ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ՏՊԵԼ ԵՆ 20 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄ ՈՒ ԻՐԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահ մարմինների կողմից շարունակվում են նոր բացահայտումները կեղծ թղթադրամներ պատրաստելու գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ բացահայտվել է կեղծ 20 հազարանոց թղթադրամների իրացման նոր դեպք:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ կեղծ թղթադրամներ պարտաստելու եւ իրացնելու դեպքեր են բացահայտվել՝ կոչ անելով առավել զգոն լինել: Ավելին՝ ԱԱԾ հայտնել էր, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաեւ նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ: Եվ ահա ազգային անվտանգության ծառայության կողմից կեղծ թղթադրամների բացահայտման գործընթացը նոր երանգներ է ստանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրավապահներն այս անգամ էլ բացահայտել են 20 հազարանոց կեղծ թղթադրամ պատրաստելու եւ իրացնելու նոր դեպք: Ավելին՝ պարզեցինք, որ հայտնի է, թե ովքեր են պատրաստել կեղծ թղթադրամները եւ կոնկրետ որտեղ են դրանք իրացրել:
Եվ այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացի Ալեն Մկրտչյանը իր երկու ընկերների՝ Արման Գեւորգյանի եւ Կարեն Մարգարյանի հետ որոշել են կեղծ թղթադրամներ տպել: Տղաները 2016 թվականի նոյեմբերի կեսերին «HP Oficejet» ապրանքանիշի տպող սարքով, կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ:
Արդյունքում՝ Սյունիքի մարզի բնակիչներ Ալեն Մկրտչյանը, Արման Գեւորգյանը եւ Կարեն Մարգարյանը՝ տեսնելով, որ իրենց տպող սարքով պատրաստված թղթադրամը ոչնչով չի զիջում իրական թղթադրամին, սկսել են այն իրացնելու գործընթացը: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձինք կեղծ թղթադրամներով մտել են անհատ ձեռներեց Հակոբյանին պատկանող խանութ եւ այնտեղից կատարել գնումներ:
Այսքանով տղաների գործողությունները չեն ավարտվել:
2016 թվականի նոյեմբերի 26-ին կամ 27-ին՝ երեկոյան, Կարեն Մարգարյանը եւ Ալեն Մկրտչյանը թղթադրամը իրացնելու նպատակով մտել են նաեւ Կապանի Հ. Ավետիսյան փողոցում գտնվող խանութներից մեկը եւ թղթադրամը մանրելու պատրվակով տվել են Ազատուհի Աբգարյանին ու վերցրել մանրը:
Իսկ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ալեն Մկրտչյանը, Կարեն Մարգարյանը եւ Արման Գեւորգյանը կեղծ թղթադրամը իրացնելու նպատակով Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գտնվող խանութում այն տվել են անհատ ձեռներեց Արարատ Մարկոսյանին, կատարել գնումներ եւ վերցրել վերադարձված մանրը: Տղաների գործողությունները այսքանով ավարտվել են, քանի որ իրավապահները կարողացել են ժամանակին նրանց ճանապարհին կանգնել:
Ի դեպ, տեղեկացանք, որ հայտնաբերվել են այն համակարգիչները, որոնց օգնությամբ տղաները տպել են կեղծ թղթադրամները, ավելին՝ վերոնշյալ վայրում, որտեղ նրանք զբաղվել են կեղծ թղթադրամներ պատրաստելով, եղել են նախապես պատրաստված 5 հատ 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք, ըստ էության, նրանք չեն հասցրել իրացնել:
Ի դեպ, այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ պատրաստող երեք անձանց` Ալեն Մկրտչյանին, Կարեն Մարգարյանին եւ Արման Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ փողեր պատրաստելը, պահելը եւ իրացնելը: Սակայն նշենք, որ տղաները անչափահասներ են, եւ վերջիններիս մասով խափանման միջոց է ընտրվել հսկողություն սահմանելը, եւ այդ հսկողությունը հանձնվել է Սյունիքի մարզի իրավապահ մարմիններին:
Հավելենք, որ այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ ՀՀ գլխավոր դատախազությունը գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավոր է նշանակվել Նապոլեոն Օհանյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր նաեւ 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամների շրջանառության դեպք, եւ հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Հակոբյանին եւ Կարեն Աբելյանին: Վերջիններս հիմնականում կեղծ թղթադրամները իրացրել էին բենզալցակայաններում: Այս գործով դատավարությունը շարունակվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը ընթացք է տվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված հայտարարություններին «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով»: Օրերս Երեւան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ:
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները փողոցում քայլելիս նկատել են Ամիրյան 2 հասցեի հարեւանությամբ առկա գովազդային վահանակի մոտ հավաքված մի շարք քաղաքացիների, որոնք քննարկել են փակցված հայտարարությունը: Իրավապահները մոտեցել են եւ նկատել երկու անձանց, որոնք փակցնելիս են եղել հայտարարությունը՝ «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով», 010 543-523 հեռախոսահամարով: ArmLur.am-ը զանգահարել էր նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով է ձայներ գնող անձը, եւ պարզվել էր, որ նշված հեռախոսահամարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է:
Մեր հրապարակումից հետո կատակ անողներին բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի գնդապետ Ա. Հովհաննիսյանը գրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Գրությամբ ոստիկանության գնդապետ Հովհաննիսյանը Տիգրան Մուկուչյանից խնդրել է հայտնել, թե արդյոք վերոնշյալ հեռախոսահամարը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Եւ եթե հեռախոսահամարը պատկանում է ԿԸՀ-ին, «խնդրում ենք հայտնել, թե հեռախոսահամարին նշված հայտարարության հետ կապված զանգեր եղե՞լ են, թե՞ ոչ»:
Թե ինչ պատասխան է տվել ԿԸՀ նախագահը, եւ ինչ զարգացում կլինի այս գործով, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԻ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակիորեն բավարարել է ոստիկանության հայցն ընդդեմ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի։ Ըստ այդմ, Գայֆեջյանը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից եւ Սերգեյ Զաքարյանից: Իսկ ահա ոստիկաններից յուրաքանչյուրին 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջը դատարանը մերժել է: Երգիծական հաղորդման հաղորդավարը հայտարարել է, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, նա վճիռը բողոքարկելու է։ SOS TV-ի վիճարկվող հաղորդումը, հիշեցնենք, վերաբերում էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանների՝ բռնի ուժով Բաղրամյան պողոտայում մի մայթից մյուսը տեղափոխելուն։

 

 

 

 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆՑԱՆՔԸ

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան վենդետա: Ինչո՞ւ, որովհետեւ մարտի 12-ին Ջրառատ համայնքում դաժան ծեծի էր ենթարկվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, որը ստիպված էր եղել օդ կրակել: Երեկ էլ Երանոսյանները ծեծի են ենթարկել 3 գյուղացու:

Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ՀՀԿ ղեկավար Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան -Րաֆֆ -Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Գետնին տապալված ոստիկանության աշխատակից Լեռնիկ Երանոսյանը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ էր արձակել: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր նրա ձեռքից խլել ատրճանակը: Երանոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ միջադեպից հետո Սեյրան Օհանյանը զրուցել է Լեւոն Երանոսյանի հետ, ներողություն խնդրել նրանից եղբոր ծեծի առիթով՝ ասելով, որ մնացածը թող իրավապահները պարզեն: Ինչպես նկատում ենք՝ ներողությունը տեղ չհասավ, եւ ջրառատցիները չթողեցին ՕՐՕ-ի համակիրներին մարսել ՀՀ փոխոստիկանապետի եղբոր ծեծը: Երեկ Ջրառատ համայնքի դպրոցականների միջեւ վիճաբանություն էր եղել, որին ավելի ուշ խառնվել էին նաեւ ծնողները, եւ երկաթյա ձողերով ու այլ իրերով սկսել էին միմյանց ծեծել, որից հետո դարձյալ կրակոց էր հնչել: ՕՐՕ-ի համակիրներից 3 հոգի` Արայիկ Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը, որոնք ազգականներ են, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել. մեկը՝ հրազենից, երկուսը՝ երկաթե ձողերից. նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 3-ի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: ՕՐՕ դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների լուռ հայացքի ներքո:
Այս իրավիճակում ամենաուշագրավն այն է, որ ՕՐՕ դաշինքը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ միջադեպի կիզակետում էր ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, իսկ թե ինչպես էր նա հայտնվել դեպքի վայրում, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը ձկան նման լուռ է եւ չի պարզաբանում փոխոստիկանապետի մասնակցությունը:
Օրվա վերջում ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի մասով ինքնաձիգից կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է Ջրառատի բնակիչ Տիգրան Սարգսյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 112-րդ (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել) 258-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք ձեռք բերել, իրացնել) հոդվածների հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ջրառատում այս օրերին տեղի ունեցածը բավականին խորը արմատներ ունի: Սեպտեմբերին Ջրառատ համայնքում կայացել է համայնքի ղեկավարի ընտրություն, որին մասնակցել են ՀՀ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի ազգական, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը եւ Մելիք Մելքոնյանը: Ընտրություններում հաղթել է Սամվել Գալստյանը, ու երկու թեկնածուների միջեւ լարված հարաբերությունները դեռ շարունակում են եւ ավելի են թեժացել խորհրդարանական ընտրությունների շեմին: Բանն այն է, որ Մ. Մելքոնյանը, որը համայնքում հայտնի է Ապո ածականով, ՕՐՕ դաշինքի համակիրներից է, եւ մարտի 12-ին հենց նրան պատկանող բենզալցակայանում է ծեծի ենթարկվել Լեռնիկ Երանոսյանը, իսկ երեկ՝ մարտի 14-ին, «էրեբունի» ԲԿ տեղափոխված անձինք նրա բարեկամներն են: Ասել է, թե Ջրառատում տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռեւս ՏԻՄ ընտրություններից առաջացած ներքին վրեժն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը ՀՀ իրավական համակարգում խառնաշփոթ է ստեղծել, բարձրացվել է անգամ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս