ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՏԵՍԻԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ դատի անբաժան մասն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»,- սա մեջբերում է իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրից:

Իհարկե, դաշնակցականներից այլ մոտեցում դժվար էր ակնկալել: Ի վերջո, Հայ դատը վաղուց ի վեր դարձրել են քաղաքական բիզնես: Իսկ թե հայդատականության անվան տակ դաշնակ ընկերների վարած քաղաքականությունն ինչ տխուր հետեւանքներ է ունեցել, բավական է թերթել հայոց պատմության 20-րդ դարասկզբի էջերը:
Կարճ հիշեցում. դաշնակները, 1918թ. ստանձնելով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը, իրենց հայդատական քաղաքականության արդյունքում հասան նրա աներեւակայելի ձախողման. երկուսուկես տարի անց ստորագրեցին մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց պարզվում է` հարյուր տարի առաջ կատարվածն այդպես էլ դաս չեղավ դաշնակների համար, եւ հիմա նրանք նույն փորձանքն են ուզում կրկնել:
Հիմա այն մասին, թե ինչո՞ւ է ԼՂ խնդրում դաշնակների առաջարկած տարբերակը` Հայաստանի վերամիավորման գաղափարը, վտանգավոր: Ինչպես հայտնի է` հայկական կողմը արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում շեշտը դնում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, իսկ Ադրբեջանը պահանջում է, որ հարցը լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Ու հիմա, երբ դաշնակները պնդում են, թե «Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ», համաձայնում են փոխել հիմնախնդրի կարգավորման ողջ փիլիսոփայությունն ու հարցը դիտարկել Բաքվին ձեռնտու ելակետից` տարածքային ամբողջականության սկզբունքից՝ խնդիրը վերաձեւակերպելով որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Սա, համաձայնեք, բավական վտանգավոր է: Ի վերջո, իզուր չէ, որ 1989թ., երբ ՀՀ գերագույն խորհուրդն ու ԼՂԻՄ ազգային խորհուրդը որոշում ընդունեցին միավորման մասին, բայց երկու տարի անց Ղարաբաղում անցկացվեց անկախության հանրաքվե, եւ ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն, իսկ միջազգային փաստաթղթերում Արցախն ամրագրվեց որպես հակամարտության առանձին կողմ:
Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե իրենց մոտ ո՞ր տեսակետն է գերակշռող` լինել միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն, թե Հայաստանի մաս կազմել:
-Կարծում եմ` նույնիսկ լինելով անկախ պետություն՝ մենք ունենք ընդհանուր հայրենիք: Այստեղ որեւէ սկզբունքային տարբերություն չպետք է դնել: Այո՛, մենք անկախ պետություն ենք, երկու հայկական պետություններ ենք` Մայր Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը, բայց ունենք մեկ հայրենիք:
-Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկն իր նախընտրական ծրագրում մատնանշել է ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու դրույթ, իսկ անկախ կարգավիճակը ժամանակավոր լուծում է:
-Դա ցույց կտա ժամանակը: Դուք գիտեք, որ շարժումը սկսվել է վերամիավորման պահանջով, բայց հետո հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաեւ առկա իրավիճակը, միջազգային աշխարհաքաղաքական կանոնները, մոտեցումները՝ ընդունվել է որոշում, որը միջազգային հանրության համար ավելի ընկալելի է, ավելի հարմար: Մեզ համար կարեւորը երբեւէ չլինել Ադրբեջանի մաս: Սա է մեր ամենամեծ վտանգը: Իսկ անկախ պետություն, թե Հայաստանի մաս, ցույց կտա ժամանակը:
-Տեսակետ կա, որ անկախ պետականության համար պայքարն ավելի է ամրապնդում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը, մինչդեռ Հայաստանին միավորվելու դեպքում դա կդիտվի զուտ հողային պահանջ:
-Ինքնորոշման իրավունքի տեսակետից բնական է: Դուք գիտեք, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքի վեճ, ինչն այդպես չէ: Իմիջիայլոց, Հայաստանին Արցախի միավորումը եւս ազգերի ինքնորոշում է, բայց միջազգային հանրությունը նման երեւույթների նկատմամբ այլկերպ է տրամադրված, եւ այդ դեպքում դժվար հասանելի պրոցես է: Իսկ այս տարբերությունը թույլ է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել երկիրը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՇԱՆՏԱԺ
Սերժ Սարգսյանը «Ֆրանս-Պրես» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրում տիրող իրավիճակին` ասելով. «Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»: Նա պնդել է, որ Իլհամ Ալիեւը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը: «Ալիեւն ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ՝ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում»: Միաժամանակ, ըստ Սարգսյանի. «ՀՀ-ում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ, զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը»:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Վերջին օրերին կտրուկ թանկացումներ արձանագրվել է հրուշակեղենի շուկայում: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ թանկացել են «Մարս», «Սնիկերս», «Թվիքս» շոկոլադե սալիկները. դրանք նախ՝ վաճառվում էին 190 դրամով, բայց թանկացավ 10 դրամով, ապա՝ կարճ ժամանակահատվածում 200 դրամից կրկին թանկացավ՝ դառնալով 220 դրամ: Ի դեպ, նշված կոնֆետները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա-Ս» ընկերությունը: Փորձը ցույց է տվել, որ ընտրություններից հետո գործարար-պատգամավորները բարձրացնում են իրենց ընկերությունների ապրանքների գները՝ բաժանված գումարները այս ճանապարհով հետ բերելու համար: Տեսակետ կա, որ Արկադի Համբարձումյանն էլ այս անգամ առաջ է ընկել եւ նախընտրական շրջանում է բաժանվելիք փողը կուտակում: Մինչ այդ, տեղեկացանք, որ «Դերժավա-Ս» ընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ թանկացումները պայմանավորված են կակաոյի համաշխարհային գների բարձրացմամբ եւ ռուսական ռուբլու կուրսի անկայունությամբ:

 

 

ԴԵՂ ՉԿԱ
Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս: Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը: Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը: Նշենք, որ ինդոմետացինը հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այն այլեւս չի արտադրվելու: Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն է ավարտվել, եւ ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով:

 

 
ՈՉԻՆՉ ՉԵՆ ԽՆԱՅԻ
Երեկ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Ելք» դաշինքը իրականացնում էր հերթական քարոզչական հանդիպումը քաղաքացիների հետ: Դեռեւս միջոցառման մեկնարկից առաջ հրապարակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր եկել էին սատարելու այս քաղաքական ուժին: «Ելք» դաշինքի ցուցակն առաջնորդող Էդմոն Մարուքյանը նշեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի եւ յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ կա հայկական պետականություն. «Վերջիվերջո, մենք ունենք պետություն, եւ այդ պետության համար որեւէ բան չենք խնայի»: Դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն էլ նկատեց, որ երկար տարիներ «Ելք» դաշինքի անդամները եղել են ժողովրդի կողքին եւ կարողացել են ապացուցել, որ իրենց սկզբունքներից չեն հեռանում. «Մենք չենք լքել ձեզ, սիրելի՛ ժողովուրդ, դաժան օրերին, ցրտին, ձմռանը, մարտի 8-ին»: Իսկ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իշխանություններին եւ նրանց կողմից իրականացվող քարոզարշավի ընթացքին: Վերջինս նշեց. «Մինչ Ադրբեջանը իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր բարձրագույն ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն ասում է՝ մենք կործանիչ ավիացիա չունենք, եւ անկախության շքահանդեսին բերում ինքնաթիռներ է ցուցադրում` այդպիսով կասկածի տակ դնելով այդ զորահանդեսի իրականությունը: Բա ինչո՞վ եք զբաղված եղել 25 տարի»:

 

 

 

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցությունից եւ Ազգային ժողովի համանուն խմբակցությունից վերջերս դուրս եկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի խումբ համակիր քաղաքացիների հետ նախաձեռնում է պլատֆորմ՝ հետագայում կուսակցություն ստեղծելու նպատակով: Այդ մասին Փոստանջյանը հայտարարել է երեկ հրավիրած ասուլիսում: Պատգամավորի փոխանցմամբ՝ հիմնադիր համագումարը տեղի է ունենալու մարտի 15-ին: Փոստանջյանի ներկայացմամբ՝ նոր կուսակցությունը ֆինանսավորվելու է սփյուռքի հայրենակիցների միջոցներով: Իսկ պլատֆորմի հիմնական թիրախը լինելու են Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը:

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 7-9-ը ուսումնասիրում է, թե ինչպես են Հայաստանը եւ Ադրբեջանը կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության հակամարտությանը վերաբերող «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով: Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն՝ նախարարների կոմիտեի որոշումները կհրապարակվեն ուրբաթ օրը: Նշենք, որ այս երկու գործերն էլ վերաբերում են Արցախի Հանրապետության հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց սեփականության իրավունքի վերականգնման եւ փոխհատուցման խնդրին:




Լրահոս