ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե Վանաձորում խաղալիս իր քարոզչական պաստառը պոկած անչափահասներին 300 դրամ գումար են առաջարկում պաստառի ամեն մի կտորի համար: «Ժողովուրդ» օրաթերթը Մարուքյանից փորձեց պարզել, թե ովքե՞ր են երեխաներին 300 դրամ առաջարկողները, եւ նաեւ հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ եւ, ըստ այդմ, որոշեն դադարեցնել Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը:

-Պարո՛ն Մարուքյան, նախօրեին ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ պարզվել է, որ Ձեր քարոզչական պաստառը խաղալիս անգիտակցաբար պոկել են Վանաձորի երկու անչափահաս բնակիչներ: Այդ առնչությամբ Դուք նշել եք, թե տեղեկատվություն ունեք, որ այդ երեխաներին 300 դրամ գումար են առաջարկում պաստառի ամեն մի կտորի համար. «Եթե երեւում է, որ իմ պաստառն է, ամեն մի ծվենի համար 300 դրամ են տալիս» լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել եք Դուք: Կոնկրետ տեղեկություններ ունե՞ք, թե ովքեր են այդ երեք հարյուր դրամներն առաջարկողները:
-Չունեմ այդպիսի տեղեկություն: Այդ մասին քաղաքում էլ են խոսում: Եթե ես նման տեղեկություններ ունենայի, կհայտնեի ոստիկաններին:
-Բոլոր 2009 ընտրատեղամասերը որքանո՞վ եք կարողանալու վերահսկել, որպեսզի արդար ընտրություններ անցկացվեն, եւ խախտումներ տեղի չունենան: Ունե՞ք այնքան վստահված անձինք, որ կարողանաք նրանց միջոցով վերահսկել ընտրական ողջ գործընթացը:
-Որքանով որ կարողանանք:
-Բայց հնարավոր եւ իրատեսական համարո՞ւմ եք, որ կարողանալու եք բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձինք:
-Դե, ամեն բան անելու ենք, որ կարողանանք բոլոր ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ:
-Նախընտրական այս շրջանում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ արդեն գործի են դրվել ընտրակաշառքի մեխանիզմները, եւ «աստղաբաշխական» գումարներ են շրջանառվում: «Ելք» դաշինքը ի՞նչ է հակադրելու ընտրակաշառքին:
-Քարոզչություն, դրա դեմ մենք ուրիշ որեւէ լծակ չունենք: Եթե իրավապահ համակարգը չի գործում, փող են բաժանում, ուրեմն միայն քարոզչություն:
-Հաշվի առնելով նախընտրական քարոզչության այս մեկ շաբաթը, որի ընթացքում «Ելք» դաշինքը հանդիպումներ է ունենում ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրերը` կարծում եք, որ քարոզչությամբ հնարավո՞ր է հակազդել ընտրակաշառքի մեխանիզմին:
-Ես կարծում եմ, որ այո: Անգամ այդ բաժանած փողն էլ իր արդյունքին չի հասնելու, տապալվելու են:
-Հնարավոր եք համարում, որ ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները որոշեն կոալիցիա կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ եւ արդյունքում դադարեցնեն Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը:
-Դե, դրա մասին շատ են խոսել հանրապետականները, կարծում եմ, որ իրենք դրան էլ սպասում են: Ժամանակը գա, կտեսնենք:
-Պարո՛ն Մարուքյան, ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դուք հավաստիացրիք, որ հստակ գիտեք այն մարդկանց անունները, ովքեր խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Եթե ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն որոշեն կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, Դուք կհրապարակե՞ք նրանց անունները:
-Նրանց անունները պետք չէ ասել, նրանք կգնան նիստերին, կտեսնեք:
-Բայց եթե այդ կուսակցություններից ավագանու բոլոր անդամները մասնակցեն, ինչպե՞ս ենք իմանալու:
-Կգնան նրանք, ովքեր եղել են: Ով կոալիցիա կազմի, նա էլ կլինի ուրեմն:
-Սերժ Սարգսյանը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի գլխավորում կուսակցության նախընտրական ցուցակը…
-Ես չեմ հետեւել, չգիտեմ, թե ինչ է ասել:
-Սարգսյանը նշել է, թե իր՝ ցուցակում չլինելը նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: Արդյո՞ք այժմ չեն օգտագործվում այդ ռեսուրսները:
-Նախագահի մասնակցելով-չմասնակցելով որեւէ բան չի փոխվում, ռեսուրսներն էլ ամբողջությամբ օգտագործվում են, հիմա որ պաշտպանության նախարարն առաջին համարն է, ինչ է դա, որեւէ ուղերձ չէ՞ բանակին, որ քվեարկեն Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Լավ էլ օգտագործում են, ամբողջությամբ: Երեւի ավելի լավ, քան երբեւէ որեւէ ընտրության ժամանակ:

 

 

 
ԹՐԱՄՓԻՆ ՉԷԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼԸ, ԲԱՅՑ ԸՆՏՐՎԵՑ, ՉԷ՞

Արդյո՞ք ՀԿԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին ճնշումների ենթարկել են, եւ ինչո՞ւ են որոշ կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հարցումների արյունքում Կոմկուսին չնչին տոկոսներ վերապահվել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, ռեյտինգային ընտրակագրով առաջադրված շատ թեկնածուների միջեւ խնդիրներ են առաջանում: Դուք այդպիսի խնդրի չե՞ք բախվել:
-Ո՛չ, մենք դեռ չենք բախվել նման խնդիրների, բայց ընդհանուր առմամբ ռեյտինգային քվեարկությունն այս պարագայում ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, մենք պատրաստ չենք դրան: Ավելի ակտիվ լինելու համար շատ միջոցներ են պետք, անհավասար պայմաններ են ստեղծվում թեկնածուների միջեւ:
-Այս ընթացքում տարբեր կազմակերպությունների անցկացրած հարցումների արդյունքներով Ձեր կուսակցությունը հետին տեղերն է զբաղեցնում…
-Գիտեք, մենք այսօր (հեղ.-երեկ) շտաբի նիստ ենք արել մեր առաջատար թեկնածուների մասնակցությամբ եւ շրջկոմի քարտուղարների, ես հայտարարեցի, որ այդ սոցիոլոգիական հարցումներին շատ ուշադրություն չդարձնեն, որովհետեւ դրանք ուղղորդված են ինչ-որ տեղերից եւ չեն կարող արտահայտել ռեալ իրավիճակը: Այդ սոցիոլոգները գնացե՞լ են գյուղերը, շրջանները, հետազոտություն արե՞լ են, իհարկե, ո՛չ, հետեւաբար նրանց տվյալները ես, կարծում եմ, որ ի վերուստ սխալ են, ուղղորդված են եւ կողմնակալ: Այդպիսի սոցիոլոգիական հարցումներով ԱՄՆ-ում Թրամփին չէին վերապահում նախագահ ընտրվելը, բայց ընտրվեց, չէ՞: Միթե դա հերի՞ք չէր, որ նրանք հասկանային, որ իրենց գիտությունը ռեալ չէ եւ չի համապատասխանում ժողովրդի տրամադրություններին:
-Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ Կոմունիստական կուսակցության հանրահավաքներին երիտասարդները գրեթե չեն մասնակցում: Ձեր համակիրների գերակշիռ մեծամասնությունը տարեցներն են:
-Ուրեմն, նախ ասեմ, որ մեր հանդիպումներին երիտասարդներ էլ են լինում, երկրորդ՝ ինչու են ավելի հասուն մարդիկ գալիս, որովհետեւ նրանք ուզում են լսել իրենց ստեղծագործ աշխատանքով կայացրած երկրի մասին, տեղեկանալ՝ ինչ են ասում այսօրվա կոմունիստները, եւ դա նրանց համար շատ հաճելի է՝ լսել, թե ինչ են նրանք արել, եւ ինչպես ենք մենք դա գնահատում: Ավագ սերունդի գալը մենք դրանով ենք բացատրում: Ինչ վերաբերում է երիտասարդների պասիվությանը, նախ չէի ասի, որ այդքան էլ պասիվ են, բայց սկսենք նրանից, որ շրջաններում երիտասարդները իրենք են արտագնա աշխատանքի գնում, եւ դրանով էլ բացատրվում է նրանց քիչ լինելը: Իսկ մենք սոցիալական խնդիրներ ենք առաջարկում երիտասարդների համար, մասնավորապես աշխատանքով ապահովված լինելը, անվճար բնակարան ստանալը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

 
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Նախընտրակայն այս թոհուբոհում, երբ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների ներկայացուցիչները պետական գերատեսչությունների աշխատակիցներից պահանջում էին ներկայացնել առնվազն 10 հոգանոց ցուցակներ, որտեղ ընդգրկված քաղաքացիները պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հիմա եկել է ստուգումների փուլը: ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հավաստիությունը ստուգելու համար ՀՀԿ ենթաշտաբերից զանգահարել են ցուցակում ընդգրկված անձանց, եւ արդյունքում շատ տխուր պատկեր է բացահայտվել: «Հարցման» ենթարկված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի ասել է, որ ՀՀԿ օգտին չի քվեարկելու, դեռ ավելին՝ ոմանք ՀՀԿ հասցեին ամենավերջին խոսքերն են հնչեցրել: Արդյունքում, այդ ցուցակների «պատասխանատուները» հայտնվել են անհարմար վիճակում եւ կշտամբանքների արժանացել:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՀՎԿ-Ի
ՀՀ վերաքննիչ դատարանը վերջապես վարույթ է ընդունել «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Անահիտ Ղազարյանի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ հայցը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է տիկին Ղազարյանը: Հիշեցնենք, որ նա պահանջում է առոչինչ համարել Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի գրանցումը, քանի որ համագումար չի արվել. «Համագումարը եղել է «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումար»,- ասաց Ղազարյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումը ներկայացրել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է պատճառաբանությամբ, որ այն ընդատյա է վարչական դատարանին, որից հետո՝ 2017 թվականի հունվարի 10-ին, Ղազարյանը հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել նույն հիմքերով, սակայն նրան կրկին մերժել են՝ պատճառաբանելով, որ հայցադիմումը ընդատյա է առաջին ատյանի դատարանին: «Ես փետրվարի 27-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշումը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համապատասխան դատարան: «Դատալեքս»-ով տեղեկացա, որ որոշում է կայացվել վերաքննիչ բողոքս ընդունելու, եւ դատական նիստ է նշանակվել մարտի 17-ին»,- ասաց տիկին Ղազարյանը:

 

 

ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳՈՒՅՔԸ
«ՀրազՋէկ»-ը պատրաստվում է վաճառել իրեն ամրագրված հիմնական գույքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋէկ»-ը, այս տարվա փետրվարի 27-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Բանն այն է, որ ընկերությունը ՀԾԿՀ-ին գրությամբ խնդրել է համաձայնությունը տալ իր գույքը վաճառելուն: Եւ մարտի 15-ի նիստին հանձնաժողովը իր համաձայնությունը կտա, որպեսզի «ՀրազՋէկ»-ը «Պատրաս» ընկերությանը վաճառի իրեն ամրագրված շոգետուրբինը, գեներատորը եւ շոգեկաթսան:




Լրահոս