ԲԱԺՆԻ ՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի քաղաքապետարանում հայտնաբերված աղմկահարույց չարաշահումների մասով հարուցված քրեական գործով կա մեղադրյալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրավապահները քաղաքապետարանի աշխատակիցներից պահանջել են համապատասխան փաստաթղթեր, որոնք հետագայում առգրավվել են։

Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի սեպտեմբերին անդրադարձել էինք Սեւանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին:
Բանն այն է, որ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր 2016 թվականի հուլիսի վերջերին Սեւանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։ Սեւանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կատարելը):
Արդյունքում Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագրով հրավիրվել էր հարցաքննության որպես վկա, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ քննիչը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկել։ Իսկ կոնկրետ ինչ պաշտոնեական անփութության մասին էր խոսքը, ըստ նախաքննական մարմնի, hամայնքի պաշտոնատար անձինք զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Նախկին քաղաքապետը չէր ընդունում կատարվածում իր բաժին մեղքը եւ դեռ ավելին՝ ըստ էության կատարվածը սքողելու համար այդ օրերին քաղաքի ճարտարապետին գործուղել էր Տավուշի մարզ: Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, անգամ գործուղումը չփրկեց Սեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, եւ այս գործով իրավապահները դուրս են եկել լուրջ հետքի վրա:
«Ժողովուրդ»-ին վերոնշյալ քրեական գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ իրավապահները առգրավել են Սեւանի քաղաքապետարանի համապատասխան փաստաթղթերը եւ գտել այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել, որ քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք առաջադրեն: Պարզեցինք, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ լինելով համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ՝ ոչ պատշաճ է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով Սեւան համայնքին պաշտոնեական անփութությամբ պատճառել է էական վնաս։ Իսկ թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց, միայն նշենք, որ 2017 թվականի մարտի 9-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունը Արտաշես Բադալյանի պաշտոնեական անփութության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտել է եւ այն ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:
«Ժողովուրդ»-ը Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանից փորձեց պարզել, թե ինչպես նա այս պատմությունից «չոր դուրս եկավ», արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեց Արտաշես Բադալյանը, վերջինս ասաց. «Պաշտոնեականը մի կողմ թողեք, իրեն մեղադրանք են առաջադրել անփութության համար, այդ տղեն մեղավոր չի, այդ գործը դատարկություն է, օդ է: Դուք խելացի մարդ եք, չէ՞, գողին մեղադրանք չեն առաջադրում, ով խողովակները գողացել էր, անփութության համար այդ մարդուն են մեղադրանք առաջադրում: Ասեմ, որ գողոնը հետ են վերադարձրել, բայց միեւնույն է՝ նրան մեղադրանք կառաջադրեն անփութության համար»: Մեր այն հարցին, թե ով է եղել քաղաքապետարանի խողովակները գողացողը, նախկին քաղաքապետն ասաց, թե չգիտի. «Էս ամեն ինչը անում էին՝ ինձ վրա գցելու համար, եթե բան գտնեին, կանեին, ես դեռ այն ժամանակ ասում էի, որ իմ մասով որեւէ բան չկա»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԲՈՂՈՔՈՂԸ ՉԿԱ
Նախընտրական ծեծուջարդի գործը կրկին «ջրվեց։ Դարձյալ պատճառը բողոքի բացակայությունն է։
Եվ այսպես՝ փետրվարի 26-ին հրապարակվել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Փարպի գյուղում ծեծի էին ենթարկել բնակիչներից մեկին: Իսկ պատճառը եղել էր այն, որ Փարպի գյուղի բնակիչներ երկու եղբայրներ ասել էին, թե ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: Արդյունքում ՀՀԿ-ական թեկնածուի թիմակիցները Բազմասեր Առաքելյանի տուն էին հրավիրել Փարպի բնակիչներին, եւ նրանց մեջ սկսել էր տհաճ խոսակցություն: Արդյունքում նրանց միջեւ խոսակցությունը այն աստիճան էր թեժացել, որ ՀՅԴ-ի օգտին քվեարկող բնակիչներից մեկը հայհոյել էր ներկաներին, արդյունքում գործի էին դրվել բռունցքները: Չբավարարվելով եղբայրներից մեկին ծեծելով՝ հարձակվել էին նաեւ տուժածի եղբոր վրա: Իրավապահները դեպքին ընթացք էին տվել, եւ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի հրահանգով ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով` ծեծ, նյութեր էին նախապատրաստել:
Երեկ նյութերի նախապատրաստման համար նախատեսված 10-օրյա ժամկետը լրացավ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի հիմքով քրեական գործ չի հարուցվել, եւ այն կարճվել է. «Քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:
Ըստ էության, կոալիցիոն գործընկերները կատարված միջադեպը լուծեցին ոչ թե իրավական հարթությունում, այլ ներքին կարգով, ինչը սպասելի էր բոլորին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով մեկնաբանություն չի տալիս: Մեր այն հարցին՝ որտեղ կարող ենք նրան տեսնել եւ անձամբ մեկնաբանություն ստանալ, Աղվան Վարդանյանը նշեց, թե՝ երկնքում, երկնքում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

550 ԿՐԱԿՈՑ
Մարտի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վաչե Մարգարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գեղամ Մարգարյանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Սուսաննա Գզոգյանը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

 

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Մարտի 10-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա է եղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ:

 

 

 

ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը, դրանում Բուլղարիայի մասնակցության հնարավորությունը:

 

 

 

ԿՈՄԿՈՒՍԸ՝ ԱԶԱՏԱԳՐՈՂ
Դալարիկ գյուղում նախընտրական հանդիպման ընթացքում Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ներկայացրել է իրենց ծրագիրը, հիշեցրել նախկին առատ տարիները եւ խոստացել՝ ընտրվելու դեպքում ընդերքը կվերադարձնեն ժողովրդին, հողերը կմիավորեն իրար՝ կոոպերատիվներ կդարձնեն եւ այլն: Կոմունիստները հիշեցրել են, որ Կոմկուսը ազգերին ազատագրել է ֆաշիզմից եւ կոչ արել ընտրել իրենց, որպեսզի ժողովուրդն ազատվի այս ծանր վիճակից:




Լրահոս