ԲՈՒՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ ԵՂԵԼ Է ԱՊՈՅԻ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների եւ ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի թիմակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Չի բացառվում, որ տեղի ունեցած միջադեպի գործով քննությունը տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն

ՕՐՕ-ի հայտարարությունը
Եվ այսպես՝ մարտի 12-ին՝ երեկոյան, ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հասցեին: Ավելին՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել:
Արդյունքում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 6 համակիրների բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավելի ուշ ազատ արձակել:

Բացատրություն չեն տալիս
Սակայն, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Բանն այն է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, որը, ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածած տեղեկատվության, եղել է միջադեպը հրահրողը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդին է, իսկ ահա միջադեպի կիզակետում եղել է հենց ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լ. Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը:
Ինչպես պարզեցինք՝ Լեռնիկ Երանոսյանը միակ անձն է եղել, որը միջադեպից հետո գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ իրեն ծեծել են, իսկ ինքն էլ «Մակարով» ատրճանակով կրակել է օդ: Ավելին՝ միջադեպի արդյունքում նրան եւ ոմն Միքայել Բաբոյանին տարբեր վնասվածքներով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Իսկ ինչ են պատմել իրավապահների կողմից բերման ենթարկված 6 անձինք, ըստ էության՝ ոչինչ: Բանն այն է, որ գործով անցնող անձինք հրաժարվել են բացատրություն տալ, իսկ թե ինչու, հայտնի չէ: Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ բերման ենթարկվածները իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ տեղի ունեցած միջադեպի մասով որեւէ մեկնաբանություն կամ տեղեկություն չեն տարածելու, քանի որ նրանց այս քայլը կարող է օգտագործվել իրենց իսկ դեմ եւ, առհասարակ, վնասել քննության ընթացքին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ համայնքում տարածված լուրերի` ՀՀԿ ներկայացուցիչների եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ միջադեպը մի քանի փուլերով է եղել: Նախ երկու կողմի ներկայացուցիչները միմյանց քաշքշել են համայնքի կենտրոնական մասում, սակայն ոստիկանների միջամտությունից հետո կիսատ թողած գործը որոշել են շարունակել միանգամայն այլ վայրում: Ըստ համայնքի բնակիչների՝ ծեծկռտուք հրահրած անձինք ոստիկանների միջամտությունից հետո նստել են իրենց մեքենաները եւ գնացել են դեպի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրին՝ նախորդ ՏԻՄ ընտրություններին նույն գյուղում իր թեկնածությունն առաջադրած Մելիք Մելքոնյանին (Ապոյին) պատկանող բենզալցակայան: Համայնքի ղեկավարը ընկերների հետ մտել է Վաղարշապատի մայրուղու վրա գտնվող Ապոյի բենզալցակայան, եւ սկսվել է ծեծկռտուքը:

Ինչու չեն խոսում
«Ժողովուրդ» օրաթերթը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե ինչու դաշինքի համակիրները տեղի ունեցած միջադեպի հետ կապված որեւէ բացատրություն չեն տալիս: Մարտիրոսյանը, սակայն, ընդամենն ասաց. «Չեմ կարող ասել, յուրաքանչյուր անձի իրավունքն է»:
Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Ջրառատ համայնքի ղեկավար, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, որին, ըստ էության, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները համարում են միջադեպի հիմնական հրահրող: Մեր զանգին պատասխանեց այլ անձնավորություն եւ ներկայանալով որպես գյուղապետի օգնական՝ ասաց. «Ովքեր են իրեն մեղադրում, գործով քննություն է գնում, ու կպարզվի, թե մեղավորն ով է, այլ բան չեմ կարող ասել»:
Փաստ է, սակայն, մեկ բան. երեկվա դրությամբ միջադեպի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէր: Եւ, ըստ էության, պարզ չէ, թե կոնկրետ ինչից է առաջացել վեճը, քանի որ մասնակիցները հրաժարվում են բացատրություն տալ: Հուսանք, որ քրեական գործ հարուցելուց հետո գործով անցնող անձինք կրկին հրավիրվելով քննչական բաժին՝ ցուցմունքներ կտան եւ կպարզաբանեն, թե ինչ է եղել:

Փոխոստիկանապետի եղբոր շուրջ
Այն, որ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Ինչպես հայտնի է՝ նախորդ տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում իրականացված բախումների ժամանակ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը եւս ակտիվ մասնակցություն էր ունեցել: Նրա ձեռքում լուսաձայնային նռնակ էր եղել: Աղմկահարույց դեպքից հետո վերջինիս լիազորությունները դարարեցվել էին: Կատարվածից անցել է շուրջ 8 ամիս, ու փոխոստիկանապետի եղբայրը այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակ է ստացել, իսկ գործով նախաքննությունը ՀՔԾ-ում դեռեւս շարունակվում է: Այսպիսով՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ անպատժելիության մթնոլորտում աղմկահարույց պատմություններում հայտնված պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը, կրկին հայտնվում է քրեական պատմության մեջ: Չի բացառվում, որ այս գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ կիզակետում իրավապահ համակարգի ներկայացուցիչն է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՄԵԿԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության դեպքերի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Արաբկիր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես հայտնի է՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից հափշտակել էին Ֆաբերժեի 3 ձու: Գործարարը իր մտերիմ շրջապատում սրտնեղել էր, թե. «Եկել, հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի գտնեմ, փող տամ դրանց»: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ապա նրա բնակարանից ոսկե եւ արծաթե իրեր էին գողացել:
Դեպքից մի քանի օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին ու Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Հենց նշված անձինք էին բազմաթիվ դրվագներով գողություններ իրականացրել եւ պատրաստվել լքել երկիրը, սակայն չէին հասցրել: Իրավապահների կողմից կատարված խուզարկություններից հետո Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի բնակարանից հայտնաբերվել էին թանկարժեք հուշանվերներ, զարդեր, դանակներ, ատրճանակ եւ այլն:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի բնակարանների կողոպուտի փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործն ուղարկվել դատարան: Պարզեցինք, որ Շահեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարից մինչեւ հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում գտնվող 33 բնակարաններից գողություններ է կատարել:
Իսկ Նիկոլայ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է Շահեն Գասպարյանի կողմից կատարված ծանր հանցագործությունները:
Ի դեպ, նկատենք, որ այս գործով կալանքի տակ է գտնվում միայն Շահեն Գասպարյանը, իսկ նրա գործողությունները պարտակող Նիկոլայ Հարությունյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ գործով տուժողներից շատերը կարողացել են վերոնշյալ անձանց կողմից հափշտակված իրերի մեջ գտնել իրենց պատկանող զարդերը եւ այլ իրերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

550 ԿՐԱԿՈՑ
Մարտի 12-ին եւ լույս 13-ի գիշերը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

 

 

 
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
Ի կատարումն ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մարտի 13-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 244, որից ըստ գտնվելու վայրի՝ ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20: Հիշեցնենք՝ մարտի 3-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվն էր 2 միլիոն 564 հազար 734:

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱԶԱՏ Է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հայցը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, նշում է, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից: «Հինգ օր առաջ այդ որոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ», – ասել է փաստաբանը: Հարցին, թե տուժող կողմը որոշումը չի՞ բողոքարկել, Բաղդասարյանը պատասխանել է՝ հակառակ կողմը ստորագրել է, որ որեւէ բողոք, պարտք ու պահանջ չունի Վարդան Պետրոսյանի նկատմամբ:

 

 

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Հաց բերող Արթուր Սարգսյանը երեկ դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից եւ բուժումը կշարունակի տանը: Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանն Armlur.am-ին ասել է. «Դուրս է գրվել, բուժում եւ հատուկ սննդակարգ է նշանակված: Քիչ թե շատ հասկացող մեկին հարցնեք` կիմանա այդ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ տեւական՝ երկու-երեք ամսվա բուժում է անհրաժեշտ»:




Լրահոս