Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ մի շարք բանտապետեր սկսել են կալանավորների վրա տարբեր կերպ ազդել, որպեսզի ՀՀԿ-ի համար ձայներ հավաքեն: Ավելին՝ ՔԿՀ-ներում լուրեր են տարածվել, որ պետերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է հենց ՀՀԿ օգտին ստացած ձայներից:
Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միեւնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Լուրեր կան, որ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը: Նրանք էլ շահագրգռված են, որ ՀՀԿ-ի օգտին շատ ձայն հավաքեն, որպեսզի հեշտությամբ հարցեր լուծեն:
Նկատենք, որ քրեակատարողական հիմնարկները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, Դուք ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու համար «զոն նայողների» ե՞ք դիմել:
-Դուք գրում եք, Դուք էլ հետո շարունակում եք թեման: Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ: Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞: Ամեն մարդ իրա գործն է անում: Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ: Ես ուսադիր կրող մարդ եմ:
-Կալանավորները Ձեր դեմ են դուրս եկել եւ ասել են, որ ՀՀԿ-ին ձայն չեն տալու:
-Ես ոչ մի խնդիր չունեմ: Ես միշտ իմ գործն եմ արել: Այլ բան է, թե ով ինչ է գրել միշտ: Եթե գոնե մի քիչ իրականությանը մոտ բան գրեք, կասենք՝ լավ: Բան ու գործ չունեմ, ես պիտի ընկնեմ կալանավորներին խնդրեմ, ասեմ՝ սրան ընտրեք: Ում ուզում են, թող ընտրեն:
-Արդարադատության նախարարը ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է, տեղեկություններ կան, որ ՔԿՀ պետերը շահագրգռված են ՀՀԿ-ի օգտին շատ ձայն բերել:
-Ի՞նչ անեք: Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա: Նախարարը մնացել է կալանավորի խնդրի՞ն: Ինձ դրա մեջ մի՛ ներքաշեք: Ամոթ ա, էլի, հերիք ա: Ես իմ գործառույթն ունեմ:
-Այսինքն՝ այս հարցի շուրջ արդարադատության նախարարի հետ հանդիպում չի՞ եղել, նախարարը չի՞ ասել, թե որտեղից ինչքան ձայն պետք է բերվի:
-Ո՛չ, երբեք: Ինչի՞ց եք վերցրել: Կոֆեի բաժա՞կ եք նայում, չեմ հասկանում: Ինձ որ ստիպեն, Դուք ավելի շուտ կիմանաք: Դուք որոշում եք, պատժում եք, գրում եք, ջնջում եք, հանում եք, դնում եք: Գրեք, էլի… ոնց գրում եք, էդպես էլ լինում է:
-Այդ դեպքում ո՞վ է երաշխավորելու, որ կալանավորին չեն ստիպի, չեն ուղղորդի, եւ նրանք ազատ կմասնակցեն ընտրություններին:
-Ոչ մեկ էլ չի երաշխավորում: Դիտորդները գալիս են, տեսնում են: Մարդը գնում, ընտրում ա: Ոչ մեկն էլ ուրիշի փոխարեն ո՛չ քվեաթերթիկ է լրացնելու, ո՛չ էլ քվեատուփին է մոտենալու:
-«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են, որ չեն թողնում՝ իրենց նամակները ՔԿՀ-ից դուրս գան, որ հասնեն համապատասխան մարմիններին, եւ իրենց խնդիրներին լուծում տան:
-Մի հոգու անուն կտա՞ք, որ բողոքում է:
-Մենք գրեցինք դատապարտյալ Արամ Պետրոսյանի մասին: Իր խցում խողովակի հետ կապված խնդիր էր առաջացել, կոյուղաջրեր էին լցվել:
-Նա դիմում է գրել, ուղարկվել է: Խցում էլ ոչ մի խնդիր չունի: Խուցը վերանորոգված է: Ինքն էլ էդ խցում է:
-Դատապարտյալը հերթական անգամ ահազանգել է, որ իր խնդիրներին լուծում չեն տալիս:
-Իր խուցը ոչ մի բանով չի տարբերվում մյուս բոլոր խցերից: Դրա համար դիտորդներ կան, վերստուգիչ մարմիններ կան. Բոլորը գալիս են, նայում են: Մենք մեր գործն ենք անում: Փչացածը նորոգում ենք, վերանորոգում ենք, ըտենց մարդ չկա, որի խցում խնդիր կա, ու մենք չենք լուծում ու սպասում ենք, որ թերթը պիտի արձագանքի: Սո՛ւտ է: Չկա տենց բան: Մինչեւ ձեր գրելը, մենք խնդրին արձագանքել ենք: Ինքը դիտավորյալ նորից վնասել է: Նորից ենք սարքել: Ինքն էլ է գրել, որ խնդիրը լուծված է: Բայց հիմա չեն ուզում, որ տենց բան լինի, ուրիշ բան են ուզում: Հիմա չի ուզում լինի ծովի թագուհի, ուզում ա լինի դիցուհի: Իսկ միգուցե ուրի՞շ բան է ուզում:
-Դատապարտյալները նշում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանը Ձեզ հետ ազգակցական կապ ունի եւ դատապարտյալների հետ վատ է վարվում:
-Ու ավելի հոգածություն են տեսնում բոլոր դատապարտյալները, քան մենք հասցնում ենք էդքան հոգանք մեր ընտանիքի անդամների մասին: Սա ես պաշտոնապես հայտարարում եմ: Եկեք, աչքներովդ տեսեք, հետո գրեք:
«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյան
-Պարո՛ն Բուլղադարյան, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակն է գլխավորում, տեղեկություններ կան, որ ՔԿՀ պետերին հանձնարարվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքել, այլապես իրեն պաշտոնավարման հարցն է դրված:
-Մեզ չեն ասել ուղղորդել, իրենց գործն է՝ ում ուզում են, թող ընտրեն: Ամենայն ազնվությամբ նման բան չկա, ով ում ուզում է, թող ընտրի:
-Վստահեցնո՞ւմ եք, որ նախարարը չի հանդիպել, ընտրությունների մասով չի խոսել, չէ՞, ազնվությամբ նման բան չի եղել: Կոնկրետ «Հրազդան» ՔԿՀ-ում ո՞վ է երաշխավորում, որ կալանավորը անկաշկանդ ընտրի նրան, ում ցանկանում է:
-Դա իրենց իրավունքն է, ով ուզում է, թող իջնի, նայի, դրսից կամիսյա էլ է լինելու, ուղղորդվածություն չկա, նման բան չկա, հարյուր տոկոս ասում եմ՝ նման բան չկա:
-Իսկ մեկ ամիս անց վստա՞հ եք, որ Ձեր ՔԿՀ պետի պաշտոնավարման հարցը չի բարձրաձայնվի:
-Վա՛յ, լավ էլի:
«Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյան
-Պարո՛ն Մկրտչյան, Ձեզ ասե՞լ են՝ քանի ձայն պետք է բերեք ՀՀԿ-ի օգտին:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
-Ուզեք-չուզեք՝ զբաղվելու եք, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀԿ ցուցակն է գլխավորում, եւ Ձեզ էլ են ներքաշել ընտրական գործընթացների մեջ:
-Նորից եմ կրկնում՝ մենք քաղաքական հարցերով չենք զբաղվում, եւ մեզ արգելված է շտաբի կամ որեւէ այլ աշխատանք տանել: Այդ հարցերով մեզ մի՛ զանգեք, զանգե՛ք լրատվական բաժին:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԴԱՏԱԽԱԶԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉՄԻՋԱՄՏԵԼ
Շուրջ 8 ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Արթուր Դավթյանը մարտի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունում առաջին անգամ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կոլեգիայի նիստ անցկացրեց, որը բավականին թեժ ընթացք է ունեցել:
Թեեւ պաշտոնական հաղորդագրությունն այդ մասին ոչինչ չհայտնեց, միայն տեղեկացրին, որ նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Զեկույցով հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, ով ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության գործունեությունը: Արձանագրվել էր, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել դրական ցուցանիշների կայուն աճ: Անդրադարձ էր եղել նաեւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերին:
ՀՀ դատախազությունում անցկացված կոլեգիայի նիստի մասին «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ գլխավոր դատախազը բարձրաձայնել է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյացել են հատկապես իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետեւանքով: Մասնավորապես Արթուր Դավթյանը բարձրաձայնել է, որ նախաքննության փուլում քննիչները ապացույցները լավ չեն հետազոտում, ինչը հետագայում իրենց մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում: Մասնավորապես Արթուր Դավթյանին մտահոգել է նաեւ այն փաստը, ով պետք է պատասխան տա, երբ մի շարք քրեական գործեր գնում են դատարան, եւ արդարացման վճիռներ են հրապարակվում: Նա ստեղծված իրավիճակում տեսել է նաեւ դատախազների թերացման խնդիրը եւ նշել, որ նմանօրինակ թերացման ու բացթողման դեպքում ներում չի լինելու, եւ անարդյունավետ աշխատանքի համար դատախազների պատասխանատվության հարցը եւս բարձրացվելու է:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինների հնարավոր միջամտությանը: ՀՀ գլխավոր դատախազը հորդորել է գործել օրենքի տառին համապատասխան, մոռանալ բարեկամ-ծանոթ կարգավիճակը եւ գործը կոծկելու հնարավոր դրսեւորումներ ցուցաբերելը: Ըստ նրա՝ նմանօրինակ դեպքերը անպատիժ չեն մնալու:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ՝ պաշտպանական կողմը ծանոթացել էր քրեական գործի նյութերին, որից հետո մի շարք միջնորդություններ էր ներկայացրել, սակայն դրանք մերժվել էին: Այնուհետեւ գործն ուղարկվել էր հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, սակայն վերջինս քննիչին հանձնարարել է վերսկսել նախաքննությունը՝ հրատապ քննչական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: «Նախաքննության ավարտ հայտարարելուց հետո նորից պետք է ծանոթանանք գործի նյութերին, որից հետո այն կրկին կուղարկվի դատախազություն»,- ասել է Հայրապետյանը: Ըստ նրա՝ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների մասով քրեական գործը, ըստ ամենայնի, դատարան կգնա մայիսին: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով: Հենց այս պատահարից մեկ ամիս անց Սէֆիլյանին մեղադրանք առաջադրվեց:
500 ԿՐԱԿՈՑ
Մարտի 7-ին եւ լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: