ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՀԿ-Ն ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ՉԻ ԿԱԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները պնդում են՝ այս իշխանությունների հետ իրենք որեւէ հետընտրական դաշինք չեն կազմի: Եւ, ընդհանրապես, վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն է՛լ ավելի են կոշտացրել հռետորաբանությունը՝ քննադատելով իշխանություններին:

Հատկանշական է փաստը, որ «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող ուժերից «Առաքելություն» կուսակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը փետրվարի 27-ի ասուլիսի ժամանակ չէր բացառել ապագայում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրություններից հետո իշխանությունից «մեծ կտոր» պոկելու, ավելի լայն ներգրավվածությամբ կոալիցիա կազմելու պլաններ ունի: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նման մտադրության մասին հայտնել է նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքականություն վերադառնալուց հետո իր կողմնակիցների հետ լայն հանդիպման ժամանակ:
Մինչդեռ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացառեց գործող իշխանությունների հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:
Արդեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը մանրամասնեց, որ ԱԺ ընտրություններին իրենք, դաշինքը մասնակցում են մեծամասնությունը վերցնելու եւ այդպես իշխանություններին փոխելու առաջնային ծրագրով: ««Ծառուկյան» դաշինքը գործող իշխանությունների հետ որեւէ պարագայում, որեւէ դեպքում երբեւէ կոալիցիա չի կազմելու, սա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք»,- ասաց Զոհրաբյանը: Ընդ որում, նա կտրականապես բացառեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ցանկացած սցենար: Մեր հարցին՝ եթե «Ծառուկյան» դաշինքին առաջարկեն իշխանության մեջ մեծ ներգրավվածություն ունենալ, նախարարական մեծ թվով պորտֆելներ զբաղեցնել, կամ ընտրություններից հետո եթե հավաքած ձայներով լինեն երկրորդ տեղում, կարո՞ղ է՝ իշխանությունները համոզեն՝ «հանուն ազգի փրկության», այնուամենայնիվ, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, այդ դեպքում էլ չե՞ն գնա նման քայլի, Զոհրաբյանը նշեց. «Միանշանակ ոչ: Որեւէ դեպքում, որեւէ պայմանով ՀՀԿ-ի հետ երբեւէ կոալիցիա չենք կազմելու»:
Իսկ թե ինչու է ԲՀԿ-ն գործող իշխանությունների հանդեպ այսպես մերժողաբար տրամադրված, Զոհրաբյանը մեկնաբանեց. «Այս իշխանություններին ցանկանում ենք փոխել, քանի որ մենք մերժում ենք այս իշխանությունների վարած քաղաքականությունը: Ուստի որեւէ տրամաբանություն չկա մեր կողմից մերժվող քաղաքականությունը վարող իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցում»:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միաբերան ասում են՝ իրենք սխալներ թույլ տվել են, միաժամանակ նաեւ խոստանում՝ այսուհետ փոխվելու են, ավելի լավն են դառնալու, ավելի արդյունավետ կառավարում են իրականացնելու: Միայն թե ՀՀԿ-ականների այս պնդումները ԲՀԿ-ականների մոտ հավատ չեն ներշնչում: Ավելին՝ Նաիրա Զոհրաբյանն այս մասին, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Իրենք ավելի քան 15 տարի ժամանակ ունեին փոխվելու համար, բայց այդ 15 տարիների ընթացքում մենք կատարյալ ձախողումների ականատես եղանք: Իշխանությունները սպառել են վստահության ցանկացած ռեսուրս, հետեւաբար, կրկնում եմ, մենք իշխանության փոփոխություն ենք իրականացնելու: Մենք գնում ենք ապրիլի 2-ին մեծամասնություն վերցնելու հստակ ծրագրով»:
Նկատենք, որ երեկ Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Թեեւ Ծառուկյանը կոնկրետ անուններ չի տվել, սակայն միանշանակ է, որ տվյալ դեպքում խոսքը գործող իշխանությունների՝ ՀՀԿ-ի մասին է: Ի վերջո, երկրում ստեղծված վատ վիճակի մեղավորն իշխանություններն են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հետեւաբար հեռանալու մասին Ծառուկյանի խոսքերը նրանց էին ուղղված:
Այսքանից հետո «Ժողովուրդ»-ը ՀՀԿ-ականներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ԲՀԿ-ականներն այդպես մերժողական տրամադրված իրենց նկատմամբ, երբ ի սկզբանե մերժում են հետընտրական կոալիցիայի գնալու ցանկացած սցենար: «Ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ, թե ինչ է ասել Նաիրա Զոհրաբյանը: Իսկ որեւիցե մեկն առաջարկե՞լ է նրանց կոալիցիա: Քարոզչական տեխնոլոգիայի, քարոզչության ժամանակահատվածում ով ինչ ուզում է, թող ասի: Ասում է՝ չեմ ցանկանում, ինչո՞ւ, հիմա որեւիցե մեկը հրավիրո՞ւմ է: Հիմա գնում է նախընտրական փուլ, այնպես որ դրա մասին խոսելն ավելորդ է եւ մտքեր արտահայտելը եւս»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամներից ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Կարճ ասած, ՀՀԿ-ն հայտնվել է տխուր իրավիճակում. ընտրությունների մասնակից հիմնական ուժերը բացառում են նրանց հետ համագործակցելու ցանկացած հեռանկար, բացառությամբ, թերեւս, իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի: Հետընտրական կոալիցիաների մասին ակնարկել էր նաեւ մե՛րթ իշխանության, մե՛րթ ընդդիմության կազմում հայտնվող Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Հայկական վերածնունդը», այն էլ՝ շատ վերացական:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՊԱՏՇԱՃՆ Ո՞ՒՐ ՄՆԱՑ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ այսօր ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս՝ գլխավորելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք բանակում կատարված եւ չբացահայտված հանցագործություններին: «Զինված ուժերում տեղ գտած հանցագործությունները, ներառյալ սպանությունները բացահայտելու գործում դատաիրավական համակարգը թույլ է տվել բազմաթիվ թերություններ»,- ասել է Օհանյանը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ Օհանյանը երբեւէ չի խոսել դատաիրավական համակարգի թերությունների մասին, ընդհակառակը, նա գոհունակությամբ է արտահայտվել՝ խոսելով իրավապահների գործողությունների վերաբերյալ:
Օրինակ՝ 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով ՊՆ-ում նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումների մասին, նախարար Օհանյանն ասել էր. «Այդ ստուգման ակունքներում կանգնած են նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ռազմական դատախազությունը, որոնք իրենց գործառույթները պատշաճ կերպով են իրականացնում»: Նման հայտարարություններ նա արել է նաեւ ավելի վաղ, երբ 2013թ. խոսել է բանակին գոմեշի մսի մատակարարման սկանդալային գործի մասին: Մինչդեռ այսօր ընդհակառակը՝ մատնանշում է թերությունները: Հավանաբար այդպես է թելադրում նախընտրական հռետորաբանությունը: Իսկ ո՞ւր մնաց ազնվությունը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՄԵՔԵՆԱՆ
Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի՝ 2016թ. գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրն ուշագրավ փաստեր է բացահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարգարյանը անցած տարվա ընթացքում 25 մլն դրամով վաճառել է «Mercedes-Benz G500» ավտոմեքենա: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 440 հազար դրամ եւ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը՝ 25 մլն դրամը:
Տարոն Մարգարյանի տնային տնտեսուհի տիկինը՝ Գոհար Սարգսյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է 50 մլն դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ քաղաքապետը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր, որ ունի երկու բնակարան, մեկական անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության երկու շինություն, մեկական այգետնակ, երեքական ավտոտնակ, մեկական հողամաս եւ արտադրական նշանակության մեկական շինություն, նաեւ երեք հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz S 450», «Range Rover super charg» եւ «Mercedes-Benz G 500» մակնիշի: Մինչդեռ հիմա նրա հայտարարագրում այդ ամենը չկա: Հավանաբար այն բանից հետո, երբ Մարգարյանի ունեցվածքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, նա որոշեց եղածն ուրիշի անունով դարձնել եւ այդպես հետագա գլխացավանքից ազատվել:

 

 
ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
Եվրոպական Միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց եւ 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Հիշեցնենք, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները առաջին անգամ սահմանվել էին 2014-ի մարտին: Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ընդգրկված են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ինչպես նաեւ լրագրող Դմիտրի Կիսելյովը, ով համարվում է Կրեմլի գլխավոր պրոպագանդիստը:

 

 
ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԵԼ
Ինչպես հայտնել ենք՝ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի նաեւ Արցախի խնդրի կարգավորման գործընթացը: Առհասարակ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից, ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է: «Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանի շահագրգռված երկրներն անընդհատ հանդիպումների մեջ են, Ադրբեջանն էլ փորձում է աջակցություն ստանալ տարբեր երկրներից, Ռուսաստանը ինքն է բոլորի հետ հանդիպում, նոր հարաբերություն ստեղծում: Դրա համար պետք է հետեւենք հայտարարություններին»:

 

 

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին Drone Killer համակարգ է մատակարարել, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, գրում է haqqin.az-ը: Նշվում է, որ տվյալ գործարքն Harp Arge ընկերության առաջին փորձն է Ադրբեջանում իր ռազմական համակարգի մատակարարման հարցով:

 

 

ՉԱՐ ԿԱՏԱԿ
Երեկ համացանցում տարածվել էր լուսանկար, որի վրա նշված է եղել կոնկրետ հեռախոսահամար եւ հավաստիացում, որ տվյալ հեռախոսահամարի հասցեատերը ձայներ է գնում 10 հազար դրամով: ArmLur.am-ը փորձել է զանգահարել նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով եւ ում ձայներն է գնում: Պարզվել է, սակայն, որ այդ հեռախոսահամարը պատկանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ստացվում է՝ ինչ-որ մեկը չար կատա՞կ է փորձում անել:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԱՅՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների առաջիկա այցը յուրահատուկ է լինելու այն առումով, որ համանախագահներից երկուսը փոխվել են: Այս մասին ArmLur.am-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Իրենց համար սա լինելու է ճանաչողական առաջին այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն: Բնական է, որ սա կարեւոր այցելություն է»,-ասել է նա:




Լրահոս