ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը: Պատահական չէ այն փաստը, որ թեեւ ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ՀՀԿ նախընտրական քարոզարշավն անցկացնում է անձամբ Կարեն Կարապետյանը: Ավելին` վարչապետը սոցիալական ցանցերից մեկում «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցի հղումը տեղադրել է հետեւյալ նախաբանով` «Հայաստանի տնտեսական զարգացման իմ տեսլականը` 2018թ-ից»: Այլ կերպ ասած` Կարապետյանը շատ հստակ հասկացրել է, որ դեռ երկար ժամանակ ինքն է լինելու Հայաստանի վարչապետը` անկախ այն խոսակցություններից, որ 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, ինքը չի բավարարի կառավարության անդամների համար սահմանված չափորոշիչներին, քանի որ վերջին չորս տարում մշտապես չի բնակվել Հայաստանում:
Ամենայն հավանականությամբ, Կ. Կարապետյանին այս վստահությունը ներշնչել է Սերժ Սարգսյանը, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հայտարարել է, թե վարչապետը երկարատեւ գործունեություն է ծավալելու: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա նաեւ նշել է, թե Կարապետյանը մեծ անելիք ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ պետության մեջ, եւ նրա հետ երկարատեւ պլաններ են մշակել: Սա ՀՀԿ-ականների մոտ կարծիք է ձեւավորել, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը մտադիր է հանձնել Կարեն Կարապետյանին:

 

 
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի եւ անգործության: Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը: Բացի այդ` մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս գտնվում է արձակուրդում: Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով: Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի երեք տեղակալներն էլ արձակուրդում են, իսկ Շիրակի մարզպետարանից արձակուրդ է մեկնել միանգամից հինգ հոգի, իսկ ահա Սյունիքի մարպետարանում, բացի Վ. Հակոբյանից, արձակուրդում են վարորդը, մամուլի խոսնակը, խորհրդականը, օգնականն ու աշխատակազմի ղեկավարը:

 

 

 
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ: Հիշեցնենք` փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն` բացակայում է դիմողի բողոքը: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլեւս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը:

 

 

 
Սեւանի քաղաքապետարանում բացահայտված աղմկահարույց չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: Մեր տեղեկություններով՝ խոսքը ավելի քան 90 մետր խողովակների անհետացման մասին է: Այս գործով հարցաքննվել է նաեւ Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, բայց որպես վկա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը քրեական գործը որակեց «օդ» եւ նշեց, թե այն հարուցվել էր՝ մեղադրանքն իր վրա «բարդելու համար»: Ի դեպ, այս գործով դատավորն է Վահագն Մելիքյանը, որը նոր է ստացել քրեական գործը եւ դեռ չի նշանակել դատաքննության օրը:

 

 

 
ՈՎ Է ՓՈԽԱՐԻՆՈՂԸ
Երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշոնից: Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը: Թե ինչպիսի դեսպան է եղել Օլեգ Եսայանը եւ որքանով է արդյունավետ եղել նրա՝ անցած 7 տարիների պաշտոնավարումը Ռուսաստանի Դաշնությունում, իսկ մինչ այդ էլ՝ Բելառուսում /2006-2010թթ/, առիթ ունեցել ենք գրելու: Հաշվի առնելով հատկապես Բելառուսում վերանշանակվելու մասին խոսակցությունները՝ ընդգծենք, որ դրական բան Եսայանի դիվանագիտական գործունեությունում, մեղմ ասած, դժվար է հիշել:
Այսօր, սակայն, առավել կարեւոր է այն հարցը, թե ով է Ռուսաստանում Եսայանին փոխարինողը: Հանրությանը, լրատվական շրջանակներին եւ անգամ քաղաքական դաշտին Վարդան Տողանյան անուն-ազգանունը ոչինչ չի ասում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տողանյանը կադրային դիվանագետ է: Դեսպանի պաշտոնում նշանակման օրն իսկ նախանձելի օպերատիվությամբ «Վիքիպեդիայի» էջում նրա կենսագրականում կատարված նշումը, որ Տողանյանը հանդիսանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, ինչ խոսք, բավականին խոսուն է: Նույն այդ էջի, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, սակայն, Վարդան Տողանյանի դիվանագիտական գործունեությունը ծավալվել է 1992-2000թթ.՝ Մոսկվայում ՀՀ ներկայացուցչության գլխավոր մասնագետից մինչեւ դեսպանության խորհրդականի պաշտոնների շրջանակներում: Իսկ ահա վերջին առնվազն 17 տարիներին Տողանյանը զբաղվել է բիզնեսով եւ, կարծես թե, բավականին հաջողակ:
Ի թիվս նրա՝ պաշտոնապես ներկայացված բիզնես գործունեության՝ /Տողանյանը նաեւ «Եվրասիական մեդիախումբ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է/ ռուսական մամուլը նախօրեին հիշեցնում էր, որ Տողանյանի անունը ներառված է օֆշորային հայտնի պանամական փաթեթում, բացի այս՝ ՀՀ նորաթուխ դեսպանը հանդիսանում է ադամանդագործական «Շողակն» ընկերության բաժնետերը:
Այսպիսով՝ մի բիզնեսմենին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում գալիս է փոխարինելու մեկ այլ բիզնեսմեն: Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանի համար կարեւորագույն այս երկրում դեսպանի համար չկար այլ՝ առավել արժանավոր եւ իր դիվանագիտական փորձառությամբ համապատասխան թեկնածու, մի՞թե այսուհետ դեսպանի պաշտոնում նշանակվելու, ապա էլ ավելի բարձր պաշտոններում հայտնվելու համար դրական նախապայման է դիտվում օֆշորային սկանդալներում ներգրավված լինելը /Տիգրան Սարգսյանն էլ, հիշեցնենք, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպանն էր, հիմա էլ ԵՏՀ նախագահն է/, եւ, վերջապես, արդյոք Վարդան Տողանյանին ճանաչում է Սոլովյեւը:




Լրահոս