ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՌԱՅԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանի պետական պարտքը փետրվարին մի փոքր նվազել է, սակայն շարունակում է մնալ ահռելի չափերի:

Եւ այսպես, ըստ ֆինանսների նախարարության` ՀՀ պետական պարտքը մարտի 1-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 961.2 մլն դոլար. նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 53.5 մլն դոլարով: Սակայն այս երեւույթը խիստ ժամանակավոր է. պարզապես փետրվարին վարկի հերթական քանակը չի ստացվել, դրան զուգահեռ` պետական բյուջեի միջոցներից զգալի գումար ուղղվել է պարտքը մարելուն: Իսկ արդեն մարտից պետական պարտքը կրկին կսկսի ավելանալ, եւ շուտով այն կհատի 6 մլրդ դոլարը՝ ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը. անգամ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2017թ. պետական բյուջեում է այդ թիվն ամրագրված:
Եւ, ընդհանրապես, վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով: Բավական է միայն նշել, որ 2012թ. տարեվերջին Հայաստանի պետական պարտքը 4 մլրդ 372 մլն դոլար էր, 2016թ. հունվարին այն անցավ 5 մլրդ դոլար սահմանագիծը, իսկ արդեն այս տարի կգերազանցի 6 մլրդ դոլարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր այս խնդրին՝ լուրջ մտահոգություն հայտնելով. «Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար եւ 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: Մենք ունենք նաեւ արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն եւ մեր ստացած եկամուտները»,- ասել էր նա:
Բայց խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվում: Սրան զուգահեռ՝ գնալով ավելանում են պարտքի սպասարկման նպատակով բյուջեից հատկացվող միջոցները: Այսինքն՝ գումարները, որոնք կարող էին ծախսվել բանակի կարիքների, սոցիալական, առողջապահական կամ կրթական ծրագրերի իրականացման նպատակով, տեւական ժամանակ է՝ ուղղվում են Սերժ Սարգսյանի իշխանության վերցրած վարկերը մարելուն:
Բավական է միայն նշել, որ այս տարվա ընթացքում 296 մլն դոլար ուղղվելու է հենց արտաքին պարտքի սպասարկմանը: Սա կազմում է ՀՀ պետական բյուջեի 8,8 տոկոսը: Հունվար-փետրվար ամիսներին արդեն 18,1 մլն դոլար ուղղվել է պարտքի սպասարկմանը: Համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում արտաքին պարտքի սպասարկման համար ծրագրվել էր 252,4 մլն դոլար՝ ՀՀ պետական բյուջեի 7,2 տոկոսը, 2015թ.՝ 192 մլն դոլար՝ բյուջեի 5,7 տոկոսը:
Համաձայնեք, պատկերն իրոք մտահոգիչ է: Առավել եւս մի երկրի համար, որի տնտեսությունը եթե շարունակական հետընթաց չի գրանցում, ապա առնվազն դոփում է տեղում՝ ցույց չտալով զարգացման որեւէ նախանշան: Բավական է միայն նշել, որ 2016թ. ամփոփեցինք 0,5 տոկոս աճով: Չնայած այս տարվա համար մոտ 2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, սակայն համաշխարհային շուկայում տեղի ունեցող երեւույթները հերթական մռայլ կանխատեսումների տեղիք են տալիս:
Վերջին օրերին միջազգային շուկայում կտրուկ էժանացել են պղինձը եւ նավթը: Նավթի էժանացումն իր հերթին հանգեցրել է ռուբլու արժեզրկմանը: Եթե մարտի սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում 6 հազար դոլարից բարձր էր, ապա երեկվա դրությամբ տատանվում էր 5,7-5,8 հազար դոլարի սահմաններում: Իսկ սա նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաեւ Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բյուջեի եկամուտների նվազմանը: Ինչ վերաբերում է նավթի էժանացմանը, ապա այն շատ ավելի էական է: Անցած շաբաթ մեկ բարել նավթի գինը կազմում էր 56 դոլար, իսկ երեկվա դրությամբ 50 դոլար էր: Բնականաբար, նավթի գներն անդրադարձել են ռուսական ռուբլու փոխարժեքի վրա՝ արժեզրկելով այն, ինչն էլ իր հերթին բերելու է Հայաստան մասնավոր տրանսֆերտների թվի նվազման
Եթե նկատի ունենանք նաեւ Հայաստանի վարչապետի բազմիցս արած հայտարարությունները, թե 2017թ. ընթացքում պետք չէ սպասել տնտեսական աճ, այլ դա կլինի հաջորդ տարվանից նոր միայն, մտահոգիչ պատկերն առավել քան պարզ է դառնում: Մանավանդ, որ նախորդ վարչապետները եւս տնտեսական աճի խոստումներ են տվել, բայց դրանք չեն իրականացրել: Հետո, իհարկե, տարբեր փաստարկներ են բերել՝ արդարացնելու համար ձախողումը: Ու չի բացառվում՝ նույն վիճակը լինի նաեւ հիմա, մանավանդ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է համաշխարհային շուկայի վայրիվերումներից, իսկ թե առաջիկայում ինչ զարգացումներ կարող են լինել համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ, որեւէ մեկը չի կարող կանխատեսել: Այդտեղ վարչապետ Կարեն Կարապետյանին չեն օգնի անգամ հարվածային գործիքները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆՈՂՆԵՐԸ
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ նախկին ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին թվում է՝ հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, եւ կարելի է տարատեսակ ստերով մոլորեցնել մարդկանց: Օրինակ՝ երեկ Արթուր Բաղդասարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել ու չեմ էլ անելու»: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունն արել է մի անձնավորություն, որը 2008թ. նախագահական ընտրություններում հանդես էր գալիս որպես թունդ ընդդիմադիր, անգամ իշխանություններին մեղադրում էր իր դեմ մահափորձ ծրագրելու մեջ: Հենց ընդդիմադիր կեցվածքի պատճառով ընտրություններին նա բավական ձայներ ստացավ: Բայց ընտրություններից հետո՝ մարտի 1-ի սպանդին ընդառաջ, Բաղդասարյանն իրեն նետեց իշխանության գիրկն ու կոալիցիոն հուշագիր ստորագրեց Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի հետ: Հիմա փորձեք ինքներդ պատասխանել՝ ի՞նչ էր սա, եթե ոչ ընտրողներին դառը հիասթափություն պատճառել, հուսախաբ անել: Ճիշտ է, դրանից հետո արդեն նախկին ՕԵԿ-ը անվանափոխվեց եւ դարձավ ՀՎԿ, սակայն դրանով ոչինչ չփոխվեց. հասարակության շրջանում նրանց, թերեւս, համարում են ամենավարկաբեկված կուսակցությունը:

 

 

ԱՉՔԱԹՈՂ ԵՆ ԱՐԵԼ
Գործադիրի անդամների ակտիվ մասնակցությունն իրենց կուսակցությունների նախընտրական քարոզչական աշխատանքներին, կարծես թե, իր ազդեցությունն է ունեցել նաեւ ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգը կազմելու գործում: Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից միայն 15-ը չեն զեկուցվելու: Ինչպես հայտնի է՝ կառավարության՝ 2016թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, երբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր եւս մեկ բջջային հեռախոս տրամադրել ԱԳՆ-ին, վարչապետն առաջարկեց նմանատիպ հարցերն անգամ նախարարական կոմիտեներում չքննարկել: Պարզվում է՝ մեր նախարարներն օգտվել են Կարապետյանի այդ հանձնարարականից եւ որոշել են նախընտրական շրջանում տեղի ունեցող կառավարության նիստերի վրա քիչ ժամանակ հատկացնելու համար ՀՀ կառավարություն բերեն «չզեկուցվող» հարցեր՝ իրենց ժամանակի մեծ մասը կուսակցությունների քարոզարշավներին մասնակցելուն տրամադրելու համար:

 

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատի պայթեցման կապակցությամբ հարուցված քրեական գործը կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի եւ Արթուր Օսեյանի հետ որոշել էին պայթեցնել Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող բանկոմատը, սակայն պայթեցման համար նախատեսված գազի եւ ամիակի բալոնները չէին գործել, ինչից հետո նրանք հեռացել էին: Նշենք, որ գործով մեղադրյալներից երկուսը գտնվում են կալանքի տակ, իսկ ահա մեկի մասով խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

«ԲՈՒԼՂԱՐԱՑԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆ
ՀՀԿ համամասանական ցուցակով առաջադրված թեկնածու Խոսրով Հարությունյանը, պարզվում է, սիրում է լողափեր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա Բուլղարիայի Վառնա քաղաքում 110 քմ բնակարան ունի: Այժմ ապրում է Երեւանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում, մեկ ամառանոց ունի Սեւան քաղաքում եւ մեկ ոչ բնակելի շինություն կրկին Հյուսիսային պողոտայում: Բուլղարիայում բնակարան ունեցող պատգամավորը հայտարարագրել է նաեւ, որ ունի 1994 թվականի արտադրության «Mercedes-Benz S 420» ավտոմեքենա: Իսկ հայտարարագրած դրամական միջոցը կազմել է 45 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է ԱԺ պատգամավորի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 6 մլն 823 հազար 430 դրամ, ՀՀ կառավարման ակադեմիայից ստացած աշխատավարձը՝ 376 հազար դրամ, եւ կենսաթոշակը՝ 540 հազար դրամ:

 

 

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ ՊԵԿ-ՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը երեկ ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կենտրոնի նպատակն է որակապես բարելավել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացները: «Ներդրված համակարգը ցույց է տալիս, որ, օրինակ, գիշերը՝ 1:30-ին, ՀԴՄ-ով գործարք է կատարվել, ակնհայտ է, չէ՞, որ կա ռիսկայնություն, կամ ՀԴՄ-ով կատարվել է շատ մեծ ծավալի գործարք: Տվյալ դեպքերում ՊԵԿ-ն անմիջապես կարողանալու է ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ է վաճառվել, մեծածախ թե մանրածախ գնում է կատարվել: Հետեւաբար ակնկալում ենք, որ ստուգումները կլինեն շատ ավելի հասցեական, էֆեկտիվ, գործարարի համար կլինի շատ ավելի քիչ քաշքշուկ», – ասել է Կարապետյանը: Ի դեպ, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 միլիարդ դրամով ավել:
 

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՆՏՐԵԼԻՍ
Մարտի 14-ին «Ելք» դաշինքի քաղաքական թիմի անդամները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ են ունեցել Կենտրոն համայնքում: Բակերից մեկում մի կին նախատել է Փաշինյանին՝ իշխանություններին եւ ՀՀԿ-ին գովելու համար: «Բայց մենք ՀՀԿ-ից չենք, մենք «Ելք» դաշինքից ենք»,- տարակուսել է Փաշինյանը: «Հա՞, ինչ լավ ա, իսկ Նիկոլը ձեր մեջ կա՞»,- հարցրել է Փաշինյանին չճանաչած տիկինը:




Լրահոս