ՇՈՈՒԲԻԶՆԵՍՑԻՆԵՐԻՑ ԴԻՍՏԱՆՑԻԱ Է ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայ հանրության կողմից ճանաչում վայելող շոուբիզնեսցիների անցած ուղուն, պարզում ենք` ինչի հետ են նրանք դժվարությամբ համակերպվել, ինչն է դարձել նրանց հաջողության գրավականը եւ այլն: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:

Թալիսման-երգը
Երգարվեստում քայլերս արել եմ 1996-97թթ., բայց «Ես գնում եմ, սիրելիս» երգի տեսահոլովակի թողարկումից հետո էր, որ հասկացա` շատերն էին ճանաչում ինձ եւ երգում երգերս: Դա 2001 թվականին էր: Կարծում եմ` մարդկանց սրտեր եւ հոգիներ մտա հենց այդ երգով, որը համարում եմ իմ թալիսմանը, եւ որը դարձավ հիթ:

Ակումբում երգողի պիտակը
Երբ նոր էի մուտք գործել այս ասպարեզ, ինձ համար դժվար էր համակերպվել ակումբային աշխատանքի հետ, որովհետեւ չեմ սիրում հանդիսատեսին շատ մոտ լինել, նախընտրում եմ, որ ինձ հեռվից ունկնդրեն. այդ դեպքում ավելի անկաշկանդ եմ լինում: Իսկ երբ մարդիկ մոտ են նստած, դու տեսնում ես` ինչպես են նրանք ուտում, զրուցում, հաճախ էլ ականջիդ քո մասին խոսկացություն է հասնում, որն իրականության հետ կապ չունի: Այդ ամենը միշտ ճնշել է ինձ: Սկզբնական շրջանում դժվար է եղել նաեւ կրել ակումբում երգողի պիտակը: Տարիներ առաջ, ի տարբերություն այժմյան իրավիճակի, ակումբում երգելն այնքան էլ լավ չէր նայվում:

Անձեռնմխելի եւ անհասանելի չէ
Բնականաբար, երբ ճանաչված մարդ ես, ուզես թե չուզես` մարդիկ ձգտում են դեպի քեզ, քեզ մոտենալու ուղիներ են որոնում: Հանրային անձ լինելը մեզ մոտ այդքան էլ հեշտ բան չէ. երկիրը, քաղաքը, շուկան փոքր են, այնինչ՝ հայտնիները պետք է անհասանելի լինեն, անմատչելի մնան: Ցանկալի չէ, որ մարդիկ տեսնեն նրան, օրինակ, հանրախանութներում: Ցավոք, դա մեզ մոտ գրեթե անհնար է: Ուստի շատ շոուբիզնեսցիներ շոփինգի են գնում արտերկրում: Ես պատկանում եմ այն երգչուհիների թվին, որոնք անձեռնմխելի ու անհասանելի չեն. միշտ էլ եղել եմ անմիջական ու անկեղծ իմ երկրպագուների եւ մյուս մարդկանց հետ, ինքս ինձ արհեստականորեն չեմ առանձնացրել հանրությունից, համեստ կյանքով եմ ապրել: Չեմ կարող անհասանելի լինել. դրա համար պետք է համապատասխան ապրելակերպ ունենալ: Գուցե այս երաժշտությունը ես մատուցեի արտերկրում եւ ավելի մեծ գնահատականի արժանանայի, հնարավորություններս ավելի մեծ լինեին: Կցանկանայի ստեղծագործել մի երկրում, որտեղ օրիգինալությունն ու անհատականություն լինելը բարձր են գնահատվում: Հաճախ ինքս ինձ ասում եմ, որ մեր երկրում հանուն արվեստի չարժի անձնազոհության գնալ, քանի որ դրա դիմաց ավելի քիչ ենք ստանում, քան նման նվիրումով աշխատելու դեպքում կարող էինք ստանալ արտերկրում: Մնում է մարդկանց սերն ու հարգանքը, որոնք թեւ ու թիկունք են տալիս մեզ:

«Վատառողջ» մրցակցություն
Միշտ աշխատել եմ հեռու մնալ կոնֆլիկտներից, եւ մեր ոլորտում ոչ ոքի հետ մեծ ընդհարումներ չեմ ունեցել, թույլ չեմ տվել, որ ինձ այդքան մոտ լինեն: Հասկացել եմ, որ այդ զանգվածի մարդկանց հետ շփումներում հարկավոր է որոշակի դիստանցիա պահել: Ցավոք, մեր ասպարեզի ներկայացուցիչների միջեւ մրցակցությունն այնքան էլ առողջ չէ, այսպես ասած` «վատառողջ» մրցակցություն է (ծիծաղում է): Նախանձ կա, չկամություն, նենգություն, չարություն, այդ իսկ պատճառով ես ինձ փորձում եմ հեռու պահել:
Ակամա առավելություն
Հանրային անձ լինելու հանգամանքն իմ առջեւ բազմաթիվ դռներ է բացել: Փոքրիկ օրինակ բերեմ. System of a Down-ի` 2015-ի երեւանյան համերգի ժամանակ շատերն էին փորձում մոտենալ բեմին, ոստիկանները չէին թողնում, բայց երբ տեսան ինձ` ամուսնուս եւ ընկերներիս հետ, անմիջապես ընդառաջեցին: Եղել է նաեւ, որ տարբեր փաբերում, ռեստորաններում տեղ չի եղել, բայց ինձ եւ ընկերներիս ներս են թողել առանց հերթի: Այդ ամենը մի կողմից շատ հաճելի է, բայց մյուս կողմից էլ` վատ ես զգում, որ այդ պահին մյուսների նկատմամբ ակամայից առավելություն ես ձեռք բերում:

Նախկին ակտիվությունը չի կարող լինել
Ես իմ ամուսնու ուշադրությունը ի սկզբանե գրավել եմ երգարվեստով եւ երբեւէ գործնական եւ անձնական կյանքս համատեղելու խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ, առհասարակ, մեր հասարակությունում կանանց` կարիերա անելու ցանկությանը տղամարդիկ նախկինի պես խիստ չեն նայում: Իրավիճակը մեղմացել է: Մեզ մոտ շատ են օրինակները, երբ երգչուհիներն ամուսնացած են, ունեն ավանդական ընտանիքների եւ ամուսնու կողմից աշխատանքին վերաբերող ոչ մի արգելք չի դրվում: Ամեն դեպքում, այն համոզման են, որ արվեստի բնագավառի ցանկացած կին ընտանիք կազմելուց եւ հատկապես մայրանալուց հետո չի կարող նախկին ակտիվությունը ցուցաբերել: Թեեւ, իմ օրինակով կարող եմ ասել, որ դրան զուգահեռ ստեղծագործող մարդը երբեք չի դադարում աշխատել:

Վտանգավոր ու գայթակղիչ
Եթե ստեղծագործող մարդ ես, անընդհատ հոգու պոռթկումներ ես ունենում, ուզում ես արտահայտվել եւ կարոտում ես հանրային լինելուն, եթե որեւէ ժամանակահատված դուրս ես մնացել մարդկանց ուշադրության շրջանակից: Ով ասում է, որ չի կարոտում, ստում է, քանի որ հոգու խորքում բոլորն էլ սիրում են, երբ իրենց ճանաչում են, առավել եւս` համակրում: Դա շատ վտանգավոր եւ գայթակղիչ երեւույթ է, եւ դրա բացակայությունը կարող է հետագայում ընկճախտի պատճառ դառնալ: Ես փորձում եմ ինձ բալանսի մեջ պահել, չտարվել այդ գայթակղությամբ:

 

 

 

 
ԹԻՐԱԽՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՃԱԽ ՀԱՅՏՆՎՈՒՄ

«Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներից, «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան Հովհաննես Դավթյանը, ով հասցրել է ներկայանալ «Անքնություն», «Խառը կանացի» եւ այլ ներկայացումներով, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մայիսին հանդիսատեսի դատին կհանձնի stand up-ի տարրերով նոր ներկայացում. «Արդեն կա սցենար, որի վրա աշխատում ենք: Թեմաները խառն են, դրանք ներառում են անդրադարձ ժողովրդին հուզող առօրյա, ցավոտ իրավիճակներին եւ իրադարձություններին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննեսը մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ մոնո-ներկայացման ժանրն իրեն բավական գրավել է, եւ իր համար հետաքրքիր է թե՛ գրել, թե՛ խաղալ այդ ժանրում:
Մենք հետաքրքրվեցինք` ներկայացման շրջանակում անդրադարձ կկատարվի՞ արդյոք քաղաքական թեմաների. «Այո՛, անպայման, առհասարակ, իմ թիրախում ավելի շատ հայտնվում է իշխանությունը, թեեւ ինքս երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, այսպես ասած` ո՛չ իշխանության կողմից եմ, ո՛չ էլ ընդդիմության»,-պատասխանեց դերասանը:
Հովհաննեսը տեղեկացրեց նաեւ, որ երկրպագուներն առաջիկայում հնարավորություն կունենան տեսնելու իրեն էկրաններին: Նա նկարահանվում է «Stand up» անունը կրող հաղորդաշարում, որը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի ապրիլի 7-ից. «Հաղորդաշարի շուրջ հավաքվել է շնորհալի երիտասարդների թիմ` բաղկացած 7-8 հոգուց: Սցենարը հիմնականում ամեն մեկն ինքն է իր համար գրում, բայց կա նաեւ սցենարական թիմ, որն օգնում է մասնակիցներին: Հաղորդաշարի շրջանակում ամեն մասնակից 5-7 րոպեի սահմանում հումորով խոսելու է խնդրահարույց թեմաների շուրջ. stand up ժանրը հենց սա է ենթադրում»,-նշեց դերասանը:
Իսկ մեր այն հարցին, թե նախկինում սերիալներում ակտիվորեն ներգրավված դերասանը արդյո՞ք հետաքրքիր առաջարկներ չունի նաեւ այդ դաշտից, վերջինս պատասխանեց, որ եթե ասելիք ունեցող, հումորային կերպարում հանդես գալու առաջարկ ստանա, հավանաբար, կրկին կընդունի այն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Վերջին անգամ թատրոնը նորոգվել էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ փաստելով, որ աշխատանքներն իրականացվում են հիմնականում թատրոնի միջոցների հաշվին: «Հարդասենյակները թատրոնի արտիստական կազմին վայել չէին, եւ առաջինը, ինչից սկսեցինք, դրանց վերանորոգումն էր»,¬ նշել է նա: Տվյալ հարդասենյակներն այսուհետեւ ծառայելու են միայն թատրոնի արտիստական կազմին, իսկ տարբեր հյուրախաղերի ու կազմակերպությունների միջոցառումների համար կլինի առանձին հարդասենյակ: Թատրոնն ունի նաեւ հիմնական մուտքերի արդիականացման խնդիր. անհրաժեշտ են անվտանգության համակարգեր, անցակետեր` մուտքի քարտերով: Տ. Վիրաբյանը հայտնել է, որ նախատեսվում է նաեւ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի համար ստեղծել հանգստի ու ժամանցի անկյուն:

 

 

 

2 ՀՈԳԻ ՄԱՀԱՑԵԼ Է
Արգենտինական Օլավարիա քաղաքում բացօթյա ռոք համերգի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով երկու հոգի մահացել է, ավելի քան 10 հոգի` ստացել վնասվածքներ: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել միջոցառման ավարտին: Հանդիսատեսի մի հոծ զանգված շարժվել է դեպի բեմ, որից հետո հրմշտոց է սկսվել:
Ոստիկանությունում կարծում են, որ փառատոնի ժամանակ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից թույլատրելի թիվը գերազանցող մարդկանց թվաքանակի պատճառով: Նշենք, որ համերգին ներկա է եղել ավելի քան 250 հազար հոգի:

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԿՈՒՆԵՆԱ
Ֆուտբոլային աստղ Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա զույգ տղաների հայր: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երեխաները լույս աշխարհ կգան փոխնակ մոր միջոցով: Նշենք, որ Ռոնալդուն ներկայումս հանդիպում է իսպանացի մոդել Գորջինա Ռոդրիգեսի հետ։ Աղբյուրը նշել է, որ ֆուտբոլիստի ընտանիքը ուրախ է ու անհամբեր՝ ընդունելու երկվորյակին: Հիշեցնենք, որ Ռոնալդուի առաջնեկը ծնվել էր 2010-ին, կրկին փոխնակ մոր միջոցով:




Լրահոս