրեն նկարվել: Այդ ժամանակ մտքիս մեջ ծիծաղում եմ ու ինքս ինձ ասում եմ. «Դե, կապիկի պես ժպտա»:
Սիրում է նույնիսկ թշնամիներին
Մեր ոլորտում նախանձություն եմ նկատում: Էդ նախանձներն էլ, էդ անշնորհքները այնքան միասնական են, այնքան շուտ են ընկերանում: Երբեք չեմ տեսել, որ տաղանդավորներն այդպես միասնական լինեն: Ո՞նց է այդպես պատահում: Բայց ես բոլորին սիրում եմ, փաթաթվում եմ նույնիսկ իմ թշնամիներին: Նրանք ապշած ինձ են նայում, մտածում են. «Մի՞թե չի հասկացել, որ իրեն ատում եմ»: Բայց ես ուզում եմ այդ մարդիկ հասկանան, որ ես ո՛չ մտադրվել եմ, ո՛չ էլ կարող եմ իրենց վնասել: Հիմա մեղավո՞ր եմ, որ իրենցից տաղանդավոր եմ: Դրա համար պետք է ինձ սպանեն, ոչնչացնեն, իմ հետեւից չարախոսե՞ն: Ախր, մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են, գոնե մեջը փող լիներ, ասեի` հա:
«Լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում»
Հանրային մարդ լինելու ամենադժվար կողմը համեստություն դրսեւորելն ու հանգստություն պահպանելն է ցանկացած իրավիճակում: Նորմալ երկրներում դերասանները կամ այլ մասնագիտություն ունեցող անձինք, եթե իրենց ոլորտի ինչ-որ խնդրից դժգոհ են լինում, բունտ են անում, բողոքի ալիք է բարձրանում: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է գլուխդ կախես, քո գործն անես: Ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք իմ ազգի հետ կապ չունեն: Նրանց բացարձակ ձեռնտու չէ բարձր մշակույթ ունենալը: Մարդուն լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում: Ինձ ինչ դեր կտան, կխաղամ, այդքան բան: Ի՞նչ անեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Ես դերասան եմ: Ուրիշ բան, որ քաղաքական գործիչ լինեի, կարողանայի իրավիճակ փոխել: Գուցե սխալվում եմ, չգիտեմ:
«Կցանկանայի լինել դերձակ կամ կոշկակար»
Եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, երբեք չէի ուզենա հայտնի լինել: Կցանկանայի լավ արհեստավոր լինել` դերձակ, կոշկակար, թե չէ` ի՞նչ դերասան, ի՞նչ ծափահարություններ, այդ ի՞նչ կոշմար է…
«OUTDANCE». ՆՈՐ ՊԱՐԱՅԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՍԻԹՔՈՄ
Մարտի 6-ին «Շանթ Պրեմիում»-ի եթերում հեռուստադիտողների դատին հանձնվեց նոր, գունեղ «Outdance» պարային սիթքոմը: Մի շարք սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանը մարմնավորում է պարող ուսանողներից մեկին: Լիան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով սիթքոմի առանձնահատկությունների մասին, նշեց, որ հայկական հեռուստաշուկայում նման ժանրի հումորային սերիալ չկա. ««Outdance»-ում ներկայանում են տարբեր ոճերի պրոֆեսիոնալ պարողներ եւ արդեն իսկ ճանաչում ունեցող դերասաններ»:
Նա շեշտեց, որ թեեւ ինքը պրոֆեսիոնալ պարուհի չէ, ինտենսիվորեն աշխատում է, մարզվում, որպեսզի գրագետ աշխատանքով ներկայանա հեռուստադիտողին. «Ինձ համար դժվար չէ դա անելը, քանի որ պարային արվեստը մոտ է դերասանականին: Դերասանուհին, ըստ իս, պետք է ճկուն լինի եւ պատրաստ մարմնավորել ցանկացած կերպար, մի օր պարուհու, մյուս օրը սպորտսմենուհու եւ այդպես շարունակ: Մի խոսքով` դերասանուհին` իր ֆիզիկական պատրաստվածությամբ եւ հոգեկան վիճակով, պետք է պատրաստ լինի ցանկացած փոփոխության: Իմ բախտը բերել է գործընկերների հարցում. նրանք շատ են օգնում ինձ մասնագիտական առումով»:
Հարցին, թե արդյոք մարմնավորած կերպարը կապ ունի իր էության հետ, Լիան պատասխանեց. «Նմանություն ունի այնքանով, որ ես էլ եմ շատ ակտիվ, արկածախնդիր, նպատակասլաց ու, կարեւորը, ես էլ եմ ուսանողուհի եւ շատ եմ սիրում պարել»:
Մենք հետաքրքրվեցինք` կան արդյոք այլ նախագծեր, որոնց շրջանակներում Լիան ընդգրկված է. «Ներկա պահին ամբողջությամբ նվիրվել եմ սիթքոմին, որպեսզի արդարացնեմ մարդկանց սպասելիքները»,-ասաց նա:
Հավելենք, որ «Outdance»-ի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, սցենարի հեղինակն է Անդրանիկ Իսահակյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: Բացի Լիայից` նախագծում ընդգրկված են նաեւ «Մեծ Հայք» խմբի Նարեկը, Սոնա Մուրադյանը, Սոնա Մաթեւոսյանը, Անդրանիկ Անտոնյանը, ինչպես նաեւ` պրոֆեսիոնալ պարողներ Դավիթ Գրիգորյանը, Մերի Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սեդա Սարգսյանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպությունից` ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ինչպես նշել է կազմակերպության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն, 2016 թվականի գարնանը մրցույթի ժամանակ տեսել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումը եւ տպավորվել: Ըստ նրա՝ ճապոնական երգերը կհնչեն եւ կտարածվեն ամբողջ աշխարհով երգչախմբի կատարմամբ:
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ` ՀԱՅՏՆԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին մասնակցել է «Օուշենի 8 ընկերները» (Ocean՚s Eight) ֆիլմի նկարահանումներին: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ ֆիլմի նկարահանումները, որոնք ղեկավարում է ռեժիսոր Գարի Ռոսը, ընթանում են Նյու Յորքում` Մետրոպոլիտեն թանգարանի տարածքում:
Հիշեցնենք, որ Քարդաշյանն արդեն 2-րդ անգամ է մասնակցում այս ֆիլմի նկարահանումներին:
Կինոնախագծում ընդգրկված են նաեւ Ռիհանան, Սանդրա Բալոքը, Քեյթ Բլանշետը, Հելենա Բոհեմ Քարտերը, Էն Հեթուեյը, Ադրիանա Լիման, Աննա Վինտուրն ու երգիչ Զեյն Մալիքը:
«Օուշենի 8 ընկերները» պատմում է խոշոր չափերի կողոպուտ նախապատրաստող 8 կանանց մասին:
ՍԹՐԻՓՆ ՈՒ ՀԵՆՔՍԸ` ՄԻԱՍԻՆ
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը առաջին անգամ միասին կներկայանան էկրանին` Սթիվեն Սփիլբերգի նոր դրամայում։ «The Post» ֆիլմում նրանք կմարմնավորեն «Washington Post»-ի անձնակազմի անդամների, որոնք պետք է բացահայտեն Պենտագոնի՝ 1971 թվականի աշխատանքները։
Սթրիփը հանդես է գալու որպես Post-ի հրատարակիչ Քեթրին Գրահամ, ով աշխատում է Հենքսի մարմնավորած Բենջամին Բրեդլիի հետ: Նրանք պայքարելու են իրենց կողմից ձեռք բերված փաստաթղթերը հրապարակելու համար։
Այսպիսով` աստղերը իրենց կատարած աշխատանքի միջոցով կփորձեն ցույց տալ լրագրությամբ զբաղվողների հերոսական կողմերը: