Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտն առավել քան մտահոգիչ է: Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիներին իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, մինչդեռ շատ քաղաքացիների համար այն քվեարկության օրը «գումար թռցնելու» առիթ է՝ առանց գիտակցելու, որ այդ քայլով վտանգում են պետության ապագան: Ավելին՝ այսօր շատերը նույնիսկ տեսախցիկների առաջ են խոստովանում՝ պատրաստ են քվեարկել այն թեկնածուի օգտին, որն իրենց ավելի շատ ընտրակաշառք կտա: Այլ կերպ ասած՝ քաղաքացիների զգալի հատված բացահայտ աճուրդի է հանել իր, իր զավակների եւ երկրի ապագան՝ թքած ունենալով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը:
Ի դեպ, երեկ ArmLur.am կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ էջմիածինցի պապիկը առանց վախենալու տեղեկացրել է, որ ՀՀԿ-ից իրեն ընտրակաշառք են տվել 100 ԱՄՆ դոլար, եւ ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին: Բացի այդ՝ բավական է այսօր հետեւել քաղաքական ուժերի քարոզարշավին, եւ պարզ կդառնա, որ ունեւոր թեկնածուների հետ հանդիպումներին մարդկանց մի մասը գնում է գումար կամ որեւէ այլ բան խնդրելու եւ ստանալու ակնկալիքով:
Այս ամենը, համաձայնեք, աննորմալ է, միաժամանակ նաեւ ողբերգական: Ի վերջո, եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքացին իր խնդիրների լուծման համար կդիմեր հենց պետական մարմիններին, այլ ոչ թե անհատների: Եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքական կամք կցուցաբերեր եւ կարգելեր ընտրակաշառք բաժանելը եւ կստիպեր քաղաքացուն գիտակցված ընտրություն կատարել: Բայց քանի դեռ Հայաստանում նորմալ իշխանություն չունենք, ընտրակաշառք բաժանելու եւ վերցնելու երեւույթը գնալով համատարած բնույթ է կրում, եւ պատահական չէ, որ Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան որակապես զիջում է նախորդին: Զիջում է, որովհետեւ նախորդին որակապես զիջում է նաեւ ինքը՝ ընտրողը:
Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը բացասական է գնահատել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների մասնակցությամբ միջադեպերը: Հիշեցնենք, նման միջադեպ էլ գրանցվել էր Արագածոտնի մարզում ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների միջեւ. Փարպի գյուղում ՀՀԿ-ականները ծեծել էին ՀՅԴ ներկայացուցչին: «Գուցե լարվածությունը էականորեն մեղմացել է համեմատած այն ժամանակներում անցկացվող ընտրությունների հետ, հիշեք նախագահական ընտրությունների ժամանակ ինչեր էր կատարվում, մեծամասնական ընտրակարգի ժամանակ ինչեր էր կատարվում, հիմա էականորեն թուլացել է, սա պետք է արձանագրենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Հարցին՝ եթե նման միջադեպերը շարունակական լինեն, չե՞ն վնասի ՀՀԿ-ի հետ հարաբերություններին, Մինասյանը պատասխանել է. «Ցանկացած հարաբերություններում, երբ այն վերածվում է խմբային, իսկ հետո հասարակության ավելի լայն շերտերի ներգրավածության բախման, բնականաբար չի կարող հետեւանք չունենալ»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2014թ. 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետեւանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, ամենայն հավանականությամբ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ: Բացի այդ՝ Սարուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, այս գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ՝ Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, որն էլ ծրագրել է հանցանքը՝ կազմակերպելով կեղծ կտրոններ տպագրելու գործընթացը: Նկատենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, եւ արդյունքում քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ: Նշենք, որ այս գործը քննելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«ԻՍԿԱՆԴԵՐԸ» ՇԱՀԱՐԿԵԼՈՎ
Մինչ նախընտրական այս փուլում քաղաքական ուժերն ու հանրությունը համակված են քարոզչական գործընթացներով՝ հնչում են ամենատարբեր խոստումներ /հիմնականում Նյու Վասյուկիի ժանրից/, մրցակիցների միջեւ ընթանում են ֆիզիկական եւ հրապարակախոսական փոխհրաձգություններ, ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ՝ այդպես էլ հանրային դիսկուրսի թեմա չի դառնում այն, թե ինչ է արել Հայաստանն անցած մեկ տարվա ընթացքում՝ նոր ապրիլի կրկնություն թույլ չտալու համար: Մինչդեռ բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են «դասեր քաղելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները, զգուշացումները՝ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, հանձնարարականը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական փոխգործակցության պայմանագիր մշակելու շուրջ, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու եւ, առհասարակ, բոլորովին նոր որակի եւ նոր սկզբունքների վրա հիմնված բանակցային առաջարկություններ ձեւակերպելու վերաբերյալ:
Անցած մեկ տարվա ընթացքում այդ բոլոր քայլերից որեւէ մեկը չիրագործվեց. մի մասը պատեհության հետ կապված՝ իրավիճակի փոփոխության արդյունքում, մյուս մասը, սակայն, անհետեւողականության եւ պարզապես անգործության հետեւանքով: Հատկապես Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու եւ նոր սկզբունքների վրա հիմնված բանակցային գործընթաց սկսելու առումով ջանքերը, կարելի է ասել, գրեթե զրոյական էին: Մինչդեռ ապրիլյան պատերազմը դրա համար լուրջ հնարավորություն էր ստեղծել:
Նախօրեին ռուս վերլուծաբան Դենիս Դվորնիկովը «168.Ժամ»-ին տված հարցազրույցում այս կապակցությամբ բավականին ուշագրավ հարցադրում է կատարել: Անցած ապրիլից հետո ստեղծված իրավիճակը գնահատելով որպես հայկական կողմից բաց թողնված հնարավորություն՝ նա ասել է. «2016թ. ապրիլը ազատեց Երեւանի ձեռքերը։ Լավ հնարավորություն էր ստեղծվել՝ վերսկսելու բանակցային գործընթացը՝ դրան միացնելով նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները, եւ հենց ինչ-որ այլ բան լինի, մատնանշել Կրեմլին»:
Եվ իսկապես՝ դժվար է չհամաձայնել այս դիտարկումների հետ: Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրա կամքն իրագործող Էդվարդ Նալբանդյանի, այդպես էլ կես քայլ անգամ չարեց՝ իրավիճակը զրոյական կետից շարժելու համար, փոխարենը գործընթացը «լռվեց» Վիեննայում ձեռք բերված, սակայն այդպես էլ չիրագործվող պայմանավորվածությունների վրա: Եթե օգտագործենք Դվորնիկովի ձեւակերպումը՝ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ազատ արձակված ձեռքերը Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն ուղղակի ծալեցին՝ սպասելով հաջորդ ապրիլին: