ԱՅԴ ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՉԿԱ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած խաղաղության ծրագրին դաշնակցականների դեմ լինելու, ՀՀԿ-ի թեկնածուների կողմից դաշնակցության համակիրներին ճնշումների եթարկելու հետեւանքների եւ ՀՅԴ-ի՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու ցանկությունների մասին:

-Պարո՛ն Մինասյան, երբ հայտարարվեց, որ Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել Դաշնակցության համակրին, դա որակվեց քաղաքական միջադեպ, սակայն որոշ ժամանակ անց Դաշնակցությունը երկմտեց՝ քաղաքակա՞ն էր, թե՞ ոչ: Հիմա այդ դեպքը քաղաքական դրդապատճառնե՞ր ուներ, թե՞ ոչ:
-Ես այդ դեպքի մասին, ճիշտն ասած, մանրամասներ չգիտեմ, որովհետեւ նախ ես, որպես նախարար, ժամանակահատվածը չեմ կարողանում տրամադրել, դրանով պետք է զբաղվեն իրավասու մարմինները, բայց ես կարծում եմ, որ նախընտրական ցանկացած լարվածություն չպետք է վերածվի կյանքի եւ մահվան կռվի, ի վերջո, ապրիլի երկուսից հետո ապրիլի երեք է գալիս:
-Իսկ նման միջադեպերը չե՞ն ազդի կոալիցիոն գործընկերների հարաբերությունների վրա:
-Ես միանշանակ բացասական եմ գնահատում, չի կարելի այդպիսի բան անել: Գուցե լարվածությունը էականորեն մեղմացել է համեմատած այն ժամանակներում անցկացվող ընտրությունների հետ, հիշեք նախագահական ընտրությունների ժամանակ ինչեր էր կատարվում, մեծամասնական ընտրակարգի ժամանակ ինչեր էր կատարվում, հիմա էականորեն թուլացել է, սա պետք է արձանագրենք: Եւ ես վստահ եմ, որ աստիճանաբար նաեւ այս լարվածությունն էլ կվերանա, որովհետեւ եթե մենք հասնենք նրան, որ ոչ թե անձերի միջեւ պայքարը գնա, այլ գաղափարների եւ ծրագրերի, վստահ եմ, որ միջանձնային հարաբերությունները կտեղափոխվեն բացառապես քաղաքական դիսկուրսի դաշտ:
-Հիմա եթե նման միջադեպերը շարունակական լինեն, չե՞ն վնասի ձեր հարաբերություններին:
-Ես կարծում եմ, որ ցանկացած հարաբերություններում, երբ որ դա վերածվում է խմբային, իսկ հետո հասարակության ավելի լայն շերտերի ներգրավածության բախման, բնականաբար դա չի կարող հետեւանք չունենալ, ուստիեւ բոլորն էլ գիտակից մարդիկ են, հասկանում են, որ ընտրությունը կյանքի ու մահվան կռիվ չէ:
-Պարո՛ն Մինասյան, Դուք եւս երկուշաբթի օրվանից արձակուրդի մեջ եք լինելու, որպեսզի քարոզչությամբ զբաղվեք: Եթե մեր կուսակցական նախարարները գնան արձակուրդ, պետական ապարատն արդյո՞ք չի պարալիզացվի:
-Ո՛չ, երկու պատճառով, նախ՝ պետական համակարգը միայն նախարարներով չէ, կա հսկա համակարգ, նախարարին փոխարինող փոխնախարարներ, բացի այդ՝ շատ կարեւոր է, որպեսզի նախարարը կարողանա նաեւ քաղաքացիներին ներկայացնի այն ծրագրերը, թե ինչ է պատրաստվում անել: Դա պահանջում է ժամանակ, եւ որ ամենակարեւորն է՝ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն լսել ընտրողների տեսակետը, դա օգտակար է պետական կառավարման համար նույնպես:
-Հաշվի առնելով ՀՀԿ-ի հետ գործընկերության փորձը՝ ընտրություններից հետո կցանկանա՞ք կրկին համագործակցել նրանց հետ:
-Կախված է ամեն ինչ ընտրությունների արդյունքներից, մենք ուզում ենք իսկապես պատկառելի ներկայություն ունենալ խորհրդարանում, որպեսզի մեր ծրագրերը, որ սկսել ենք, կարողանանք առաջ տանել, եւ այդ առաջ տանելը նաեւ նշանակում է համագործացություն այն ուժերի հետ, բնականաբար՝ առաջին հերթին քաղաքական գործընկերոջ, որի հետ սկսել ենք այս գործընթացը: Ծրագիրը, որ առաջնորդողն է մեզ լինելու, վստահ եմ, որ նաեւ հետընտրական ընթացքում էլ հնարավորություն կտա մեզ ավելի խորքային այս թեմաների մասին խոսել:
-Դաշնակցությունը հանդես է գալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի քննադատությամբ…
-Ես կարծում եմ, որ նախ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր տեսլականը ամբողջության մեջ, որպեսզի կարողանա բանավեճ առաջանալ: Այն, ինչ այդ դաշինքը ներկայացնում է, հայտարարություն է, որի ներսում չկա ծրագիր: Եթե իրենք պետք է առաջնորդվեն այն ծրագրով, որ ժամանակին պաշտպանում էր առաջին նախագահը, ապա ակնհայտ է, որ բանավեճն այնքան շատ է, որովհետեւ ինչի՞ դիմաց կամ ո՞վ չի ձգտում խաղաղության, մենք էլ ենք ձգտում, բայց մենք վստահ ենք, պատմության դասն էլ է դա ասում, եւ մեր մեծերն էլ են դա արձանագրում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Եթե ուզում ես, որ քո սերունդներն ապրեն այս հողի վրա, արարեն, ստեղծեն, եղիր ուժեղ, ամուր եւ հզոր: Եթե այս բանաձեւն է դրվում հիմքում, ապա խաղաղության մենք կարող ենք հասնել, եթե հանձնման սկզբունքով ենք մենք ուզում խաղաղության հասնել, ապա աշխարհում չկա որեւէ նման նախադեպ, երբ որ ռազմի դաշտում ռազմական հաջողություններ արձանագրած կողմը, տվյալ դեպքում՝ Արցախը, հայ ժողովուրդը, հանկարծ հանձնելով՝ հասնի որեւէ խաղաղության, չկա այդպիսի բան: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ կառուցողական երկխոսության, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել: Եթե իրենք ամեն օր ռազմաճակատում դիվերսիաներ են նախաձեռնում, իրականացնում, եթե իրենք ռազմական գործողություններից դուրս տարածքներում ամեն գնով փորձում են հայ մարդու վերացնել, ինչ խաղաղության մասին է խոսքը: Այսինքն՝ դա նշանակում է, որ գործ ունես մի բորենու հետ, որի հետ ուզում ես ընդամենը հաշտ ապրել, բայց եթե բորենին տրամադրված է քեզ հոշոտելու, ինչպես պետք է քո խաղաղության կամ գեղեցիկ ժպիտով փորձես նրա սիրտը գրավել: Դա ես կարծում եմ՝ բնական միջավայրից դուրս երեւույթ է, իսկ եթե բնականին լինի մոտ, դու պետք է լինես այնքան ուժեղ եւ այնքան խելացի, որպեսզի կարողանաս բորենու հետ նույն տարածքում ապրելու շրջանակներում մշտապես լինել պաշտպանված եւ վտանգի չենթարկես քեզ եւ քո զավակներին:

 

 

 
ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ

Ըստ ԿԸՀ-ի՝ «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մարտի 7-ին Տավուշի մարզի բնակիչներին բազմաթիվ օգնություններ տրամադրելու խոստումներ է տվել եւ այդպիսով խախտել օրենքը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի բնակիչներին խոստացել էր խաղողն ընդունել 150 դրամով, վճարել քաղաքացիներին անհրաժեշտ վիրահատության համար, գազաֆիկացնել տները, գյուղտեխնիկա տրամադրել եւ այլն: «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաեւ իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի, եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքում»,- կատարվածի կապակցությամբ հայտարարել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նկատենք, որ այս զգուշացումից հետո երեկ՝ Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանը բավականին զգուշությամբ էր շփվում քաղաքացիների հետ, մասնավորապես մի քաղաքացու հետ զրույցում Ծառուկյանը նշեց. «Հարգելի՛ ժողովուրդ, քանի որ օրենքով արգելված է` ես որեւիցե բան ասեմ ձեզ, ընտրություններից հետո, խոսք եմ տալիս, կգամ ձեզ մոտ, նոր կխոսենք»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հավաստիացրեց, որ Ծառուկյանի կողմից մարդկանց խնդրանքներին արձագանքելը բացառապես մարդկային վերաբերմունքի, կարեկցանքի դաշտում է եղել.«Ընտրակաշառք ձեւակերպման հետ այդ մարդկային վերաբերմունքը առնչություն եւ մոտավոր աղերս անգամ չունի,- նշեց Տոնոյանը՝ հավելելով,-մարդ կար, ասում էր, որ առողջական խնդիրներ ունի, կյանքի եւ մահվան հարց է, պարոն Ծառուկյանն էլ պարզապես մարդկային վերաբերմունք է ցուցաբերել՝ ասելով, որ կաջակցի: Բայց ուզում եմ արձանագրել, որ որեւէ մեկին որեւէ բան չի տրամադրվել, եւ այդ ամեն ինչը տեղի է ունենալու ապրիլի 2-ից հետո: Իսկ մեր քարոզարշավը շարունակվելու է օրենքի տառին համապատասխան»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ
Խորհրդարանական ընտրությունների համար ձեւավորված թվով 2009 տեղամասերից 126-ում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի նշանակել: Իսկ «Հայ յեղափոխական դաշնակցությունը» հանձնաժողովի անդամ չի նշանակել մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյանը տեղեկացրեց, որ 126 տեղամասերում հանձնաժողովի անդամներ չնշանակելն իրենց կողմից տակտիկական հարց է. «Խնդիրն այդքան ռեսուրսը չէ, ինչքան ընդհանուր տրամաբանության օպտիմալ կառուցումն է, այսինքն՝ մենք հաշվի ենք առնում նաեւ քվեարկության օրը վստահված անձանց: Մենք մեր լիցենզավորված անձանց մի մասին պահել ենք, որովհետեւ իրենց մասնակցությունն այս ընտրություններում ավելի կարեւորել ենք որպես վստահված անձ: Մենք որոշ տեղերում նպատակահարմար ենք համարում երկու վստահված անձանցով ծածկենք, քան մեկ հանձնաժողովի անդամով»:

 

 

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Ծառուկյան» դաշինքը շարունակում էր իր հանդիպումներն անցկացնել Տավուշի մարզում, եւ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ Բերդ քաղաքում: Մի կին մոտեցավ Գագիկ Ծառուկյանին եւ տեղեկացրեց, որ ամուսինն աշխատում է գազի գրասենյակում, ու արդեն առավոտյան գազի գրասենյակի պատասխանատուները զանգահարել են ամուսնուն, ասել, որ գնա եւ աշխատանքից ազատվելու դիմում գրի, քանի որ իր կինը «Ծառուկյան» դաշինքին է սատարում: Գ. Ծառուկյանն այդ ընտրատարածքի իրենց պատասխանատուներին հանձնարարեց զբաղվել կնոջ բարձրացրած խնդրով եւ լուծել այն: «Ժողովուրդ»-ը այդ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Վարուժան Բաբաջանյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք ստացավ այդ խնդիրը: «Խնդիրը լուծված է, կնոջ ամուսինը աշխատանքից ազատման դիմում չի գրի… դեռեւս որեւէ քայլ իշխանություններին կամ արջի ծառայություններ մատուցողներին չի հաջողվել իրականացնել: Մենք կարողացել ենք կանխել, խնդիրը լուծված է»,-նշեց Բաբաջանյանը:

 

 

ՓՈՂ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նա անցած տարվա ընթացքում 6 մլն դրամով վաճառել է «Mercedes Benz S 350» մակնիշի ավտոմեքենան: Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլրդ 3 մլն 412 հազար 550 դրամ եւ 119 հազար 300 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 530 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 1 մլն 80 հազար դրամը, ստացած փոխառությունները, վարկերը՝ մոտ 1 մլն 880 հազար դրամը, 13 հազար 515 դոլարը եւ 1012 եվրոն: Իսկ ահա նրա տնային տնտեսուհի տիկինը՝ Էլվինա Սարգսյանը, հայտարարագրել է, որ ունի մոտ 1 մլն 980 հազար դրամ եւ 388 հազար 865 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած փոխառությունները՝ 1 մլն 2 հազար դրամ եւ 2065 եվրո:




Լրահոս