ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով եւ զենքի ուժով լուծել: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաեւ ատրճանակը: Եւ ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել: Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի: Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաեւ ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, եւ վեճը այդտեղից է սկսվել:
Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ իշխանություններին հաջողվեց ԱԺ այս ընտրությունները, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, իջեցնել «թաղի տղերքի ընտրության» մակարդակի՝ վարկաբեկելով այն: Բարձրաստիճան ոստիկաններն իրենց պահում են թաղային խուժանի նման, երբ անձամբ են ծեծկռտուքներին մասնակցում (չնայած՝ Սարի թաղի հայտնի միջադեպերի գլխավոր հերոսներ Լեւոն եւ Լեռնիկ Երանոսյաններից այլ բան պետք չէր սպասել):
Ուշագրավ է, որ մարզերում խրոխտ խորհրդակցություններ անցկացրած ՀՀ ոստիկանությունն ու անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լռում են ոստիկանների մասնակցությամբ կատարված միջադեպի մասին: Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրավիճակին չի տիրապետում:
Իսկ Սերժ Սարգսյանը դեսպանների հետ զրույցում վստահեցնում էր, թե անբիծ ընտրություններ պետք է անցկացնեն: Էլ ինչպե՞ս, արյունո՞վ, կյանքի գնո՞վ:

 

 

 
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականին չեն արձանագրվել: Ասել է, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հերքել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով: Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաեւ նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»: ՊՆ հերքումը հաջորդել էր այդ հայտարարությանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՊՆ-ն հերքում է իր հայտարարությունները, Կարեն Կարապետյանն ասաց. «Դե, հերքում են, դուք էլ նայեք իմ պատասխանը»: Փաստորեն, ներիշխանական խուլ պայքարն, այնուամենայնիվ, ընթանում է:

 

 

 
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հրաժեշտ տվեց քաղաքականությանը՝ լրագրողներին հայտնելով, թե «գնում եմ, դուք ինձանից պրծաք, ես ձեզանից», տպավորություն կար, թե նա ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից: Այս հայտարարությունից հետո համայնքում ինչ-որ մարդիկ, թաղային հեղինակություններ փորձում էին իրենց ունեցած ռեսուրսներով ծառայել ՀՀԿ-ին՝ այդպիսով լրացնելով «բաց մնացած տեղը»: Սակայն իրականում Մհեր Սեդրակյանն իր ունեցած ռեսուրսներն ու ազդեցությունը շարունակեց օգտագործել քաղաքական նպատակներով: Նա իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին: Նշենք, որ Արման Մադաթյանը ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, միջազգային իրավունքի մասնագետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արման Մադաթյանն իր շուրջ է հավաքել համայնքի ակտիվին եւ ինքնամոռաց զբաղվում է ՀՀԿ-ի քարոզչությամբ: Ու երբեմն այնպիսի կոշտ քայլերի է դիմում, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

 

 

 
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեեւ ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին: Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը: Առավել եւս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին: Ու հիմա նրանց միջեւ լարվածությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի… ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»:

 

 

 
ՈՒՇԱԳՐԱՎ ԱՌԱՋԱՐԿ
Ռուսական «Իզվեստիա» պարբերականում երեկ հրապարակվել է Սերժ Սարգսյանի «Անվտանգություն եւ ժողովրդավարական զարգացում» վերնագրով ծավալուն հոդվածը: Ի թիվս հայ-ռուսական համագործակցության անցյալի, ներկայի եւ հնարավոր ապագայի մասին հոդվածագրի այլ մտքերի՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի Սերժ Սարգսյանի հնչեցրած հետեւյալ առաջարկությունը. «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն է եղել 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ դիտարկվել են դրա ռազմատեխնիկական արդիականացման եւ սպասարկման արդյունավետության բարձրացման խնդիրները։ Դրանց լուծման համար նպատակահարմար է հայկական եւ ռուսական կողմերի միջեւ Գյումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման շահագրգռված քննարկումը: Այդ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբը անհրաժեշտ է հաշվարկել այնպես, որ այն 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ՝ դառնա Ռուսաստանին եւ Հայաստանին սահմանակից պետությունների միջեւ գործնական ռազմատեխնիկական համագործակցության հաստատման պլատֆորմ՝ Ռուսաստանի Դաշնության համար ավանդական սպառազինությունների շուկա ելքով: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը նաեւ կծառայեր որպես գործոն ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար», – նշել է Սարգսյանը:
Այսպիսով՝ Մոսկվա մեկնած Սերժ Սարգսյանը հնչեցնում է հայ-ռուսական նոր ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման առաջարկություն եւ կոչ անում համատեղ շահագրգիռ քննարկման»: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով տպագրված այդ հոդվածը, փաստորեն, բացահայտում է ներկայումս քննարկվող հայ-ռուսական համագործակցության նոր ծրագրի մասին, որի իրագործումը, բարձրացնելով Գյումրիում ռուսական ռազմաբազայի արդյունավետությունը, միեւնույն ժամանակ է՛լ ավելի է մեծացնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Ինքնին հասկանալի է, որ ռազմաբազային կից պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծումը ամրապնդելու է ռազմաբազայի գործունեությունը եւ հիմք է դառնալու վերջինիս գործունեության երկարաձգման համար՝ արդեն 2044թ-ից հետո, երբ կլրանա պայմանագրով սահմանված 49-ամյա ժամկետը:
Արդյոք այդ առաջարկությունը բխում է Հայաստանի շահերից՝ դժվար է տալ միանշանակ պատասխան, սակայն ուշագրավ է, որ այն հնչեցվում է Հայաստանի՝ Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունից կարճ ժամանակ անց:




Լրահոս