ՀԻՆ ԴԵՄՔԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԹԻՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները նախընտրական հանդիպումների ժամանակ զբաղված են ժողովրդին բացահայտ ծաղրելով:

Արդեն 19 տարի է՝ Հայաստանում հիմնական քաղաքական ուժը ՀՀԿ-ն է եւ այդ 19 տարիների ընթացքում ՀՀԿ-ն չի կատարել իր խոստումներից ու ծրագրերից թերեւս ոչ մեկը: Ընդհակառակը, ՀՀԿ իշխանավարման տարիներին Հայաստանը միայն ետընթաց է ապրել՝ սոցիալական ծանր իրավիճակ, քայքայված տնտեսություն, ահագնացող արտագաղթ, աղքատության եւ գործազրկության աճ, պետական պարտքի բեռի ավելացում եւ այսպես շարունակ: Ու հիմա, չնայած այս ամենին, ՀՀԿ-ականները նախընտրական հանդիպումներում կրկին կոչ են անում ընտրել իրենց՝ խոստանալով «չեք փոշմանի»: Թե ի՞նչն է ստիպելու ՀՀԿ-ականներին կտրուկ փոխել գործելաոճն ու առաջիկա հինգ տարիներին նորմալ աշխատել, պարզ չէ: Ընդհակառակը, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների պահվածքը հակառակն է ապացուցում, երբ փորձում են ժխտել ակնհայտ իրողությունները:
Օրինակ՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արմավիրի մարզում հայտարարել է. «Մենք կարողացանք էս հինգ տարում գալ ընտրությունների ուժեղացած եւ արդիականացած լուրջ թիմով: Մի թիմ, որը այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում եւ թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված»:
Վիգեն Սարգսյանը ճիշտ կաներ, եթե նաեւ ասեր, թե ովքե՞ր են «արդիականացված լուրջ թիմի» անդամները: Համենայն դեպս, որքան պրպտեցինք ՀՀԿ ցուցակը, այդպես էլ չգտանք մարդկանց, որ կարելի է «արդիականացված լուրջ թիմ» համարել, ընդհակառակը, վաղուց հայտնի հին դեմքերն են, պարզապես մի տարբերությամբ՝ նախորդ ընտրություններից հետո փոխվել է ՀՀԿ ցուցակում նրանց զբաղեցրած հորիզոնականը, եւ ոչինչ ավելի:
Ո՞վ է արդիական՝ Վիգեն Սարգսյա՞նը, որ սկզբում Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի օգնականն էր, հետո նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար: Եթե Վիգեն Սարգսյանը նկատի ունի այն հանգամանքը, որ նախկին ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորել է Սերժ Սարգսյանը, եւ հիմա իրեն է վերապահված այդ «առաքելությունը», ապա շտապենք հիասթափեցնել՝ իշխանական համակարգում ինքը նոր մարդ չէ, եւ հետո՝ միայն ցուցակի առաջին համարի փոփոխությամբ չի կարելի խոսել «արդիականացված լուրջ թիմի» մասին: Մանավանդ, որ ցուցակի մյուս անդամները եւս վաղուց հայտնի ու բավական վարկաբեկված դեմքեր են՝ Տարոն Մարգարյանը, որ Ավանի թաղապետն էր, հետո Երեւանի փոխքաղաքապետը, հիմա էլ՝ քաղաքապետը. պաշտոնյա, որից այսօր դժգոհ է մայրաքաղաքի բնակչության զգալի մասը, էլ չենք ասում նրա ղեկավարած հիմնարկի մասին: Հազիվ թե նոր դեմք կարելի է համարել Արփինե Հովհաննիսյանին, որը սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հիմա՝ արդարադատության նախարար: Ի՞նչ կասեք Արա Բաբլոյանի մասին, որ 90-ականներին ՀՀ առողջապահության նախարարն էր, հետո դարձել է ՀՀԿ-ական եւ երկար ժամանակ այս կուսակցության ցուցակով պատգամավոր է. նա՞ է «արդիական թիմը»:
Արդյո՞ք կարելի է «արդիականացված լուրջ թիմ» համարել ՀՀԿ-ին, երբ ընտրացուցակում ընդգրկել է նախկինում ՀՀԿ պատգամավոր, հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, հաջորդ տարի 60-ամյակը բոլորող Մարգարիտ Եսայանին: ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է նախկին ՕԵԿ-ական, հետո՝ ՄԻԱԿ քարտուղար, հիմա էլ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը, որին եւս «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ ցուցարարները Բաղրամյան պողոտայից հեռացրին ամենավերջին հայհոյանքներով: ՀՀԿ «արդիականացված լուրջ թիմի» կազմում են ՀՀԿ երիտթեւի հավերժ առաջնորդ Կարեն Ավագյանը՝ նախորդ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հելիում գազով լցված փուչիկների հրդեհի գլխավոր մեղավորը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Շուշան Պետրոսյանը, Գագիկ Մելիքյանը եւ այսպես շարունակ: Էլ չենք ասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների մասին. բոլորին հայտնի նույն օլիգարխներն են, ներկա ու նախկին պաշտոնյաները կամ նրանց մերձավորները:
Ու հիմա, երբ ՀՀԿ-ն առաջադրելով վաղուց հայտնի դեմքերին, հասարակությանը փորձում է համոզել, թե այս ընտրություններին ներկայացել է «արդիականացված լուրջ թիմով», նրանց պահվածքն այլ բան, քան հասարակությանը բացահայտ ծաղրել, դժվար է որակելը:
Ուշադրություն դարձրեք մեկ փաստի վրա եւս. ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը (եւ ոչ միայն նա) ընդգրկված չեն ՀՀԿ համամասնական ցուցակում: Ու հիմա, երբ Վիգեն Սարգսյանն ասում է, թե իրենք կարողացան ընտրություններին ուժեղացված եւ արդիականացված լուրջ թիմով հանդես գալ, ինքնաբերաբար, ստացվում է՝ իրենց ուժեղացրել ու լրջացրել է հենց Սերժ Սարգսյանի բացակայությունը: Սա իմիջիայլոց:
Իսկ համեմատաբար արդիականացված ու թարմ դեմքը վարչապետ Կարեն Կարապետյանն է` իր հարվածային գործիքներով, որը ոչ մի կերպ ՀՀԿ-ական դեռ չի ընկալվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՄԻՀՐԱՆԻ ԽԱՉԻԿԸ
Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը հիմա էլ ՀՀԿ օգտին է աշխատում: Նա դարձել է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի շտաբի անդամ: Ավելին՝ երեկ հենց ինքն էլ վարում էր Զեյթունում Մ. Պողոսյանի նախընտրական փոքր հանրահավաքը: Խաչիկ Գալստյանի՝ ՀՀԿ-ականների կողքին հայտնվելու փաստը հատկանշական է այն առումով, որ նա «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի անդամներից մեկն է: Իսկ այդ շարժումը, ինչպես հիշում եք, ձեւավորվել էր Ծառուկյանին քաղաքականություն վերադարձի դեպքում պլատֆորմ հանդիսանալու նպատակով: Միայն թե Ծառուկյանը քաղաքականություն վերադարձավ ԲՀԿ-ով, եւ «Միասնության» համակարգող խորհրդի անդամներից որեւէ մեկին չընդգրկեց իր դաշինքի համամասնական ընտրացուցակում: Դրանից հետո Խ. Գալստյանը հայտնվեց ՀՀԿ-ական թեկնածուի կողքին: «Ժողովուրդ»-ը երեկ մեկնաբանությունների համար զանգահարեց Խաչիկ Գալստյանին, որը, սակայն, պատճառաբանելով, թե շտաբում ժողովի է մասնակցում, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Խ. Գալստյանը Գ. Ծառուկյանի խոսնակն էր:

 

 

 

ԴԱՍԻՑ ՓԱԽԵԼ ԷԻՆ
ԱԺ վերջին նիստը, որ չկայացավ քվորումի բացակայության պատճառով, իր ազդեցությունն է թողել կառավարության անդամների վրա: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության նիստին ներկա չեն գտնվում ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ԱԱԾ պետ Գեւորգ Կուտոյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ու քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Ավելին՝ կառավարության երեկվա նիստում նախարարների մեծ մասին «փոխարինել» էին տեղակալները: Երեկ կառավարության նիստին չէին մասնակցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը. սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Ըստ ամենայնի, նախարարները լծվել են իրենց կուսակցական ընտրարշավի գործերին, իսկ կառավարության նիստին ներկա լինելը համարում են երկրորդական գործ:
 

 

ՔԱՇՔՇՈՒԿԻ ՄԵՋ
«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն եւ Միքայել Վարդանյանների դեմ դատական վեճերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից գանձել 106 հազար դրամ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ընկերության նախկին աշխատակից Սուրեն Ազոյանն էլ դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի «Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը:

 

 

 
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին եւ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարարները կարծիքներ են փոխանակել նաեւ վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:

 

 

 

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ ՀՀ պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը եւ Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար եւ ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:

 

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Մարտի 9-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնապես հրաժարական է տվել: Եսայանը դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր ներկա գտնվողներին աջակցության համար եւ իր հաջորդողին հաջողություններ մաղթել: Դեռեւս հայտնի չէ, թե ինչով կզբաղվի 70-ամյա Եսայանը: Լուրեր են պտտվում, որ նա կարող է կրկին նշանակվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Իսկ Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան կդառնա ռուսական մասնավոր «Եվրասիական մեդիա խումբ» ընկերության ղեկավար եւ դիվանագետ Վարդան Տոհանյանը: Ակնկալվում է, որ Տոհանյանի նշանակման մասին համապատասխան հրամանագիրը կստորագրվի այսօր:

 

 

 

 

ՇԱՏ Է ՁԳՁԳՎԵԼ
Արցախյան հակամարտությունը չափազանց շատ է ձգձգվել: Հակամարտության ռազմական կարգավորումն անհնար է: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: «Մենք կանենք ամեն ինչ, ինչը մեր ուժերի սահմանում է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի»,-նշել է նա: Սեկուտան հիշեցրել է, որ մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այց կկատարեն Ադրբեջան:




Լրահոս