ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՒՄԲ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հոգեբան Սամվել Խուդոյանի հետ զրուցել է քաղաքական ուժերի կողմից կիրառվող այն մեխանիզմների մասին, որոնցով փորձ է արվում ազդել հասարակության գիտակցության վրա:

-Պարո՛ն Խուդոյան, ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, ասել է, թե 9 տարբեր կարգախոսներ, որոնք, ըստ էության, նման են իրար: Ըստ Ձեզ՝ ո՞ր ուժի կարգախոսն է ավելի հաղթող եւ որի՞նը ավելի թույլ:
-Մեծ նշանակություն ունի, թե կարգախոսի հետեւում ով է կանգնած: Կարգախոսը ինքնին կարեւոր բան չէ, որ մարդիկ գնան եւ ասեն՝ այս ուժի կարգախոսը լավն է, նրան ընտրենք: Իմ տպավորությամբ՝ կարգախոսներից, հոգեբանական տեսանկյունից, ավելի ճիշտ է կառուցված ՀՀԿ-ի կարգախոսը՝ անվտանգություն, որը ժողովրդի ցանկությունն է արտահայտում, այսօր իսկապես անվտանգության հարցն ամենալավն է: Առաջընթացի մասով չէ, իսկ եթե լիներ անվտանգություն եւ արդարություն, դա շատ ավելի ուժեղ կլիներ, բայց ՀՀԿ-ն ինչ արդարությունից կարող է խոսել: Ամենաթույլերից, օրինակ, «Մենք կարող ենք»-ն է, դա էլ իրենց անինքնավստահությունն է դրսեւորում: Այդպիսի ընկալում կա: Կարգախոսների մասով պրոֆեսիոնալիզմը թույլ է, տեսահոլովակներից էլ ՀՀԿ-ն իսկապես լավ տեսահոլովակ է ներկայացրել, դե, պարզ է՝ գումարներ շատ ունեն:
-Իսկ ընդհանրապես կարգախոսներին ուշադրություն դարձնո՞ւմ են:
-Կարգախոսներին այդ աստիճան չէ, որքան տեսահոլովակներին, բայց կարգախոսներն էլ գրավիչ բան ունեն, եթե անկեղծ են: Բայց ներկայումս անկեղծությունը չի զգացվում ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր թեւում: Ես արդար բառը հանդիպեցի կուսակցություններից կոնկրետ մեկի մոտ, բայց արդեն այդ կուսակցությունը համարվում է անարդար, եւ այդտեղ անկեղծությանը հակառակ բան են ասում, որն արդեն թեքվում է իրենց դեմ:
-Իշխող քաղաքական ուժի ղեկավարը չի գլխավորում իրենց նախընտրական ցուցակը: Դա դրական ազդեցություն կունենա՞, թե՞, այնուամենայնիվ, բացասական:
-Ո՛չ արդյունավետ եւ ո՛չ էլ բացասական, բոլորն էլ գիտեն, որ դա իր կուսակցությունն է: Լենինն էլ կարող է չլիներ, բայց ինքն էր թելադրում այդ կուսակցության մեջ: Դա որեւէ նշանակություն չունի: Ընդհակառակը, դա կարող է դրական լինել, որովհետեւ նրա հանդեպ բացասական վերաբերմունք կա, եւ նրանք աշխատել են ընդհանրապես իրենց տեսահոլովակներում, իրենց ցուցակներում դեմքեր ներկայացնել, ովքեր հարաբերականորեն վարկաբեկված չեն, իսկ նրանք, ովքեր վարկաբեկված են, նրանց կերպարը արդեն իսկ բացասական է ազդում ժողովրդի վրա, չեն հայտնվում ե՛ւ իրենց նկարներում, ե՛ւ իրենց տեսահոլովակներում, աշխատում են օտարվել նրանցից:
-Եթե նկատել եք, ՀՀԿ-ն քարոզչական աշխատանքներն իրականացնում է Կարեն Կարապետյանի դեմքով: Սա կօգնի՞ կուսակցությանը:
-Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի, որի նկատմամբ էլ այդպես բացասական վերաբերմունք չկա, չնայած այդ հազար դրամների պատմության պատճառով բացասական աուրա եղավ: Բայց դա ոչ թե կուսակցություն է, այլ պաշտոնի համար պայքարող մարդկանց խումբ է: Ես հիշում եմ, որ անգամ Սերժ Սարգսյանն ասել էր՝ ես կուսակցական գործիչ չեմ, ես քաղաքական գործիչ եմ: Ըստ էության, Կարեն Կարապետյանը անկուսակցական մարդ է, մենեջեր է: Մենեջմենթն է մեր հիմքը. սա է իրենց մեսիջը:
-Բայց Կարեն Կարապետյանը համալրեց կուսակցության շարքերը:
-Հասկանալի է, բայց երկու օր հետո չեն դառնում կուսակցության գաղափարների կրողը, ի պաշտոնե ասել են՝ պիտի՛ մտնես, ամոթ է, որ չմտնես, այսինքն՝ կարելի է ասել, որ այդ կուսակցությունը հանդես է գալիս մենեջմենթի դեմքով: Իրենք հիմա միայն կարող են աշխատել ժողովրդի տրամադրության վրա, միմիայն հուզական ոլորտի վրա, տրամաբանորեն նրանք ոչինչ չեն կարող ապացուցել, կյանքը ցույց է տալիս, թե ինչ է իրենց կառավարման համակարգը: Նրանք ուզում են տեսահոլովակներով, համերգներով մարդկանց մեջ դրական, հուզական երանգ ստեղծել:
-Այս շրջանում քաղաքական ուժերը տարված են քարոզչական աշխատանքներով, բայց իրականում ժողովրդի վրա ազդո՞ւմ են դրանք, թե՞ հիասթափությունը գերիշխող է:
-Բնականաբար, այդ հիասթափությունը կա, նույն դեմքերն են հանդես գալիս, որոնք բազմիցս խոսել են, նույն դեմքերը հաճախ տարբեր կերպարներով են հանդես գալիս՝ մտածելով, որ ժողովուրդը սկրելոզով է տառապում: Բայց բոլոր դեպքերում մարդիկ հիմնականում գիտեն՝ ինչը ինչպես է: Էական հետաքրքրություն չկա մինչեւ այն պահը, երբ ժողովուրդը զգա, որ ռեալ փոփոխություն է հնարավոր: Դպրոցի մանկավարժներին կբերես, հարեւան, բարեկամ ծանոթներին կբերես, այս սկզբունքով են տեղի ունենում ընտրությունները: Շատերն ասում են՝ ով շատ փող տա, նրան կընտրեմ:
-Իսկ ընտրակաշառքներն ի՞նչ ազդեցություն են ունենում:
-Ինչ-որ մեխանիզմներ մշակում են, որով պիտի հետեւեն: Ես ասում էի՝ բոլորից վերցնեն, որ էլ բարոյական պատասխանատվություն չունենան, որ գնան, իրենց խղճով ում ուզեն, նրան էլ ընտրեն: Ես համոզված եմ, որ մեր աստղերը, տարբեր մարդիկ սիմպատիաներ ունեն որոշակի խմբերի հանդեպ, բայց կարող եք գնալ, ուրիշի համար երգել, սրանց համար էլ երգել, որ Դուք չվարկաբեկվեք, որ ասեք՝ մեր գործն ենք անում, գնացել ենք, նաեւ ընդդիմության համար ենք երգել: Մի խոսքով՝ կաշառքը, իհարկե, նշանակություն ունի: Մեխանիզմների մասով, ինչքան գիտեմ, ասում են՝ եթե այս մարդը չընտրվի, հետ ենք վերցնելու, գյուղում ասում են՝ ջուրը կկտրենք, այս ձեւով վախեցնում են, ազդում վրաները, ավելի միամիտներին ասում են՝ նկարվելու է, մենք գիտենք՝ ում ես ընտրելու եւ այլն:

 

 

 

 
ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ՈՉ՝ ԿՈՆԿՐԵՏ ՄԵԿԻՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ թեեւ խորհրդարանական այս ընտրություններին չի մասնակցելու, սակայն աջակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Նուշիկյան ասոցացիայի նախագահը նախընտրական այս շրջանում աջակցում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին: «Իսկ որտեղի՞ց դա վերցրիք, որ ես աջակցում եմ Կարապողոսյանին,-«Ժողովուրդ»-ից հետաքրքրվեց Նուշիկյանը եւ վստահեցրեց,-ես Կարապողոսյանին չեմ ճանաչում»:
Հիշեցնենք՝ լուրեր էին շրջանառվում, որ Գարեգին Նուշիկյանը իր չառաջադրվելու պատճառով նեղսրտել է ՀՀԿ-ից, քանի որ նախընտրական ցուցակները հրապարակվելուց որոշ ժամանակ առաջ պատգամավորը հայտարարում էր, թե առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Սակայն կուսակցությունների ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նուշիկյանը չկա հանրապետականների ո՛չ համամասնական ցուցակում եւ ո՛չ էլ ռեյտինգային թեկնածուների ցանկում: Այդ իսկ պատճառով նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը Նուշիկյանից հետաքրքրվեց՝ եթե ոչ Կարապողոսյանին, ապա ու՞մ թեկնածությունն է պաշտպանելու այդ տարածքում, որտեղ ինչպես հայտնի է՝ առաջադրվել է նաեւ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Վերջինս էլ համարվում է այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից առավել մեծ շանսեր ունեցողը: Նշենք, որ նրան է աջակցում նաեւ Մհեր Սեդրակյանը, ով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ եթե ընկերներն իր խոսքը հարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կընտրեն. «Կոնկրետ մեկը չկա»,- ի պատասխան մեր հարցի՝ նշեց Նուշիկյանը, սակայն միեւնույն ժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությանն է աջակցելու:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀԺԿ անդամ Սասուն Ավագյանը: Ընդ որում, Ավագյանն այդ միջոցառմանը մասնակցում էր որպես կազմակերպիչ. նա Ծաղկահովիտ գյուղում հավաքում էր օգնությունների խնդրանքներով Գագիկ Ծառուկյանին ուղղված տեղացիների նամակները: Եւ սա այն դեպքում, երբ ՀԺԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀԺԿ վարչության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել Սասուն Ավագյանին կուսակցությունից հեռացնելու մասին: ՀԺԿ-ն Սասուն Ավագյանին հեռացրել է կուսակցության ծրագրային սկզբունքներին դավաճանելու եւ ընտրություններին այլ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու համար:

 

 

 

ԱԿՆՈՑ ՏԱՄ, ՁԱՅՆ ՏՈՒՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստամատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցի բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ: «Դա ընդամենը մեկ օր տեղի ունեցավ եւ նախընտրկան շրջանի հետ կապ չունի: Դա սովորաբար տարվա ընթացքում քաղաքապետի կողմից է բաժանվում: Այն ատամնաբուժարանի հետ կապ չունի. ինձանից ընդամենը քաղաքապետարանը խնդրել է մեկ սենյակ տրամադրել, իսկ ես էլ տվել եմ: Եկել են, բաժանել են դա ու գնացել: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք անուն-ազգանուն չեն գրել, չեն ցուցակագրել: Տեսել եմ միայն, որ մարդիկ ակնոցը ստացել ու գնացել են»,- ասաց նա:

 

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որ հիմա Սերժ Սարգսյանի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի Արարատի մարզային կառույցի ղեկավարը, 2016թ. 15 մլն դրամով բնակարան է գնել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2016 թվականի վերջին ունեցած փոխառության, վարկի գումարը կազմել է 205 հազար դոլար: Սարգսյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 54 հազար 416 դոլար: Նախկին ոստիկանապետի տիկինը՝ Անահիտ Սարգսյանն էլ, լինելով տնային տնտեսուհի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել՝ 5 մլն 833 հազար դրամով: Խորհրդականի տիկնոջ փոխառությունները անցած տարեվերջին կազմել են 6500 դոլար: Իսկ հայտարարագրած դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ: Սարգսյանի տիկինը անցած տարի 5 մլն դրամ է նվեր ստացել, որն էլ ձեւակերպել է որպես եկամուտ: Բացի այս՝ նա որպես եկամուտ հայտարարագրել է տրված փոխառություններից ստացած 130 հազար դրամը:




Լրահոս