ՀԱՄԱԿԱՐԳՆ ԸՆԴԴԵՄ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը: Այս օրերին պետական ապարատը դուրս է եկել իր նախկին թիմակցի՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզում, նման զարգացումները սպասելի էին: Բայց առայժմ փորձում են «նեղել» ոչ թե անձամբ Աբրահամյանին, այլ նրա մերձավորներին:
Երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան: Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու: Նշենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկել Աբրահամյանի զարմուհու՝ նախկին ՀՀԿ-ական, կրկին «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Կարինե Պողոսյանի փեսային՝ Խաչիկ Հովհաննիսյանին` մեքենայի վրա անթույլատրելի ձայնային ազդանշան տեղադրելու համար: Որքան էլ իրավապահները հիմա փորձեն փաստարկներ բերել՝ հիմնավորելու իրենց գործողությունները, սակայն ակնհայտ է, որ այս ամենն արվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում: Ու կատարվածներն այլ բան, քան Աբրահամյաններին վախեցնելու փորձ, դժվար է համարել. ի վերջո, եթե իսկապես Գ.Հակոբյանն ապօրինի ձեռնարկատիրությամբ էր զբաղված, ապա կարող էին այդ ամենը բացահայտել ավելի վաղ, այլ ոչ թե հիմա, երբ նրանք ընդդիմադիր շարքերում են:

 

 

 
Նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկելուց հետո Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով այսօր մեկնելու է Մոսկվա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման եւս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Ըստ նախագահականի հաղորդագրության. «Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»: Ի դեպ, հատկանշական է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու նաեւ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը. ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը: Հաշվի առնելով ԼՂ խնդրում տիրող ակտիվությունը՝ Ս. Սարգսյանի հետ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա մեկնելն ուշագրավ է:

 

 

 
ՀՀԿ ներսում խմորումները շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաեւ Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»: Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, եւս մեկն էլ՝ դրան հարակից փողոցում: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաեւ Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» եւ Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել:

 

 

 

 
Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք: Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է կրակել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նրա ձեռքից խլել են ատրճանակը, հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լեւոն Երանոսյանի հետ եւ ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը սակայն ասել է, թե ինքը տեղեկություններ չունի նման զրույցի մասին:

 

 

 
ՊՐԵՎԵՆՏԻՎ
Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջովին տրվել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությանը, ՀՀԿ ցուցակում չընդգրկված Սերժ Սարգսյանը աշխարհաքաղաքական կարեւոր երթուղիներում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մի երկրից՝ Ֆրանսիայից, վերադառնալուց օրեր անց՝ այսօր նա երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան՝ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր: Եվ որ չափազանց ուշագրավ է՝ հենց այսօր պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այս հաջորդական այցերը, փաստորեն, այս փուլում փոխարինում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին, որոնք անցած ամռանից՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, այդպես էլ հնարավոր չի լինում վերստին կազմակերպել: Եվ հենց այս առումով առավել կարեւոր է դառնում նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսուա Օլանդի կատարած շեշտադրումը՝ հետաքննության մեխանիզմների կիրառման եւ հրադադարը խախտող կողմին պատժելու անհրաժեշտության մասին: Թե այս հարցի շուրջ ինչ հայտարարություն կանի Օլանդը Ալիեւի հետ հանդիպումից հետո, թերեւս կուրվագծի Սարգսյան-Օլանդ, ապա Օլանդ-Ալիեւ քննարկումների արդյունքը: Իսկ ինչ են քննարկելու Վ. Պուտինն ու Ս. Սարգսյանը Մոսկվայում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի խնդիրն օրակարգային է, այլ հարց է՝ Սարգսյանը Մոսկվա է մեկնում դիրքորոշո՞ւմ հայտնելու, թե՞ դիրքորոշում լսելու: Եթե Ֆրանսիայում նա, ըստ ամենայնի, հրավիրված էր դիրքորոշում հայտնելու համար, որը հաջորդիվ պիտի քննարկվեր Փարիզ շտապող Ալիեւի հետ, ապա Մոսկվայում Սարգսյանին, ըստ ամենայնի, ներկայացվելու է որոշակի դիրքորոշում՝ ավելի վաղ Ալիեւի հետ քննարկված կամ առանց դրա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մոսկվա այցելած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը դադարեցված է: Սա շատ հստակ ուղերձ էր, որին կարճ ժամանակ անց հրապարակավ արձագանքեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ բառացիորեն կրկնելով Մամեդյարովի հայտարարությունը՝ սակայն բանակցությունների դադարեցման մեջ մեղադրելով Ադրբեջանին: Հակամարտող երկու պետությունների արտգործնախարարների կողմից բանակցությունների դադարեցման մասին երբեւէ նման հրապարակային եւ միաժամանակյա հայտարարություն չէր եղել, եւ դա չափազանց մտահոգիչ է: Քանզի, ինչպես հայտնի է, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Եվ Ալիեւի ու Սարգսյանի՝ այս միմյանց հաջորդող այցելությունները քաղաքական կենտրոններ, ըստ ամենայնի, միտված են չեղարկելու այդ այլընտրանքի իրագործումը: Կհաջողվի դա արդոք, պարզ կդառնա թերեւս ամենակարճ առաջիկայում: Համենայն դեպս, ապրիլը մոտենում է ամենամռայլ կանխազգացումներում հանդերձ:
Հ. Գ. Եվ, այնուամենայնիվ, այդպես էլ մութ մնաց հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չգլխավորեց ՀՀԿ-ի ցուցակը:




Լրահոս