ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ «ԱՐՏԱՔՍՎԱԾ» PHILIP MORRIS-Ն ԱՊԱՍՏԱՆ Է ԳՏԵԼ ՀՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DailyEurAsia Daily պարբերականն անդրադարձել է ծխախոտի համաշխարհային շուկայում առաջատար Philip Morris ընկերությանը՝ ներկայացնելով ռուսական շուկա մուտք գործելու վերջինիս փորձերն ու Հայաստանում վարչապետի մակարդակով ընդունումը:
Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար:

Վերջին տարիներին ծխախոտի համաշխարհային շուկայում լուրջ պայքար սկսվեց: Ծխախոտ արտադրողները՝ համակերպվելով պայմաններին, որոնք թելադրվում են ծխելու դեմ պայքարով, պաշտպանում են իրենց բիզնես-շահերը, իսկ գործնականում մանիպուլյացիայի ենթարկելով առողջապահության թեման՝ կոմերցիոն նորանոր բարձունքներ են գրավում: Այդ մրցավազքում առաջնորդ է ոլորտի առաջատար Philip Morris ընկերությունը: Ամերիկյան ընկերությունը դեռեւս 2014թ. շուկա բերեց «այլընտրանքային ծխախոտ» անվանմամբ ծխախոտի համակարգ՝ iQOS: Այդ սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա մեջ կան հատուկ քարթրիջներ, որոնք հետագայում չեն այրվում, այլ տաքանում են մինչեւ 350 աստիճան: Արտադրողների կարծիքով՝ «այդ ծխախոտի ծուխը քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտինը»: Հենց այդ հիմքով Philip Morris-ը ներկայացնում է ամբիցիոզ ծրագիր. «Մենք հասկանում ենք, թե ինչ է անհանգստացնում միլիոնավոր ծխողներին: Եվ մենք պատասխանում ենք այդ սպասելիքներին՝ ապագա ստեղծելով «առանց ծխի»: Ինչպես նշել է ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանտզոպուլոսը՝ իրենց նպատակն այն է, որ «20 տարի անց նման համակարգի անցնեն ծխախոտ սպառող բոլոր չափահասները»: Նման «հոգատարությունը» ոչ միանշանակ է: Առաջին հերթին՝ չկա որեւէ դրական եզրակացություն նոր արտադրանքի որակի մասին, փոխարենը՝ կան մասնագիտացված կառույցներ, որոնց համաձայն՝ ծխելու արդյունքում առողջությանը վնաս հասցնող նյութերը ներթափանցում են օրգանիզմ ոչ միայն ծխախոտի այրման, այլեւ տաքացման միջոցով: Ավելին՝ մասնագետների խոսքով՝ վնասակար նյութերը ներթափանցում են օրգանիզմ նույնիսկ նիկոտինային մաստակների օգտագործման դեպքում:
Խնդիրը լուծվում է նաեւ միջազգային մակարդակով: Philip Morris-ի գովազդային քարոզարշավի հիմքում ընկած է սպառողների վստահությունը շահելու հաշվին շուկան ընդլայնելու ռազմավարությունը: Philip Morris-ի իրական նպատակների մասին վկայում են նաեւ այդ ընկերության ֆինանսական ցուցանիշները: Մարտի 6-ին NASDAQ-ի հրապարակումների համաձայն՝ անցած տարի Philip Morris-ն էապես բարելավել է դիրքերը համաշխարհային շուկայում եւ ապահովել զգալի եկամուտը: Ընդ որում, Philip Morris-ի գովազդային քարոզարշավն իր մեջ ներառում է նպատակաուղղված աշխատանք տարբեր երկրների կառավարությունների հետ: Ընկերությունը ընդունող երկրից հարկային արտոնություններ է պահանջում, թույլ վերահսկողություն, ինչպես նաեւ նախապատվություններ այդ արտադրանքների օգտագործման համար:
Մեկ խոսքով՝ iQOS-ի քողի տակ ընկերությունը կոնկրետ առավելություններ է պահանջում, որի շնորհիվ ընդլայնում է շուկայում իր ներկայությունը: Սակայն կան երկրներ, որոնք չեն կիսում Philip Morris-ի պահանջները, այդ թվում՝ Ռուսաստանը: Ընկերությունը հայտ էր ուղարկել ՌԴ կառավարությանը դեռեւս 2014թ.: ԶԼՄ-ների հրապարակումներից ելնելով՝ 2016թ. այդ հայցը Մոսկվան մերժել էր: Դժվար է ասել, թե ինչն է եղել պատճառը: Հնարավոր է, որ ՌԴ կառավարությունում իսկապես մտադիր են պայքարել ծխելու դեմ: Բացառված չէ նաեւ, որ Մոսկվայում պարզապես քաղաքական որոշում են կայացրել՝ թույլ չտալ արեւմտյան ընկերություններին ճնշել տեղի արտադրողներին պահանջների սահմանման ճանապարհով: Սակայն փաստ է, որ Ռուսաստանում ոչ միայն մերժել են, այլեւ խոչընդոտում են այդ շուկայում ընկերության ընդլայնմանը: Մասնավորապես անցած տարի նախաձեռնվել է ակցիզային հարկի էական բարձրացում, իսկ 2017թ. փետրվարին Մոսկվայի քաղաքային Դուման օրենքով հավասարեցրել է այլընտրանքայինն ու ավանդականը՝ կանխելով ցանկացած նախապատվություն: Ներկայումս այդ օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա եւ կարող է ընդունվել մոտ ապագայում:
Բնական է, որ Philip Morris-ն այդ մերժման հետ չի համակերպվի եւ կփորձի մուտք գործել շուկա «սեւ մուտքով»: Նման հնարավորություն է ընձեռնում Եվրասիական տնտեսական միությունը: Ընկերությունը կարող է գործունեություն ծավալել ԵՏՄ անդամ պետություններից մեկում եւ այդտեղից սպասարկել ռուսական շուկան: Ամենայն հավանականությամբ, հենց այդ նպատակով Philip Morris-ն ակտիվացել է Հայաստանում, որտեղ ընկերության ներկայացուցչին ընդունել են վարչապետի մակարդակով «կանաչ լույս վառել» մտադրությունների իրականացման համար: Սակայն Մոսկվան կրկին մեկ քայլ առաջ է հայտնվել. դեռեւս անցած շաբաթ նույնիսկ ԵՏՄ երկրներից պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների արգելքի մասին որոշում է կայացվել: Ակնկալվում է, որ iQOS -ն ու այլ համակարգեր Ռուսաստանի համար կհայտնվեն այդ նույն ցուցակում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ՝ Հաղթանակ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Բիջոյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժ:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հաղթանակ գյուղի դպրոցի տնօրենի ԺՊ Գեւորգ Բիջոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է եղել տույժի ենթարկվելու պատճառը: Հարցին ի պատասխան՝ Բիջոյանն անմիջապես ասաց. «Առանձնապես բան չկա: Ես բողոք չունեմ»: Ապա արդարանալով՝ նշեց, որ ինքը դպրոցի «12-րդ դասարանի աշակերտների սրտով է գնացել», ինչի արդյունքում էլ նկատողության է արժանացել:
«Իրականում դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները պետք է դեկտեմբերին քննություն հանձնեին, բայց երեխաները եկան, ասացին, որ պատրաստ չենք ու չենք կարող հանձնել: Մենք երեխաների խնդրանքը հայտի տեսքով ներկայացրեցինք գիտության եւ թեստավորման կենտրոն եւ պահանջեցինք քննությունների ամիսը դեկտեմբերից տեղափոխել հունիս: Բայց ի պատասխան՝ մենք մարզպետարանից ստացանք գրություն, որտեղ նշված էր, որ իմ նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժ, իսկ քննությունների ամիսը տեղափոխվել է»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրենի ԺՊ-ն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՏԵԼ Է «ՈՒՐԻՇԻ ՏԱՐԱԾՔ»
Մարտի 7-ին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանին ուղեկցում էր Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, լրատվական մի քանի կայքերի գլխավոր խմբագիր, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը: Սակայն Վ. Բաբաջանյանը Գ. Ծառուկյանի հետ Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում տեղադրված հարթակ չբարձրացավ: Ծառուկյանի ելույթը տեւեց մոտ 25 րոպե, սակայն այդ ընթացքում նա չնշեց Վարուժան Բաբաջանյանի անունը, ով Նոյեմբերյանի տարածաշրջանից «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի տարածքային ցուցակի միակ թեկնածուն է: Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի տարածքային 7 հոգանոց ցուցակում է նաեւ Դիլիջանի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, Դիլիջան քաղաքի բնակիչ, գործարար Արմեն Խառատյանը: Նա նախընտրական շտաբներ է բացել Դիլիջան քաղաքում, Հաղարծին գյուղում, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում, նաեւ Դիլիջան քաղաքից 120 կմ հեռավորությամբ գտնվող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում քաղաքում: Ա. Խառատյանն ասաց, որ ինքը Դիլիջանից ավելի քան 120 կմ հեռու գտնվող Այրում քաղաքում նախընտրական շտաբ է բացել, որովհետեւ այդ քաղաքում բազում ընկերներ ունի: Հավելենք, որ «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզի տարածքային ցուցակում ընդգրկված է նաեւ Բերդ քաղաքի բնակիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բերդի տարածքային կազմակերպության ղեկավար Նինա Ադամյանը:

 

 

 

ՉՄՇԱԿՎՈՂ ՀՈՂԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի տարածքը 2704 քառ.կմ է, որը կազմում է ՀՀ տարածքի 9.1%-ը: Տավուշի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 110 հազար 751.5 հեկտար, կամ մարզի ընդհանուր տարածքի շուրջ 40.9%-ը: Վարելահողերի եւ բազմամյա տնկարկների ոռոգելի տարածքները 6403 հեկտար են: Ադրբեջանի սահմանագոտում գտնվելու պատճառով մարզում չմշակվող հողերը կազմում են մոտ 7210 հա: Սահմանամերձ տարածքներում վարուցանք անող, այգի մշակող, անասնապահությամբ զբաղվող տավուշցիները հաճախ դառնում են ադրբեջանական գնդակոծության թիրախ: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ իր համագյուղացիները ձեռնամուխ են եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, այժմ էտում են իրենց խաղողի այգիները: Նրանք այդ աշխատանքը կատարում են նաեւ սահմանագոտում գտնվող խաղողի այգիներում: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ հիմա կրակոցներ չկան, սակայն ամեն պահ ադրբեջանական զինուժը կարող է ոտնձգություններ կատարել: Մ. Կամենդատյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի զինանոցը կատարելագործվել է, նոր զենքերը հնարավորություն են տալիս ավելի մեծ հեռավորությամբ թիրախներ խոցել: Տավուշցի գյուղացիները զգուշանալով ազերիների նշանառու կրակից՝ վախենում են մշակել սահմանամերձ գոտում գտնվող իրենց հողատարածքները: Այդ պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող չմշակվող հողատարածքները տարեցտարի ավելանում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս