Նախընտրական քարոզարշավն արդեն բուռն ընթացքի մեջ է, եւ ճիշտ պահն է ուշադրությամբ զննելու ԱԺ հատկապես իշխանական պատգամավորներին, որոնց գործունեության արդյունքում է նաեւ մեր երկիրը հասել ներկայիս դրությանը: Այդ առումով ուշագրավ է գործարար պատգամավորների օրենսդրական աշխատանքը, որոնց թվում են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Գարեգին Նուշիկյանը:
Հարություն Ղարագյոզյանը այն երջանիկներից է, որ անկախությունից ի վեր պատգամավոր է: Նա առավելապես հայտնի է «Կարամելի Հարութ» մականվամբ, որը ձեռք է բերել Երեւանի հրուշակեղենի եւ կարամելի գործարանի տնօրեն եւ սեփականատեր եղած ժամանակ: 1990-95թթ. նա Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1995-99թթ. եղել է ՀՀՇ-ի շուրջ խմբված «Հանրապետություն» միավորման կազմում, սակայն ՀՀՇ-ի իշխանության անկման ժամանակ նա շտապեց միանալ «Երկրապահ» խմբակցությանը: 1999թ., երբ իշխանությունն անցավ «Միասնություն» դաշինքին, Ղարագյոզյանն արդեն վերջինիս խմբակցությունում էր: 2003-07 թթ. ԱԺ-ում Ղարագյոզյանի քաղաքական հայացքները համընկնում էին ՀՀԿ-ի հետ, սակայն 2007թ. թերեւս ծագեցին «գաղափարական սուր հակասություններ», ինչի արդյունքում սույն պատգամավորը հայտնվեց ԲՀԿ խմբակցությունում: Ի տարբերություն 1990-2003թթ. ժամանակահատվածի, երբ Ղարագյոզյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, 2007թ. ի վեր նա մանդատ է ստացել արդեն ԲՀԿ համամասնական ցուցակով: 2015թ. Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու Սերժ Սարգսյանի օպերացիայի օրերին Ղարագյոզյանը տատանվում էր՝ լքե՞լ ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Սկզբում նա հայտարարում էր, որ ԲՀԿ-ն լքելու մտադրություն չունի, սակայն օրեր անց պարզ դարձավ, որ Ղարագյոզյանը, այնուամենայնիվ, հեռացել է կուսակցությունից:
Այս պատգամավորի ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է գրել՝ այդ շարքում դասելով «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը, մի շարք երթուղային գծերը եւ այլն: Սակայն Ղարագյոզյանի պարագայում նույնպես կարծես գործում է հայաստանյան իրականության այն օրինաչափությունը, երբ կինը ավելի հարուստ է, քան ամուսինը: Այսպես՝ 2015թ. Ղարագյոզյանի հայտարարագրած միջոցները կազմում էին 55 հազար ԱՄՆ դոլար եւ 32 մլն ՀՀ դրամ, մինչդեռ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի միջոցները՝ 370 մլն ՀՀ դրամ, 850 հազար ԱՄՆ դոլար: Ինչեւէ, 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից Ղարագյոզյանը բացակայել է 259 անգամ: Կողմ է քվեարկել 442 անգամ, դեմ եւ ձեռնպահ` 13 եւ 34: Որեւէ անգամ չմոտենալով Աժ ամբիոնին կամ հարցերով հանդես չգալով՝ նա 217 անգամ հրաժարվել է քվեարկությունից: Նախընտրական շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը արգելել է մի շարք պատգամավորների ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքում, որոնց թվում էր նաեւ Ղարագյոզյանը: Սակայն այսօր նա դաշինքի 29-րդ համարն է:
ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորներից է Արկադի Համբարձումյանը՝ հայտնի որպես «Դերժավայի Արկադ»: Այս մականունը պատգամավորը վաստակել է իր սեփականությունը համարվող «Դերժավա-Ս» ՍՊԸ-ի անունից: Նա ՀՀ Աժ պատգամավոր է 2003 թվականից՝ այնժամ ՕԵԿ-ի համամասնական ցուցակով հայտնվելով խորհրդարանում: Երբ Արթուր Բաղդասարյանը լքեց իշխանական կոալիցիան, Համբարձումյանը նախընտրեց դուրս գալ ՕԵԿ-ից եւ միանալ «Գործարար» պատգամավորական խմբին: 2007թ. եւ 2012թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր է դարձել թիվ 29 ընտրատարածքից: Այս ընտրություններում էլ նա ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն է Լոռու մարզից, որտեղ պիտի մրցի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀԿ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականտեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի հետ: Համբարձումյանի ունեցվածքի եւ տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու մասին մամուլի հրապարկումները բազմաթիվ են: Օրինակ՝ 2012թ. պատգամավորի քրոջ որդին մասնակից էր ԵՊՀ-ի մոտ հնչած կրակոցների պատմությանը, 2013թ. Աբովյան փողոցում հնչած կրակոցների հետ առնչվում էր Համբարձումյանի որդու անունը եւ այլն: Ի դեպ, նրա սեփականությունն է համարվում «Լաքոսթ» ֆիրմային խանութը, ըստ մամուլի տեղեկությունների՝ տիրապետում է մենաշնորհային առավելությունների «Բաունթի», «Սնիկերս», «Թվիքս» եւ այլ կոնֆետների ներկրման դաշտում: Նկատենք, որ ի տարբերություն բիզնեսի ոլորտում արձանագրած հաջողությունների` Համբարձումյանը նույնչափ փութաջան չէ օրենսդրական գործունեության մեջ: 5 տարվա ընթացքում նա կողմ է քվեարկել 728 օրինագծերի, դեմ եղել 8 անգամ եւ միայն 1 անգամ ձեռնպահ: 95 անգամ հրաժարվելով քվեարկություններից՝ Համբարձումյանը 131 անգամ բացակայել է ԱԺ նիստերից: Ինչպես եւ ակնկալվում էր, նա որեւէ անգամ Աժ ամբիոնից ելույթ չի ունեցել, հանդես չի եկել հարցապնդումներով:
ՀՀԿ-ի պատգամավորներից է նաեւ գործարար Գարեգին Նուշիկյանը, որը մանդատ է ստացել 2012թ. թիվ 10 ընտրատարածքից: Այնժամ նա հաղթել էր մեկ այլ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին ընդամենը 450 քվեի տարբերությամբ: Գ. Նուշիկյանը 1993 թվականից իր անունը կրող՝ «Նուշիկյան ասոցացիա» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, 1996-2012թթ. եղել է նույն ՍՊԸ նախագահը: Այս ընտրություններին Նուշիկյանը վճռել է չմասնակցել: Այդ որոշումը նա բացատրել է տարբեր պատճառներով՝ այդ թվում հիշատակելով ռեյտինգային ընտրակարգը: Իր համար ավելի նախընտրելի համարելով մեծամասնական ընտրակարգով առաջադրվելը` Նուշիկյանը նաեւ այդ պատճառով է հրաժարվել մաս կազմել որեւէ համամասնական ցուցակի: 2012-17թթ. ընթացքում այս պատգամավորը Աժ-ում կողմ է քվեարկել 903 անգամ, դեմ եւ ձեռնպահ՝ 9 եւ 3: 16 անգամ չքվեարկելով՝ Նուշիկյանը բացակայել է 34 նիստերից: Թեպետ նա երբեւէ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, սակայն այս ընթացքում 4 անգամ հանդես է եկել հարցապնդումներով:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը փետրվարի 15-ին աուդիտ է անցկացրել մարզի Ծաղկաշատ գյուղի դպրոցում: Արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, իսկ դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանը կարգապահական տույժի է ենթարկվել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ փետրվարի 22-ի կարգադրությամբ: Մուսայելյանը աշխատանքում ունեցել է լուրջ թերություններ եւ խախտումներ:
Հայտնաբերված «լուրջ խախտումների եւ թերությունների» շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ծաղկաշատի դպրոցի նորանշանակ տնօրեն Անահիտ Մուսայելյանի հետ: «Ես նոր տնօրեն եմ, իսկ հայտնաբերված թերություններն ու խախտումները փորձառության պակասի հետեւանքներ են: Այսինքն՝ օրենքների ոչ ճիշտ տիրապետման արդյունք է», -«Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրենը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ խախտումները հիմնականում կապված են եղել վերջնահաշվարկների հետ: «Գործուղումների մասով ավելորդ գումարներ էինք հատկացրել, որոնք հիմա հետ ենք վերադարձնում: Օրինակ՝ մարդը ազատվել է աշխատանքից եւ մեկնել արձակուրդ, մենք իրեն վերջնահաշվարկ էինք տվել, որը պետք է չվճարեինք: Ինչը օրենքների թերիմացության արդյունք է»,- պարզաբանեց դպրոցի տնօրենը: Հուսանք՝ տույժից հետո տնօրենը կսովորի «դասերը»։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱԿ-ԻՑ ԵՎ ՀԺԿ-ԻՑ ԲԱՑԻ՝ ԲՈԼՈՐԸ ՍՐԻԿԱՆԵ՞Ր ԵՆ
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի թեկնածու Գուրգեն Ասատրյանը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի Տավուշի մարզի տարածքային այլ թեկնածուների հետ մարտի 9-ին Այրում քաղաքում նախընտրական հանդիպում է ունեցել: Այրում քաղաքի մշակույթի տան հրապարակում կայացած այդ հանդիպմանը քիչ թվով՝ մոտ 40 մարդ է մասնակցել: ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը հայտարարել է. «Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի ռեժիմը Սահմանադրությունը փոխեց, բռնաբարեց Սահմանադրությունը»: Երիտասարդ թեկնածուն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարել, մասնավորապես նախընտրական ցուցակների առաջին համարները՝ բացի ՀԱԿ-ից եւ ՀԺԿ-ից, պաշտպանել են Սերժ Սարգսյանի կատարած սահմանադրական փոփոխությունները: Նա հայտարարել է. «Մենք իրավունք չունենք ձայն տալու այս սրիկաներին, այս հանցագործներին: Այսօր Սերժը երես չունի, Սերժը չի կարող այս ժողովրդի մեջ կանգնի»: Գ. Ասատրյանը հավելել է. «Թալա՛ն, թալա՛ն, թալա՛ն, Սերժը, մնացածը, բոլորը թալանելու են: Ուրիշ ճանապարհ չկա: Իրենք ձեզ խաբում են, խաբելու են ու պիտի խաբեն, 18 տարի էս երկիրը մաշել են, մեր էրեխեքին տարել սահմանը, սպանել են: Էլ ի՞նչ անենք, ի՞նչ ունենք վախելու, վախելու ոչինչ չունենք»:
ԴԱՏՈՒՄ ԵՆ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բերդ քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. նոյեմբերի 21-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Արդամ» հանդամասում նույն գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնի շրջանին, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս: 2017թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Մեժլումյանին արդարացնել, նրան կալանքից ազատ արձակել: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել: Ուշագրավ է, որ այդ քրեական գործով տուժող Աշոտ Խաչատրյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 16-ին Բերդի քննչական բաժնում ցուցմունք տալով՝ կատարել է սուտ մատնություն: Նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ծանր հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ մեղադրել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին: Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մարտի 17-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ