ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնել է, որ Սեւանա լճում ստեղծվելու է Ջրասուզակների թանգարան, որտեղ կցուցադրվեն խորհրդային տարիներից մնացած եւ տարբեր տեղերում պահվող սոցիալիստական ռեալիզմի ժամանակաշրջանի արձանները, որոնց մի մասը կտեղադրվի լճի հատակին, ուստի հարկավոր կլինի հատուկ մասնագետների օգնությամբ սուզվել` դրանք դիտելու համար:

Այս տեղեկությունը հանրության, մասնագետների շրջանում տարակարծությունների առիթ է տվել: Ծրագիրն արդեն իսկ սկսել է մտահոգել բնապահպաններին: Բացի էկոլոգներից` ծրագիրը ռիսկային, նաեւ անթույլատրելի են համարում մշակույթի ոլորտի մասնագետները: Քանդակագործ Սահակ Պողոսյանն, օրինակ, բաց նամակ է հղել Արմեն Ամիրյանին` կատարելով հետեւյալ հարցադրումը` ի՞նչ իրավունքով է սովետահայ քանդակագործական դպրոցի նկատմամբ կիրառվում ոչ մասնագիտական վերաբերմունք. «Վերջին հաշվով` այդ դպրոցը Խորհրդային Միությունում ամենալավն է եղել, քանի որ, ուզենք, թե չուզենք, այն ստեղծվել է այնպիսի հանճարեղ մարդկանց կողմից, ինչպիսիք էին Ս. Մերկուրովը, Հ. Գյուրջյանը, Ա. Սարգսյանը, Ղ. Չուբարյանը, Ա. Հարությունյանը եւ շատ ուրիշներ: Ոչ ոք իրավունք չունի ծաղրի ենթարկել այդ մարդկանց` մեծ մասամբ հավատով արված աշխատանքը: Իսկ եթե ուզում եք արժեւորել այդ ժամանակահատվածի մշակույթը, դրա համար կան ուրիշ ձեւեր»,-ասված է նամակում:
Քանդակագործը հարցրել է` ինչո՞ւ կյանքի կոչել այդքան ծախստար եւ բարդ նախագիծ` էկոլոգիական խնդիրներով հղի, այն դեպքում, երբ Հայաստանը չունի իր անկախության շրջանի մշակութային կենտրոնը` թանգարան, որը կարող է հանրահռչակել հայկական արվեստը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ: Նրա խոսքով` որքան էլ մենք դժգոհ լինենք մեր պատմության այս կամ այն շրջանից, այնուամենայնիվ, դա մնում է մեր պատմությունը. չենք կարող փակել մեր աչքերը կամ խեղել իրականությունը. «Դրանք արվեստի գործեր են, որոնք ստեղծվել են վարպետների կողմից, եւ դրանց նկատմամբ արհամարհական վերաբերմունքն անընդունելի է: Այդ գործերի մեջ հրաշալի քանդակներ կան, օրինակ` Մարքսինը: Հիշում եմ` 1980-ականներին Գյումրիում ներկայացվեցին Ս. Մերկուրովի գործերը, այդ թվում` Լենինի, Ստալինի արձանները, մշակույթի, գիտության, քաղաքական ոլորտի գործիչների դիմանկարներ: Դու գնում էիր ցուցադրությանը եւ ականատեսն էիր լինում այդ շրջանի պատմությանը: Հիմա էլ նման մի բան կարելի է անել` քանդակները հավաքել մի պուրակում եւ ցուցադրել: Դա մարդկանց համար պատմությանը ծանոթանալու հրաշալի առիթ կլինի: Խորհրդային շրջանի գործերը սուզելու հարցը առանձին պաշտոնյայի կամ կուսակցության որոշելու խնդիր չէ. պետք է մշակույթի, պատմության ոլորտի մասնագետների խումբ լինի, որը կկայացնի պրոֆեսիոնալ որոշում: Այսինքն` դա որեւէ մեկի կամքի արտահայտման արդյունք չպետք է լինի»,-մեկնաբանեց նկարիչը:
Մենք նշեցինք, որ Ջրասուզակների թանգարանի ստեղծումը, ըստ նախարարի, կարող է նաեւ զբոսաշրջիկներին գրավելու միջոց լինել, իսկ պարոն Շահումյանը հակադարձեց. «Սեւանը քանդուքարափ անելը մեծագույն հանցագործություն կլինի: Այդպես չի կարելի: Զբոսաշրջիկներին գրավելու համար Սեւանի ափին ռեստորանների ու գիշերային ակումբների փոխարեն թող մշակութային միջավայր ստեղծեն: Զբոսաշրջիկի համար հետաքրքիր կլինի, օրինակ, նստել Սեւանի ափին ու գյուղացու հետ մի բաժակ թան խմել: Ի՞նչ պարտադիր է Սեւանի հատակն ինչ-որ բան սուզենք: Ամբողջ աշխարհում նմանատիպ թանգարաններ ստեղծվում են ծովերի հատակներին, բայց Սեւանը Հայաստանի եզակի կենսատուն է, իսկ եթե զբոսաշրջիկը սուզվելու ցանկություն ունի, թող սուզվի, ի՞նչ պարտադիր է՝ այնտեղ քանդակներ տեսնի»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
«ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ՆԵՐՍՈՒՄ Է»
«Էմփիրեյ» ռոք խումբը մարտի 24-26-ը պատրաստվում է մասնակցել Music Drive երեւանյան միջազգային փառատոնին: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը:
«Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների առաջատար ռոք խմբեր, բացի մեզնից` Հայաստանից կներկայանան այլ, հիմնականում կայացած, ճանաչված խմբեր եւս: Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակում` արտերկրի խմբերի հետ, իսկ որ ամենակարեւորն է` հանդիսատեսի հետ կենդանի շփում հաստատելու հնարավորություն կընձեռվի: Չէ՞ որ ռոքի փիլիսոփայությումն ու նպատակը հենց մարդկանց էներգետիկա, մեսիջներ փոխանցելն ու ստանալն է: Ռոքն այն երաժշտությունը չէ, որը կարելի է լսել, օրինակ, ընթրելիս, ուտելուն զուգահեռ: Ռոքը տոն է, որը միտված է մարդու մեջ ինչ-որ բան արթնացնելուն»,-մեկնաբանեց երաժիշտը:
Նա նաեւ նկատեց, որ երաժշտական այն խմբերը, որոնք մեկնում են Հայաստանից եւ արտերկրում թեկուզ փոքրիկ հաջողության են հասնում, միանգամից լայն ընդունելություն են ստանում հայրենիքում, իսկ ահա այն խմբերը, որոնք մնում են այստեղ եւ ոչ պակաս նվաճումներ են ունենում, հաճախ անտեսվում են ժողովրդի կողմից. «Ցավալի է, որ չի գնահատվում այն, ինչ ներսում է: Բայց արի ու տես, որ մեր երաժիշտները ոչնչով չեն զիջում արտերկրի երաժիշտներին այն դեպքում, երբ դրսում կազմակերպչական խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել: Այնպես որ, փառատոնը հնարավորություն կընձեռի վերագնահատելու ներսի խմբերին»,-շեշտեց Գ. Պալյանը:
Նա, խոսելով «Էմփիրեյ»-ի առաջիկա ծրագրերից, տեղեկացրեց, որ մտադիր են հանդիսատեսին ներկայացնել նոր երգ` հավանաբար տեսահոլովակի տեսքով. «Երգը ներանձնային եւ միջանձնային հարաբերություններում ծագող խնդիրների մասին է»,-ասաց երաժիշտը:
Մենք հետաքրքրվեցինք` «Էմփիրեյ»-ին առաջիկայում կտեսնենք արդյոք ակումբային համերգների շրջանակներում. «Կարծում եմ` կլինեն նման համերգներ, մտածում ենք այդ ուղղությամբ: Եթե նկատել եք` Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում, դաշտը մեռած է. գուցե այդ գործունեությունը ծախսատար է, իրեն չի էլ արդարացնում: Այդ պատճառով շատ խմբեր սկսում են երգել ակումբներում: «Էմփիրեյը» հիմնականում նախընտրել է ելույթ ունենալ համերգասրահներում այն պարզ պատճառով, որ այդ վայրերում, ի տարբերություն ակումբների, առաջին պլանում է երաժշտությունը»,-եզրափակեց Գ. Պալյանը:

 

 

ԵՐԳՆ ԸՆՏՐՎԵԼ Է
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին: Մրցութային երգը կկրի «Fly with me» խորագիրը: Առաջին ալիքից տեղեկացնում են, որ ընտրության համար ստացվել է շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը համապատասխանել է մրցույթի` այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում: «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները` Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը:
Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգը եւ տեսահոլովակը հանրությանը կներկայացվեն մարտի 18-ին:
Նշենք, որ «Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա:
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս