«ԱՄԵՆԱՄԵԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՍ ՍԻՐԵԼԻԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մարդկային էությունը բացահայտող հարցերի միջոցով փորձել է ստանալ երգչուհի Շպռօտի (Անի Թովմասյան) դիմանկարը: Հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային դեմքերից մեկը, ով տեւական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում, պատմել է իր նվաճումների եւ հիասթափությունների մասին, անդրադարձել է իր նախասիրություններին, խոսել է այն մասին, թե իր պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի կինը, ընկերը, ասել է, թե ինչ սպասելիքներ ունի կյանքից:

-Շպռօ՛տ, ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:
-Առավոտյան առաջինը կատվիս եմ կերակրում, այնուհետեւ սեւ սուրճ եմ խմում:
-Բնութագրեք Ձեզ երեք բառով:
-Հավատարիմ, շնորհակալ, համառ:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Այն մարդը, ով չի փորձի ինձ փոխել, ով կգա ինձ հետ մեռնելու: Նա, ով ներողամիտ է:
-Կյանքի կարգախոս ունե՞ք:
-Ներկայի մեջ է ուժը: Ընդունել ներկա պահն այնպես, ինչպես կա, նույնիսկ եթե այն այնքան էլ սրտովս չէ:
-Ո՞ր գրողներին եք սիրում:
-Էքհարթ Թոլլ, Լուիզա Հեյ, Պիա Մելլոդի, Ջոն Կեհո, Վադիմ Զելանդ, Ռիչարդ Բախ:
-Ձեր կարիերան ի՞նչ փուլերի կբաժանեք: Հիմա ո՞ր փուլում եք:
-Կյանքն ալիքի նման մի բան է, մեկ բարձրանում ես, մեկ իջնում, բայց ծովի ալիքների խորքում` հատակի մոտ, ջուրը միշտ խաղաղ է եւ հանգիստ, ալիքներ չկան: Փորձում եմ ալիքներին չտրվել, որ խաղաղությունս չկորցնեմ: Հիմա լավ փուլ է իմ կարիերայում, նոր երգս լավ արձագանք ունեցավ, երկար դադարից հետո պատրաստվում եմ մեկ այլ գործ ներկայացնել երկրպագուներիս:
-Ճակատագրական մարդ (մարդիկ), որը մեծ շրջադարձ է արել Ձեր կյանքում:
-Նկարչության ուսուցչուհիս` ընկեր Ռուզաննան, մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Մենք շատ խորը հոգեւոր կապ ունեինք: Հետո` ավելի մեծ տարիքում, մորաքրոջս աղջիկը` Իվետան, դարձավ իմ խորհրդատուն: Ես շնորհակալ եմ կյանքից նրանց տված յուրաքանչյուր խորհրդի համար:
-Կա՞ այնպիսի հատկություն, որը խանգարում է, որպեսզի մարդիկ Ձեզ ավելի լավ հասկանան:
-Ես էմոցիոնալ մարդ եմ եւ շուտ բռնկվում եմ, նաեւ ճիշտը ճակատին ասող եմ: Իսկ դուզ խոսողի գլուխը ծակ է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ երգչուհուն հնարավորություն ունեն ճանաչելու միայն ինստագրամյան լուսանկարների եւ տեսահոլովակների միջոցով: Նրանց թվում է, որ ես հացի խանութ գնալիս էլ եմ լողազգեստ հագնում, բայց այդպես չէ: Իրականում ես շատ համեստ մարդ եմ, ուղղակի բեմական կեցվածքս է համարձակ:
-Շարունակեք միտքս` կինը երբեք չպետք է…
-Կինը երբեք չպետք է ապրի տղամարդու էներգիայի մեջ, այսինքն` աշխատի տղամարդու պես, առաջարկի սեր տղամարդուն, փորձի ապացուցել տղամարդուն, որ ինքն ավելի ուժեղ է եւ խելացի: Կինը չպետք է լինի հեշտ հասանելի եւ անխնամ: Մի խոսքով` կինը պետք է սիրի իրեն ամբողջ ուժով:
-Արարք, որին ինքներդ երբեք չեք դիմի` որպես կին:
-Դավաճանություն, անբարոյականություն:
-Ձեր մասին լսած ամենաանհավանական ասեկոսեն ո՞րն է եղել:
-Իմ մասին բոլոր ասեկոսեներն անհավանական են:
-Ձեր ամենամեծ հիասթափությունը ո՞րն է եղել, եթե գաղտնիք չէ:
-Սիրած մարդու կողմից դավաճանությունը:
-Կյանքից ի՞նչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք:
-Ես փորձում եմ սպասելիքներ չունենալ, այլապես, երբ սպասում ես, դրան հաջորդում է հիասթափությունը: Ես ընդունում եմ կյանքի բոլոր նվերները:

 

 
ԱՄՈՒՍԻՆ-ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ

Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, ով վերջերս հանդես է գալիս «Դոմինո» սիթքոմում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հեռուստադիտողները շուտով իրեն կտեսնեն սիթքոմի նոր` չորրորդ եթերաշրջանում. «Շատ եմ սիրում կերպարս եւ ուրախ եմ, որ գործունեությունս շարունակական է լինելու, նոր եթերաշրջանի նկարահանումներն արդեն մեկնարկել են»,- ասաց նա` հավելելով, որ իր կերպարը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի հետաքրքիր, անսպասելի իրավիճակներում:

Ու թեեւ Նարինեն տարիներ առաջ հանդես էր գալիս «Իմ տունը քո տունը չէ» հումորային ծրագրում, խոստովանեց, որ «Դոմինոն» իր համար նոր աշխարհ է` բոլորովին նոր կանոններով: Նշենք, որ սիթքոմի հերթական եթերաշրջանը կբացվի մարտի 14-ից:
Մենք հետաքրքրվեցինք` արդյոք առաջիկայում կտեսնենք Նարինեին թատրոնում` նոր դերերով. «Այո՛, թատրոնում նոր ներկայացման փորձեր ենք անում, սեպտեմբերին արդյունքը կերեւա: Մտադիր ենք երկու նոր գործի անդրադառնալ` մեկը՝ դասական, մյուսը՝ ժամանակակից հեղինակի: Ասեմ, որ դերասանի համար շատ հետաքրքիր է զուգահեռաբար աշխատել թատրոնում եւ հեռուստատեսությունում. այդպես նրա կյանքը բավական գունավոր է դառնում»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նարինեն նախկինում «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքն էր խոստովանել, որ ոչ ոք իրեն ամուսնուց` դերասան Վարուժան Մանուկյանից առանձին չի պատկերացնում, հանրությունը մշտապես ակնկալում է ամուսիններին տեսնել միեւնույն նախագծում: Մենք հարցրինք` արդյոք այդ առումով մարդկանց հույսերը կարդարանան. «Ես եւ Վարուժանը մտածում ենք, ասեմ ավելին` գործում ենք այդ ուղղությամբ, բայց դեռեւս ոչ մի կոնկրետ տեղեկություն հայտնել չեմ կարող»,-ասաց նա:
Քանի որ այժմ կանանց միամսյակն է, Նարինեից հետաքրքրվեցինք` տոների շրջանակում նրան ինչ առանձնահատուկ անակնկալներ են մատուցել. «Դուստրս ինձ մանուշակներ է նվիրել, որդիս` կակաչներ: Ես այդ ծաղիկների միջոցով եմ գարնան շունչը զգում: Բացի այդ` պարբերաբար ստանում եմ անսպասելի նվերներ: Տղաս, ով սովորում է Թատերական ինստիտուտում, սիրում է նաեւ քանդակել եւ նկարել, գիտի, որ իր աշխատանքների հանդեպ թուլություն ունեմ, առիթը բաց չի թողնում եւ գեղեցիկ քանդակներ է նվիրում ինձ: Դուստրս էլ իր հերթին ձեռագործ աշխատքներ է նվիրում, հաճախ` բիժուտերիա, որը հաճույքով կրում եմ»,-եզրափակեց դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՑԱԽԸ
Արցախի Հանրապետությունը առաջին անգամ Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World գեղեցկության եւ նորաձեւության մրցույթում կներկայացնի մոդել եւ դերասանուհի Շուշան Երիցյանը: Այս մասին դերասանուհին հայտնել է ֆեյսբուքյան էջում: «Ինչ խոսք, անասելի պատասխանատու եւ որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու՝ մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու եւ, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,-գրել է նա:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄ
Մարտի 25-ին Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կբացվի «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն ավելի քան 20 հայ նկարիչների գործեր: Վերջիններիս թվում են` Մարտիրոս Սարյանը, Եղիշե Թադեւոսյանը, Սեդրակ Առաքելյանը, Կարապետ Ադամյանը: Vogue-ն տեղեկացնում է, որ կտավները կտարվեն Երեւանից` Հայաստանի ազգային պատկերասրահից եւ Ռուսական արվեստի թանգարանից: Կներկայացվի 58 աշխատանք:
Նշենք, որ հայ նկարիչները գովերգել են մշակութային ավանդույթները, ազգային խոհանոցը, կիսվել են Մոսկվայից Փարիզ կատարած ճանապարհորդություններին առնչվող տպավորություններով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 4-ը:
 

ԷԴ ՇԻՐԱՆԸ` «ԳԱՀԵՐԻ ԽԱՂՈՒՄ»
26-ամյա բրիտանացի երգիչ Էդ Շիրանը նկարահանվում է «Գահերի խաղը» ֆիլմի նոր եթերաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա համար նախատեսել են ոչ մեծ դեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ ֆիլմի հեղինակները տեւական ժամանակ փորձում էին երգչին ընդգրկել ֆիլմում 19-ամյա դերասանուհի Մեյսի Ուիլյամսին ուրախացնելու համար: Վերջինս ֆիլմում խաղում է Արյա Ստարկի դերը եւ Էդ Շիրանի մոլի երկրպագուն է։ Այս անգամ հեղինակների մտադրությունը ստացվել է իրագործել։ Հավելենք, որ «Գահերի խաղը» ֆիլմի յոթերորդ սեզոնը կմեկնարկի հուլիսի 16-ից:




Լրահոս