ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարք է սկսում՝ հրապարակելով ԱԺ պատգամավորների թեկնածուների պաշտոնական ունեցվածքը: Սկսում ենք ՀՀԿ-ական թեկնածուներից, որոնք հանրության լայն շերտերին այնքան էլ հայտնի չեն:

 

Ոսկեղենով թեկնածուն
Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, Երեւանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը հայտարարագրել է, որ ունի 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նա մայրաքաղաք Երեւանում ունի երկու բնակարան, մեկ շինություն եւ հողատարածք՝ Կոտայքի մարզում: Նրա աշխատավարձը տարեկան կազմում է 3 մլն 182 հազար դրամ, իսկ հայտարարագրած դրամական միջոցները՝ 50 հազար դոլար եւ 25 մլն դրամ: Հետաքրքիր է, թե ինչպես է հասցրել կուտակել քաղաքապետարանի աշխատակիցը այսքան ունեցվածք:

 

«Մետաղագործը»
Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը՝ Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ՓԲԸ ներկայացուցիչ Վահան Հարությունյանը, ունի մեկ բնակարան Երեւանում, մեկ ավտոտնակ, երկու հողամաս, «Range Rover L 405», «Range Rover 4.4», «Lexus RX 350», «Toyota Camry» «Hundai Santafe»: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է 16 մլն 644 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 435 մլն 856 հազար դրամ եւ 600 հազար դոլար: Ի դեպ, Հարությունյանը «Միկմետալ» ընկերությունում 75 տոկոս բաժնեմաս ունի:

 

Գրանտների տնօրինողը
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրի համակարգող, ԵԳՊԱ ռեկտորի օգնական, Աբովյանի պետական քոլեջի դասախոս պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգարիտ Սիրեկանյանը հայտարարագրած անշարժ գույք չունի: Փոխարենը նրա դրամական միջոցները կազմում են 6.8 մլն դրամ, 22 հազար 600 դոլար եւ 4700 եվրո: Այս գումարները նա կուտակել է աշխատավարձով՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ստացած 3 մլն 317 հազար դրամով, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայից 720 հազար դրամով, Աբովյանի պետական քոլեջից ստացած 576 հազար դրամով: Իսկ թե ինչպես է ապրել տարիներ շարունակ, մնում է կռահել:

 

«Հանքագործ» զարմուհին
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության 37-ամյա տնօրեն Լուսինե Մեջլումյանը, որը «Վալլեքս» ընկերության տնօրեն Վալերի Մեջլումյանի զարմուհին է, ունի հայտարարագրած 57 մլն դրամ եւ 83 հազար դոլար դրամական միջոց: Ի դեպ, նա «Դրախտ անկյուն» ընկերության 100 տոկոս բաժնետերն է: Նա Ալավերդիում երկու բնակարան ունի, մեկ ավտոտնակ, երկու հողամաս, որից մեկը Ալավերդիում է, մյուսը՝ Ծաղկաշատում, եւ մեկ այգի՝ Ծաղկաշատում: Նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից ստացել է 10 մլն 230 հազար դրամ, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ից՝ 8 մլն 685 հազար դրամ: Նաեւ նա սպառողական վարկ է վերցրել ՀՀ առեւտրային բանկերից մեկից՝ 2 մլն 980 հազար դրամի չափով:

 

Դեղագործ թեկնածուն
«Արփիմեդ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է, որ Երեւանում ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, Արզնի գյուղում մեկական հողատարածք, Գեղաշենում մեկ շենք, գյուղատնտեսական 6 հատ հողատարածք, մեկ տնամերձ հողամաս: Նա «Արփիմեդ» ընկերությունում ունի 97 տոկոս բաժնետոմս, «Կոտայք» ընկերությունում՝ 97 տոկոս, իսկ «Վաս Ֆարմամեդ» ընկերությունում 100 տոկոս բաժնետոմս: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձերը՝ 4 մլն 330 հազար դրամի եւ 152 հազար դրամի չափով: Ի դեպ, «Արփիմեդ» ընկերությունից ստացած շահաբաժինը կազմում է 822 մլն 275 հազար 377 դրամ:

 

Ձեռներեց խորհրդականը
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀԿ-ի Արարատի մարզային շտաբի պետ, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ալիկ Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 9 մլն 272 հազար դրամ, կենսաթոշակը՝ 4 մլն 294 հազար դրամ, եւ ավանդի դիմաց ստացված տոկոսը՝ 277 հազար դրամ: Պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 259 հազար դոլար եւ 11 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ Սարգսյանը 33.3 տոկոս բաժնեմաս ունի «Մակրո-Երեւան» հայ ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում եւ 16.7 տոկոս բաժնեմաս ունի «Մարկ ինտերնեյշնլ» հայ-ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում: Իսկ հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է. երեք բնակարան Երեւանում, 9 հատ հողամաս Արարատի մարզի Դարակերտ գյուղում, 6 հատ հողամաս Կանաչուտ գյուղում, մեկ հողամաս էլ Բարձրաշեն գյուղում, գյուղատնտեսական արտադրական մեկ օբյեկտ՝ Արտաշատ քաղաքում, որի 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Բացի այս, Երեւանում նա ունի հասարակական կիսանկուղ օբյեկտ, Ջերմուկ քաղաքում ընդունելությունների տուն, իսկ Ծաղկաձորում՝ հանգստյան տուն, որի 25 տոկոս բաժնեմասն է իրենը: Մեկ բնակելի տուն էլ Կանաչուտ գյուղում ունի:

Զենքով լրագրողը
ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու, ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն 920 հազար դրամ, 32 հազար 800 դոլար, 152 հազար 300 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է մոտ 17 մլն դրամ: Նա Երեւանում ունի բնակարան եւ ավտոմեքենա՝ 1995 թվականի արտադրության «Jeep Wrangler Sahara»: Բացի այս, նա նաեւ հայտարարագրել է իր ունեցած թանկարժեք գույքը՝ 25 հազար 500 դոլար արժողությամբ «Hublot» եւ 19 հազար 700 դոլար արժողությամբ «Zenith» ժամացույցները:

Բաժնետոմսերով հասարակականը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս, 31-ամյա Արուսյակ Պողոսյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանում: Նա որպես եկամուտ նշել է իր ստացած աշխատավարձերը. այսպես՝ Ա. Պողոսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ստանում է տարեկան 4 մլն 930 հազար դրամ, Երեւանի պետական բժշկական համալսարանից՝ 1 մլն 32 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմում են 11.3 մլն դրամ, 47 հազար դոլար եւ 3800 եվրո: Իսկ «5 Կոնցեպտ» ընկերությունում ունի 11 տոկոս բաժնետոմս: Ի դեպ, նշենք, որ Արուսյակ Պողոսյանը համարվում է ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի կադրը:

Անասնապահ գյուղապետ
ՀՀ Արարատի մարզի Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը նույնպես առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով: Նա ունի 8 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է գյուղապետի ստացած աշխատավարձը, որը տարեկան կազմում է 3 մլն 120 հազար դրամ եւ գյուղատնտեսությունից ու անասնապահությունից ստացած եկամուտները՝ ընդհանուր 16 մլն դրամ: Գյուղապետի հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է. Լանջազատում մեկ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շենք, տնամերձ հողամաս, գյուղատնտեսական նշանակության երկու հող, արտադրական նշանակության հող:

Դոլարով գյուղապետը
ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 138 հազար դոլար եւ 3.2 մլն դրամ: Նրա հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է՝ Ամասիայում երեք հողամաս, Արփիում՝ երկու հողամաս, Երեւանում մեկ բնակարան, Ամասիայում՝ մեկ առանձնատուն, մեկ բաղնիք եւ մեկ անասնաշենք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է Կադաստրի Ամասիայի սպասարկման գրասենյակից ստացած 720 հազար դրամ աշխատավարձը, Ամասիայի համայնքապետարանից ստացած 960 հազար դրամը, «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ից՝ 370 հազար դրամը եւ «Արդշինբանկ»-ից 10 հազար 800 դոլարի չափով ստացած ավանդը:

Խանութպանը
ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը հայտարարագրել է, որ Աշտարակ քաղաքում ունի չորս բնակելի տուն եւ մեկ խանութ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է 6 մլն 350 հազար դրամ: «Քեշ փող» չունի:

Չկողմնորոշված ԴԱՀԿ-ականը
Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված 37-ամյա Տավրոս Գեւորգյանի ներկայացրած հայտարարագիրը տարօրինակ է: Բանն այն է, որ ըստ իր ներկայացրած հայտարարագրի մի մասի՝ ինքը չի աշխատում: Իսկ մյուս մասում թեկնածուն որպես եկամուտ ներկայացրել է իր աշխատավարձը, որը ստացել է ԴԱՀԿ ծառայությունից՝ 5 մլն 480 հազար 687 դրամի չափով: Չնայած այս ամենին՝ հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Իր համեստ աշխատավարձով նա կուտակել է 50 մլն դրամ, 130 հազար դոլար եւ 80 հազար եվրո, մեկ բնակարան, երեք հողամաս՝ Աջափնյակ վարչական շրջանում եւ մեկ ավտոմեքենա՝ «Mercedes Benz S 500 L» մակնիշի:

Թեկնածուների «փողերը հաշվեց»
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս