ՀԱՆԻՐԱՎԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով առաջացած համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում, եւ, ընդհանրապես, քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական բացթողումներով, արդյունքում` դատարանում մեղադրանքը պարզապես փլուզվում է, եւ հաճախ դատավորներն արդարացման դատավճիռներ են արձակում: Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է նաեւ դատախազներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկողություն սահմանել նախաքննության նկատմամբ, եւ զգուշացրել, որ նմանօրինակ դեպքեր կրկնվելուց դատախազները պատասխան են տալու:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել: Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, եւ բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար: Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն է դիմել այն բանից հետո, երբ պարզվել է, որ բանտարկյալների մեծ մասն ամենեւին էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին: Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ: Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞: Ամեն մարդ իրա գործն է անում: Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ուսադիր կրող մարդ եմ»: Հարցին` ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետեւաբար` իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք: Ինքը իրա գործն ա անում, ես` իմ, տաքսու վարորդն էլ` իրա»:

 

 

 
ՀՀԿ երիտասարդական թեւի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի եւ 40 հազար դոլարի նվիրատվություն: Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ` մի մասը աշխատավարձի, մի մասը` «այլ եկամուտների», մի մասն էլ` ստացված փոխառությունների եւ այդ նվիրատվությունների տեսքով: ՀՀԿ երիտթեւի առաջնորդը նաեւ հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով: Իսկ ահա շարժական գույքի մասին որեւէ տեղեկատվություն նշված չէ: Նշենք, որ Կ. Ավագյանի կինը` Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

 
Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել: Մասնագետների գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները, որոնց ներկրողները, զարմանալի զուգադիպությամբ, այս ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով` բանան, շաքարավազ, բենզին, շոկոլադ եւ այլն: Ասել է, թե իշխանություններն ապրիլի 2-ին բաժանվելիք ընտրակաշառքի գումարը հավաքում են ընտրություններից առաջ, մինչդեռ նախկինում հակառակն էր. ընտրությունների օրը բաժանում էին ընտրակաշառքը եւ միայն դրան հաջորդող օրվանից էին թանկացնում գները: Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, թե գնաճն իր համար զարմանալի է այնքանով, որ զուտ տնտեսագիտական առումով թանկացման հիմք չկա: Փոխարենը, նրա կարծիքով, պատճառն ընտրություններն են:

 

 

 
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել գործարարների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների եւ տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների միջեւ: Եվ ահա այս կազմակերպության անդամների առջեւ Ս. Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով այն բոլոր «ձեռքբերումները», որոնք արձանագրել է ՀՀ-ի տնտեսությունը անցած 25 տարիներին եւ իր իշխանավարման շրջանում: «Դուինգ բիզնեսի» վարկանիշից մինչեւ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշի ներկայացում, որի նպատակն էր ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարներին ցույց տալ, թե որքան խոստումնալից ներդրումային միջավայր ունի Հայաստանը, թե ինչ հեռանկարներ են այստեղ բացվում ֆրանսիական կապիտալի համար: Դրան զուգահեռ՝ Ս. Սարգսյանը նաեւ նշել է կատարված «Քաղաքական բարեփոխումները»՝ այս ողջ վարդագույն պատկերը համեմելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ՝ 170 միլիոնանոց, ինչպես նաեւ հարեւան Իրանի 80 միլիոնանոց շուկայի դռները բացելու առաջարկով:
«Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել ՀՀ-ում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում՝ իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները»,-իր ելույթն ամփոփել է Սերժ Սարգսյանը: Անշուշտ, որեւէ երկրի առաջնորդ իր երկիրը պիտի հնարավորինս գովի եւ փորձի այն ներկայացնել առավելագույնս գայթակղիչ գույներով՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Սակայն ժամանակակից աշխարհում այդ բոլոր խոստումների իրավացիությունը փորձելը ընդամենը րոպեների հարց է: Բավարար է ծանոթանալ տվյալ երկրի դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների գերակայության վերաբերյալ միջազգային զեկույցներին: Բայց դրանից առավել՝ կոնկրետ ֆրանսիացի որեւէ գործարարի համար, ով կարող էր մտածել ՀՀ-ում ներդրումներ անելու մասին, ամենակարեւոր ցուցիչը լինելու է այն, թե ինչպիսի ճակատագրի են արժանացել այն ֆրանսիական ընկերությունները, որոնք արդեն իսկ ներդրումներ են կատարել ՀՀ-ում:
Իսկ այս հարցում ՀՀ-ի ղեկավարի ներկայացրած վարդագույն պատկերն ու ֆրանսիական ընկերությունների հավաստելիք իրականությունը տրամագծորեն հակառակն են լինելու: Բավական է հիշել, թե ինչպես տասնյակ միլիոնավոր եվրոների ներդրումներ կատարած «Օրանժ» ընկերությունը հեռացավ ՀՀ-ից, եւ ինչպես տարիներ շարունակ տարբեր ճանապարհներով խոչընդոտվեց մեկ այլ ֆրանսիական ընկերության՝ «Քարֆուրի» մուտքը Հայաստան, որն, ի վերջո, այստեղ հաստատվելուց հետո՝ ստիպված եղավ իր գործունեությունը հարմարեցնել ՀՀ-ի գաղջ գործարար միջավայրի օրենքներին:




Լրահոս