Կառավարության երեկվա նիստում, մինչ գերատեսչությունների ղեկավարներին լսելը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման ուղղությամբ մի շարք հանձնարարականներ տվեց:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն քայլեր է կատարում՝ խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ, տրամաբանական վաճառքի սակագին եւ ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ:
«Սակայն օրենսդրական, տեխնիկական եւ ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այնուհետեւ խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գանահատման հստակ չափորոշիչներ, ինչպես նաեւ վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման սեզոնային առանձնահատկությունները եւ թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները:
Ըստ վարչապետի ՝ պետք է մշակել ձկնուղիների կառուցման եւ աստիճանների բարձրության նորմեր: «Հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, անհրաժեշտ է ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման եւ նպատակային օգտագործման հնարավորությունները»,- ասաց նա:
Բացի այս՝ երեկ կառավարության նիստի ընթացքում հաստատվեցին 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագիրն ու ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին որոշման նախագիծը։ Այն ներկայացնելով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ նախագիծն ընդունելով՝ կապահովեն շուրջ 10 հազար հա գարնանացան:
«Կօգտագործվի մոտ 612 մլն դրամ, որից 587 մլն դրամը՝ սերմացուներ ձեռք բերելու նպատակով, 25 մլն 696 հազար դրամը՝ բեռնաթափման, բարձման, համայնքներ տեղափոխման, գործուղման եւ այլ ծախսերի համար»,-ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նկատեց. «Մարզային այցելությունների ժամանակ շատ դեպքերում հարց է բարձրացվում, որ այն սերմերը, որ տալիս են, չեն համապատասխանում արդյունավետությանը եւ այլն, երբ պահը գալիս է, նա, ով պիտի վճարի ձեզ այդ սուբսիդավորված գումարը, չի կարող վճարել, որովհետեւ բերքատվությունը լավ չի եղել»։
Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարին վարչապետը հարցրեց, թե պայմանագիր ստորագրելիս այս անգամ ֆիքսե՞լ են կողմերի պատասխանատվությունը: Իգնատի Առաքելյանը, դրական պատասխան տալով, նշեց. «Մենք ֆիքսել ենք, համապատասխան լաբորատորիաներում սերմերը ստուգվելու են»։
«Շատ ուշադիր եղեք, որովհետեւ, եթե դա ֆորմալիզացված չէ, միշտ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալու. մեկնաբանությունները կարող են հիմնավորված եւ չհիմնավորված լինել։ Այդ առումով այս հարաբերությունները պետք է հորիզոնական հավասար պայմաններում լինեն՝ ինչպես նրանց պարտավորությունները ձեր նկատմամբ, այդպես էլ ձեր պարտավորությունները՝ նրանց նկատմամբ»,- ասաց վարչապետը։
Այս խնդիրներից բացի՝ Կարեն Կարապետյանը նաեւ գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա՝ նշելով, որ այն բավարար չէ: «Մենք բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռեւս չի կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռեւս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այս եւ այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները, եւ դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ»,-ասաց նա:
Վարչապետը այս նպատակով հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին 2-ամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական փորձագիտական խմբերի հետ, անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը եւ տրամադրել համայնքներին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ԱԿԱՆՋ ՁԳԵԼՈՎ» ՊԱՐՏՔԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԳՈՐԾՆ «ՕՐԻՆԱԿԱ՞Ն» Է
Հայաստանում գործում է ավելի քան չորս տասնյակ պահնորդական գործակալություն, որոնք մեծամասամբ նույն ծառայություններն են մատուցում: Սակայն կան աննախադեպ եւ «կրեատիվ» բացառություններ:
Այն, որ այս ոլորտում անհավասար մրցակցություն է, արդեն առիթ ունեցել ենք անդրադարձ կատարելու:
Բայց պարզվում է՝ շատերին հայտնի «գաղտնի» ծառայությունները, որոնք մատուցում են պահնորդական ընկերությունները, ամենեւին էլ գաղտնի չեն: Այսպես՝ ուսումնասիրելով պահնորդական ընկերությունների պաշտոնական կայքէջերը՝ անսպասելի «բացահայտում» արեցինք:
2006 թվականին հիմնադրված «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությունը նման հավելված ունի՝ «Աշխատանք ձեռնարկությունների պարտապանների հետ»: Ինչ է այն իրենից ենթադրում: Ըստ կայքում տեղադրված պաշտոնական բովանդակության՝ նման աշխատանքը ընկերության առանձին, չգովազդվող տեսակն է եւ քննարկվում է անմիջականորեն պատվիրատուի հետ: «Ստանձնելով համապատասխան պարտավորություններ՝ ընկերությունը երաշխավորում է պատվիրատուի միջոցների վերադարձը»,- ասվում է հավելվածում: Ինչ է սա իրենից ենթադրում. պարտքերի վերադարձ: Արդյո՞ք խոսքը պարտապանի «ականջները ձգելու» միջոցով «վազվռատ» անելու մասին է: Այլ իմաստ տողերի մեջ չկարողացանք գտնել: Ուստի դիմեցինք ընկերությանը՝ հասկանալու համար՝ օրենքո՞վ է սահմանված նման ծառայություններ մատուցելու իրավասությունը, թե՞ այդ մենաշնորհը միայն «Պանտերայինն» է: «Մենք վերադարձնում ենք մեր աշխատակիցների կողմից ընկերությանը հասցված վնասի գումարները: Դուք սխալ եք հասկացել իմաստը»,- մեր առաջին զանգին ի պատասխան՝ այսպես նշեց քարտուղարուհին:
«Սա թյուրիմացություն է: Մենք չենք հասցրել վերանայել կայքը, դրանով վաղուց չենք զբաղվում: Կթարմացնենք, սխալը կուղղվի»,- այսպիսին էր երկրորդ զանգի պատասխանը: Արդյո՞ք նախկինում նման ծառայություններ ընկերությունը մատուցել է: Մեր հարցը նույն պատասխանը ստացավ: Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներով համալրված ընկերությունը հերքում է, որ գուցե ծեծով կամ այլ անօրինական ճանապարհով պատվիրատուի պարտքերը վերադարձնում է:
Մնում է հուսալ, որ մի գեղեցիկ օր չենք պարզի, որ մարդ առեւանգելը, սպառնալը եւ ծեծը պարտքերը վերադարձնելու օրինական աշխատանք են համարվում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼ
Արդեն գրել ենք, որ նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության աշխատողները չեն ստացել 4-5 ամսվա աշխատավարձերը: Այդ ընկերության աշխատավարձերը գոյանում են երկու աղբյուրից՝ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիական տնտեսություններից հավաքագրված վարձավճարներից եւ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաներից: Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատողները մատակարարած ոռոգման ջրի վարձավճարներն ամբողջությամբ հավաքագրել են: Սակայն պետական բյուջեից հատկացվող սուբսիդիան չի հատկացվել: Նոյեբերյանի ՋՕԸ-ի նախագահ Գագիկ Վերանյանը «Ժողովրդին» հայտնել է, որ իրենց ընկերությունը ստացել է 2016 թվականի հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսների համար նախատեսված սուբսիդիայի գումարները, դրանից հետո, սակայն, բյուջեից ֆինանսական հատկացում չի արվել: Հավելենք, որ Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով «Տավուշ» ՋՕԸ, որի գրասենյակը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Տավուշի մարզպետարան՝ պարզելու, թե Նոյեմբերյանի ՋՕԸ աշխատողների աշխատավարձի պարտքը ե՞րբ կմարվի: Մարզպետարանից պատասխանել են. «Նախկին «Նոյեմբերյան» ՋՕԸ-ի աշխատավարձի պարտքը, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրտնտպետկոմի հետ նախնական պայմանավորվածության, մինչեւ սույն թվականի 1-ին եռամսյակի վերջը կմարվի»:
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼ Է
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սասուն Սոսի Սիմոնյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում անտառային ֆոնդի մեջ չմտնող Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցին հարակից գերեզմանատան տարածքում առանց համապատասխան թույլտվության հատել է 14 հատ կանգուն ծառ՝ պատճառելով 503 հազար 750 դրամի վնաս: Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել): Ս. Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ