2016 թվականի հունիսի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեղադրյալի աթոռին են հայտնվել 6 անձ, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 20-ին ԱԱԾ Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարել էր թվով 19 խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել էին տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոններ: Ավելին՝ ԱԱԾ-ն հայտնաբերել էր նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել էին տեխզննման կեղծ կտրոնները:
Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել էին մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
«Ժողովուրդ»-ին աղմկահարույց այս գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ, առհասարակ, որ համայնքներում են հիմնականում իրացվել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնները:
Եվ այսպես՝ քաղաքացի Արտյոմ Գալստյանը, որը զբաղվել է տպագրական գործունեությամբ, Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանի պատվերով, թերեւս կլորիկ գումարի դիմաց, պատրաստել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1200 կեղծ ձեւաթղթեր: Վերցնելով դրանք՝ Հրաչ Մանգասարյանը սկսել է ՀՀ տարբեր մարզերում ապահովագրական գործունեությամբ զբաղվողներին առաջարկել բավականին շահավետ պայմաններով գնել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, որոնք ըստ էության իրական կտրոններից ոչնչով չեն տարբերվել:
Իսկ ովքեր են եղել ապահովագրական ընկերության աշխատակիցները, որոնք համաձայնել են քաղաքացիներին վաճառել կեղծ կտրոնները: Պարզեցինք, որ Մանգասարյանին օգնողները եւ կեղծ կտրոնները վաճառող անձինք եղել են Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Գագիկ Մարգարյանը, նույն քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Տարոն Բեգլարյանը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Համբարձում Գրիգորյանը:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Գագիկ Մարգարյանը վաճառել է 3 միլիոն 106 հազար 250 դրամի կեղծ կտրոն, նույն քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Տարոն Բեգլարյանը վաճառել է 2 միլիոն 840 հազար դրամի կեղծ կտրոն, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Համբարձում Գրիգորյանը՝ 2 միլիոն 662 հազար դրամի, Սյունիքի մարզի բնակիչ Գեորգի Դանիելյանը իրացրել է 266 հազար դրամի կեղծ կտրոն, իսկ ահա Լոռու մարզի բնակիչ Իշխան Ամիրջանյան՝ 177 հազար 500 դրամի կեղծ կտրոն: Ընդհանուր վաճառված կեղծ կտրոններից քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է 7 միլիոն 188 հազար 750 դրամ:
Նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Հրաչ Մանգասարյանը կեղծ կտրոնները վաճառելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ Լոռու մարզի բնակիչ Իշխան Ամիրջանյանի եւ Սյունիքի մարզի բնակիչ Գեորգի Դանիելյանի հետ, որոնք էլ իրենց հերթին են կարողացել վաճառել կեղծ կտրոնները:
Նկատենք, որ վերոնշյալ անձանցից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Գորիս քաղաքի բնակիչ Հրաչ Մանգասարյանը, իսկ մյուս անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին:
Նշենք, որ վարորդները սովորաբար տեխզննման կտրոնները ձեռք են բերում բանկերից, եւ այս իրավիճակում ակնհայտ է, որ վերոնշյալ անձինք ոչ միայն անօրինական ճանապարհով գումար են աշխատել՝ տարբեր քաղաքացիներին վաճառելով կեղծ տեխզննման կտրոններ, այլ նաեւ վնաս են հասցրել պետությանը, քանի որ պետության կողմից վաճառքի հանված օրինական կտրոնները չեն իրացվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Պահեստազորի գնդապետ, 2014 թվականին 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին չընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Armlur.am-ի հետ զրույցում նրա մարտական ընկերը՝ Գագիկ Սարուխանյանը, ներկայացրեց նամակի բովանդակությունը. «Այսօրվա իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քայքայել են մեր պետությունը: Հայաստանի քաղաքացին չի կարողանում ապրել: Աշխատանքով, թոշակով չես կարող ապրել, օրենքը չի գործում, անվտանգությունը ապահովված չէ, կես միլիոն մարդ լքել է Հայաստանը: Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ»:
Ըստ Գագիկ Սարուխանյանի` Վոլոդյա Ավետիսյանը անդրադարձել էր ապրիլյան պատերազմին եւ այն բոնորշել որպես ռուս-ադրբեջանական հարձակում, ինչի արդյունքում հայկական կողմը ունեցավ բազմաթիվ զոհեր:
Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ եթե Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ լիներ, ապա նա, համոզված եմ, կասեր՝ ոչ մի քաղաքական ուժի ձայն մի տվեք: Ավելին՝ Սարուխանյանից պարզեցինք, որ այս օրերին Վոլոդյա Ավետիսյանի որդու հետ կապ են հաստատել տարբեր քաղաքական ուժերի շտաբների պատասխանատուներ եւ խնդրել տրամադրել Վոլոդյա Ավետիսյանի լուսանկարով պաստառը, որպեսզի նրանք այդ լուսանկարով քարոզչություն իրականացնեն. «Սա տականքություն է, սրիկայություն: Վոլոդյա Ավետիսյանի համար որ պայքար էր գնում, դուք ուր էիք, ու այնպիսի ուժերի կողմից են այդ առաջարկները եղել, որ իրենք են մեղավոր Վոլոդյայի ազատազրկման համար»:
Իսկ թե կոնկրետ, որ քաղաքական ուժերից են եղել առաջարկները, Գագիկ Սարուխանյանը նպատակահարման չհամարեց ասել, սակայն չի բացառվում, որ առաջարկը եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից, քանի որ Սեյրան Օհանյանը դեռեւս պաշտպանության նախարար լինելու տարիներին իր մարտական ընկերոջ մասին քննադատող հայտարարությամբ էր հանդես եկել:
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ 2013 թվականի համաներման արդյունքում Վոլոդյա Ավետիսյանի պատիժը կրճատվել է 2 տարի 4 ամսով, եւ ըստ նրա մարտական ընկերոջ` Գագիկ Սարուխանյանի՝ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը ազատության մեջ կլինի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆ ԸՆԿԵԼ Է
Հայաստանի Կոմունիստական կուսակցության քարոզարշավի ժամանակ Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնական հրապարակում Արարատի շրջկոմի քարտուղար Գուրգեն Թեւոսյանը ելույթից հետո բեմահարթակից իջնելիս սայթաքել է, ընկել եւ տեղափոխվել հիվանդանոց, ինչի պատճառով ընդհատվել է կոմունիստների հավաքը: 65-66-ամյա թեկնածուի քթից արյուն է հոսել: Նշենք, որ կոմունիստները Վեդի եւ Մասիս քաղաք էին այցելել 20 հոգանոց կազմով՝ կենտկոմի քարտուղարներ Երջանիկ Սաֆարյանի, Գագիկ Մանուկյանի, Վազգեն Սաֆարյանի եւ այլոց ուղեկցությամբ:
ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ
ԿԸՀ տեղեկացմամբ՝ 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ներկայացնվել մինչեւ մարտի 8-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Դանիայի Թագավորություն: Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները եւ դրանց հետագա ընթացքը: Կոպենհագենում կքննարկեն նաեւ ԱՀԿ հետ համագործակցության գերակա հարցերը:
ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների եւ ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման խումբ:
ՄԿՆԴԵՂ ԵՆ ԿԵՐԵԼ
Ապարանում երեք երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետեւանքով: Հիվանդանոց տեղափոխված երեխաները 2010 թվականին, 2012 թվականին եւ 2014 թվականի ծնվածներ են: Նրանք թունավորվել են իրենց պապիկի տանը պատահաբար մկնդեղ ուտելու հետեւանքով: Կատարվում է քննություն: