ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ԹԱՆԿԱՑՆԵԼԸ ՈՐՊԵՍ ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ՔԱՅԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին աճել են պարենային ապրանքների գները: Ըստ ԱՎԾ-ի՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 2.5 տոկոս: Հիմնականում թանկացել են միրգը եւ բանջարեղենը՝ մոտ 20 տոկոսի չափով, ձկնամթերքը՝ մոտ 1.9 տոկոսով, շաքարավազը՝ 16.3 տոկոսով: 1.5 տոկոսով էլ թանկացել են ալկոհոլն ու ծխախոտը: Իսկ ահա ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների շուկայում, ընդհակառակը, գնանկում է արձանագրվել:

Օրինակ՝ այս տարվա փետրվարին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մրգի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է 20.8 տոկոս գնաճ: Նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ձկնամթերքը՝ 1.9 տոկոսով: Իսկ ահա մսամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1 տոկոս: Յուղերի ու ճարպերի դեպքում նույնպես թանկացումներ են արձանագրվել՝ 0.4 տոկոսի չափով: Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից շաքարավազը այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, 16.3 տոկոսով թանկացել է:
Հայաստանում նախընտրական շրջանում արձանագրված գնաճը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ո՞րն է թանկացման պատճառը, ի՞նչ կարգով է վերահսկվում գնաճը շուկայական հարաբերություններում, ինչո՞վ է պայմանավորված լայն սպառման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը: Սակայն հնչեցված հարցերը պատասխան չունեն: Քանի որ մեր հանրապետությունում գործող պետական մարմինը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու ապրանքատեսակների անհիմն թանկացումները, այս օրերին որեւէ տեսանելի գործունություն չի ծավալում այդ ուղղությամբ:
Թերեւս բացառություն է կազմում շաքարավազի շուկան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաքարավազի թանկացման հետ կապված դժգոհությունների հետքերով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոտ մեկ ամիս է, ինչ ուսումնասիրություններ է անցկացնում շաքարավազի շուկայում: Հուսանք՝ այս ուսումնասիրությունները չեն արժանանա բենզինի շուկայում կատարված ուսումնասիրությունների ճակատագրին: Հիշեցնենք, որ նույն կառույցը հունվարին բենզինի շուկայում արձանագրված կտրուկ թանկացման վերաբերյալ նույնպես ուսումնասիրություններ կատարեց, սակայն անպտուղ. բենզինը շարունակվում է վաճառվել թանկ գնով:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ապրանքատեսակների թանկացումներին, հայտարարեց, որ իր համար դա զարմանալի է այնքանով, որ զուտ տնտեսագիտական առումով թանկացման հիմք չկա: «Եթե նույնիսկ պատկան մարմինները փորձեն այդ թանկացումները հիմնավորել մատակարարման կամ այլ պատճառներով, միեւնույն է՝ ես կարող եմ ասել, որ համաշխարհային տնտեսության վերջին 25 տարվա պատմության մեջ 2016 թվականը ցածր գների առումով աննախադեպ տարի է եղել: Ես չեմ կարծում, որ այս տարվա առաջին երկու ամիսներին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում, որոնց արդյունքում ապրանքների գները կտրուկ աճել են: Կամ դրսից ներկրվող ապրանքատեսակների վրա դրանք ազդեցություն են թողել: Բնավ ոչ: Ուղղակի սա մեր շուկային բնորոշ մենաշնորհային հերթական ամբարտավան քայլն է շուկայի մասնակիցների, հիմնականում՝ մատակարարների կողմից»,- նկատեց Խաչատրյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է, որտեղ նոր մարդկանց, տնտեսվարողների մուտքը սահմանափակված է: Իսկ այդ իրավիճակում որոշողը ոչ թե շուկան է, այլ իշխանությունը: Նրա պնդմամբ՝ այս ամենի արդյունքում է, որ հիմա մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գները բարձրացել են: «Նախընտրական այս ժամանակահատվածում դա ապացուցեց, որ գործող իշխանության համար ոչ մի նշանակություն չունի ժողովրդի քվեն, մեր քաղաքացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ: Քանի որ իրենք համոզված են, որ իրենց քվեն այսպես թե այնպես առնելու են»,- լրացրեց տնտեսագետը:
Նկատենք, որ Հայաստանում սովորաբար ընտրություններին նախորդող շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները էժանանում էին, ապա՝ ամիսներ անց կրկին թանկանում: Մասնագետների ներկայացմամբ՝ այսպես իշխանությունները փորձում էին հետ ստանալ իրենց տված ընտրակաշառքները: Սակայն այս խորհրդարանական ընտրություններում իշխանությունների ձեռագիրը փոխվել է: Սա նույնիսկ հասարակ քաղաքացու աչքից չի վրիպում: Այս անգամ թանկացումներ արձանագրվել են սննդամթերքի բոլոր շուկաներում: Հուսանք, որ բաժանվող ընտրակաշառքների գումարները հետ բերելու մղումը չի հանգեցնի ընտրություններից հետո նոր՝ էլ ավելի մեծ թանկացումների:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շտապօգնության մեքենաներով Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4-րդ դասարանի 9 աշակերտներ: Նրանց մոտ նկատվել է գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ: Ախտորոշումը՝ թունավորում: Բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանի խոսքով՝ երեխաները, ստանալով անհրաժեշտ բուժօգնությունը, մեկ օր անց արդեն դուրս են գրվել:

Գյուլագարակի գյուղապետ Խաչիկ Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ նշել, թե ինչից են երեխաները թունավորվել: Ըստ գյուղապետի՝ դպրոցում սովորում է 300 աշակերտ: Իսկ ճաշարանում այդ օրը նույն սննդից օգտվել են 150 երեխաներ. «Եթե դպրոցի սնունդը լիներ պատճառը, բոլորը կթունավորվեին, մեզ համար էլ է հարց՝ ինչից են թունավորվել երեխաները»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, որ դպրոցի ճաշարանը դեպքից հետո փակվել է, մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնում. «Սանէպիդկայանը եկել, համապատասխան աշխատանքներ է տարել, անալիզներ են վերցրել, պատասխաններին ենք սպասում, որեւէ բան ասել չեմ կարող, քանի դեռ մասնագիտական եզրակացությունը տրված չէ»:
Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի խոսքով՝ նմուշառումներ են իրականացվել ոչ միայն բրնձով շիլայից ու մյուս սննդատեսակներից, այլ նաեւ ջրից: Հովհաննիսյանը, սակայն, կտրականապես հերքեց, թե թունավորման պատճառը կարող է ջուրը լինել. «Նմուշառումներ ենք վերցրել, ուղղարկել ենք լաբորատոր փորձաքննության: Պատասխանները ստանալը երկար պրոցես է: Դեռ վաղ է խոսել վերջնական պատճառներից»:
Առիթն օգտագործելով՝ կենտրոնի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ մոտ մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքի «Թեժ կրակ» սննդի կետում տեղի ունեցած դեպքի պատճառներից, որի ժամանակ հիվանդանոց էին տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառը շաուրման էր եղել, իսկ հավի մսի մեջ որեւէ բան չի հայտնաբերվել. «Հավի միսը ստուգվել է, նորմալ էր ամեն ինչ: Որպեսզի հասկանայինք, թե շաուրմայի կոնկրետ ինչ բաղադրատեսակից է եղել թունավորումը, պետք է պատրաստի շաուրմա ունենայինք, որը չկար սննդի կետում: Հետեւաբար ավելի մանրակրկիտ չկարողացանք պարզել,-ասաց կենտրոնի տնօրենն ու հավելեց,-սննդի կետը փակվեց մի քանի օր, ախտազերծվեց ու վերսկեց իր գործունեությունը»:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ԲԵՐԵՑ
Մարտի 7-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հետաքրքիր միջադեպ եղավ: Ծառուկյանն ավարտելով իր ելույթը, ճեղքելով մարդկային հոծ բազմությունը՝ մոտենում էր իր ավտոմեքենային: Նրան դիմում էին տարբեր խնդրանքներով, օգնություն ստանալու ակնկալիքով: Նրա դիմաց հայտնվեց Նոյեմբերյան քաղաքի 59-ամյա բնակչուհի Սոնա Սիմոնյանը: Վերջինս պահում էր հաշմանդամի սայլակը, ուր նստած էր կնոջ որդին՝ մանկուց առաջին խմբի հաշմանդամ, 23-ամյա Անդրանիկ Սիմոնյանը: Սոնա Սիմոնյանը Գագիկ Ծառուկյանին ասաց, որ 5 տարի առաջ՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նա հաշմանդամ Անդրանիկին սոցիալապես օգնելու խոստում է տվել, սակայն այդ խոստումը չի կատարել: Գագիկ Ծառուկյանը Անդրանիկի հետ զրույցի բռնվեց, հարցրեց, թե նա ինչո՞վ կցանկանար զբաղվել: Հաշմանդամ երիտասարդն ասաց, որ սիրում է բազկամարտով զբաղվել, նրա մայրն էլ հավելեց, որ իրենց փոքր բնակարանում մարզվելու պայմաններ չկան: Գագիկ Ծառուկյանը երիտասարդի ձեռքը սեղմեց, կատակով նրա ուժը չափեց: Սակայն նա չէր սպասում, որ հաշմանդամ տղան ուժեղ կլինի, արդյունքում Գագիկ Ծառուկյանը մի պահ ընկավ Անդրանիկի սայլակի վրա: Լյարդի հիվանդությամբ տառապող Սոնա Սիմոնյանը իրենց ընտանիքին օգնելու խնդրանքով նամակ հանձնեց Գ. Ծառուկյանին:

 

 

ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԽՆԴԻՐ
2016թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 125 հազար 500 մարդ: Ադրբեջանին սահմանակից մարզի բնակչության խտությունը կազմում է շուրջ 46 մարդ 1 կմ-ի վրա, որը մոտ 2 անգամ ցածր է հանրապետության միջին մարզային ցուցանիշից (80 մարդ 1 կմ-ի վրա): Այն նկատելիորեն ավելի ցածր է նաեւ բնակչության խտության միջին հանրապետական ցուցանիշից: Տավուշը բնակչության խտությամբ մոտ է հարակից Գեղարքունիքի մարզին, որի տարածքի զգալի մասը զբաղեցնում է Սեւանա լիճը: Տավուշի մարզը բնակչության խտությամբ շուրջ 27 տոկոսով զիջում է հարեւան Լոռու մարզին: Նշենք, որ Տավուշի բնակչության շուրջ 58 տոկոսը գյուղական բնակչություն է, միեւնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30 տոկոսը բնակվում է քաղաքային 2 բնակավայրերում՝ մարզկենտրոն Իջեւանում եւ Դիլիջան քաղաքում: Տավուշի մարզի բնակչության նվազ բնական աճը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ մահացությունների մեծ թվով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս