1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:
Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Համարվում է, որ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին: