ԿՎԱՃԱՌԻ ԿՏԱՎՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս երկու տարի առաջ է գրել այն մասին, որ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում: Նրա կինը` Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների` շեշտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան: Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը` արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ կվնասվեն:

Մենք տիկին Վերդիյանից հետաքրքրվեցինք` այս երկու տարիների ընթացքում, հատկապես մշակույթի նախարարի փոփոխությունից հետո, կա արդյո՞ք դրական տեղաշարժ, թե ոչ: Այվազյանի այրին պատասխանեց, որ մշակույթի նախարարությունից իրեն առաջարկել են կազմակերպել Աղասի Այվազյանի հեղինակած նկարների ցուցահանդես-վաճառք, սակայն ինքը չի համաձայնել. «Ես հստակ չգիտեմ` առաջարկվում էր ցուցահանդես-վաճառք կազմակերպել Հայաստանում, թե արտերկրում, բայց, ամեն դեպքում, չեմ ուզում, որ նկարները երկրից դուրս գան, ուզում եմ, որ դրանք իմ ձեռքի տակ լինեն, եւ հետո նման միջոցառման ընթացքում հատուկենտ նկարներ կարող են վաճառվել»-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց տիկին Վերդիյանը:
Նա, սակայն, տեղեկացրեց, որ փոխարենը ինքը պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով տարածք գնել եւ հիմնել թանգարանը, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնի ե՛ւ Այվազյանի արխիվը, ե՛ւ նրա հզոր գրադարանը ու այլ նմուշներ. «Երեք հայտնի քաղաքական գործիչ զանգահարել են, խոստացել են, որ կօգնեն ինձ` գնելով նկարները: Նրանցից երկուսը խոստացել են հանդիպել ինձ հետ առաջիկայում, իսկ երրորդը` ընտրություններից հետո: Անուններ դեռեւս չեմ տա: Իհարկե, շատ եմ ափսոսում, որ ստիպված եմ այս քայլին գնալ, բայց ուրիշ ելք չկա: Բնականաբար, կցանկանայի, որ այդ նկարները տեղ գտնեին թանգարանում, պատկերասրահ հիմնեի, բայց, ավաղ, չեմ կարող այդ ամենը իրականացնել: Բազմիցս դիմել եմ ՀՀ նախագահին, նախագահականից ինձ ուղարկել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել են, որ թանգարանի համար տարածք չկա: Դիմել եմ նաեւ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին, սակայն էլի ստացել եմ նույն պատասխանը»,-ասաց Այվազյանի այրին:
Մեր հարցին, թե մոտավորապես քանի նկար է պատրաստվում վաճառել, տիկին Վերդիյանը պատասխանեց. «Շուրջ 40-45 նկար, եւ դեռ կմնան Աղասի Այվազյանի դիմանկարն ու գրաֆիկական աշխատանքները: Իմ հույսը անհատներն են, ամոթս կորցրել եմ, անընդհատ դիմում եմ այստեղ-այնտեղ, չգիտեմ` ինչպես կընթանան դեպքերը, ամեն բան կախված է առաջիկա քննարկումներից»:
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` ինչ պայմաններում է այժմ պահվում Աղասի Այվազյանի արխիվը, արդոք այդ առումով որեւէ բան փոխվել է. «Արխիվը նախկինի պես ավտոտնակում է, կրում է բնական տեղումների` անձրեւի, ձյան բոլոր հետեւանքները»,-նշեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ այսօր ո՛չ պետությունը, ո՛չ էլ որեւէ հրատարակություն կամ մասնագիտական խումբ նպատակ չունի զբաղվելու Աղասի Այվազյանի ստեղծագործությունների հրատարակմամբ: Մենք հարցրինք` արդյոք գրողն ունի անտիպ գործեր. «Երբ ես դիմեցի Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, նա մատնանշեց, որ Այվազյանը չունի անտիպ գործեր, բայց չէ՞ որ նրա ստեղծագործությունները տպագրվել են շատ վաղ` քիչ տպաքանակով, վատ որակի տառաչափով, անորակ թղթի վրա»,-շեշտեց գրողի այրին` հիշեցնելով, որ Այվազյանը նաեւ մեծ դրամատուրգ է, եւ կոչ արեց թատերական գործիչներին հաճախ անդրադառնալ նրա գործերին:
Հիշեցնենք` երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Սարգսյանը Այվազյանի թանգարանի ստեղծման հետ կապված գաղափարներ ունի, սակայն դրանք ենթակա են մշակույթի նախարարության, կառավարության հետ քննարկման:

 

 

 
ԱՄՆ-Ն, ԾՈՎՆ ՈՒ ԷՎԱՅԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս», «Կայարան» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, առաջիկայում կնկարահանվի 25 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմաշարում: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` Էվան` դեռեւս հրաժարվելով հայտնել մանրամասներ: Բացի այդ` դերասանուհին ընդգրկվելու է Կամերային թատրոնում ներկայացվելիք երիտասարդական, ժամանակակից լուծումներով «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ:

Նշենք, որ Էվան նոր է վերադարձել ԱՄՆ-ից, ուր Մկրտիչ Արզումանյանի, Հովհաննես Ազոյանի, Գրիշա Աղախանյանի հետ մեկնել էր խաղալու «Պլյուս-մինուս» ներկայացման մեջ. «20 օր նահանգներում ենք եղել, ֆանտաստիկ շրջագայություն ենք ունեցել, բավական հագեցած օրեր ենք ապրել, հասցրել ենք հրաշալի տեղերում լինել, լավ ընկերներ ձեռք բերել»,-պատմեց նա:
Մենք անդրադարձանք նաեւ Էվայի` ԱՄՆ-ում իրականացված համարձակ ֆոտոշարքին (հեղինակ` Սեդա Ստեփանյան), որը բուռն կերպով քննարկվեց օնլայն տիրույթում.
«Դա է մեր իրականությունը, որն անընդհատ ուղեկցում է մեզ: Կարելի է ասել` արդեն սովորել ենք դրան: Թեեւ ես իմ տեսակով` որպես դերասանուհի եւ պարզապես անհատ, հարմարվող չեմ, մշտապես առաջ եմ քաշում իմ մտածողությունը, սակայն հանրության տարբեր զանգվածների հետ բախումից էլ չեմ վախենում: Դերասանը պետք է իր դիրքորոշումն ու աշխարհընկալումն առաջ քաշի, ով կընդունի` կընդունի, ով ոչ` ոչ: Վերջիվերջո, մենք հանրային անձինք ենք եւ կարող ենք ենթարկվել կրիտիկայի: Այնուամենայնիվ, կարծում եմ, իրավիճակն աստիճանաբար փոխվում է: Օրինակ` նախկինում, երբ մենք բացասական (հարաբերական իմաստով) դերեր էինք խաղում, մեզ ասոցացնում էին մեր կերպարների հետ, բայց հիմա արդեն այդ միտումը չեմ նկատում: Վերադառնալով ֆոտոշարքին` հավելեմ, որ սկզբում չէինք նախատեսել բաց, համարձակ կերպարներ ստանալ, բայց ամերիկյան շունչը, ծովն ու ալիքները կարծես տրամադրեցին դրան: Շատ գոհ եմ մեր աշխատանքի արդյունքից, հասցրել եմ լսել մի շարք դրական արձագանքներ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ Է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն ամուսնալուծության հայց է ներկայացրել` լրագրող Ռոմեն Դորիակից պաշտոնապես բաժանվելու համար: Այս մասին տեղեկացնում է The New York Post-ը: Հայցը ներկայացվել է Մանհեթենի գերագույն դատարան: Յոհանսոնը նշել է, որ Դորիակի հետ ամուսնությունն «անվերադարձ կործանված է»:
Ավելին` դերասանուհին դատարանին խնդրել է միանձնյա խնամակալություն նշանակել 3-ամյա դստեր համար, սակայն Դորիակը մտադիր է վիճարկել հայցն ու իր հետ Ֆրանսիա տանել երեխային:

 

 

 

ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին պատկանող հագուստի բրենդը վաճառքի ռեկորդային ցուցանիշներ է գրանցել: The Hill-ը մեջբերել է Ivanka Trump բրենդի նախագահ Էբիգեյլ Քլեմի խոսքը, ըստ որի` ԱՄՆ նախագահի դստեր բրենդը բոյկոտելու աղմկոտ կոչերը հակառակ էֆեկտն են ունեցել. փետրվար ամսվա սկզբից բրենդն ունեցել է վաճառքի լավագույն շաբաթները: Իվանկայի բրենդը դարձել է ամենապոպուլյարն առցանց խանութների շրջանակներում:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՆ ՄԱՀՈՎ
Երգիչ Ջորջ Մայքլի ընկերը` Ֆադի Ֆավազը, հայտնել է, որ լուրերը, թե երգիչն ինքնասպան է եղել, չեն համապատասխանում իրականությանը: BBC News-ի փոխանցմամբ` արդեն հայտնի են փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են, որ Ջորջ Մայքլի մահը վրա է հասել սրտի եւ լյարդի հետ կապված խնդիրների պատճառով: Ֆավազը տգեղ եւ անարդարացի է համարել երգչի մահվան վերաբերյալ մյուս բոլոր մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլի մահվանից մի քանի օր անց հաքերները «կոտրել» էին Ֆավազի էջը եւ նրա անունից հայտարարել, թե Ջորջ Մայքլն ինքնասպան է եղել:
Հավելենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքլին դեռեւս չեն հուղարկավորել: Արարողությունը մի քանի անգամ հետաձգվել է մահվան պատճառների քննության պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում:




Լրահոս