Գեղարքունիքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն այսօր քարոզարշավի շրջանակներում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ եղան Ճամբարակ և Սևան քաղաքներում՝ հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ և լսելով նրանց կողմից բարձրացած հարցերը։ Հետաքրքրական է, որ չնայած վարկանիշային համակարգը շատ ընտրատարածքներում դարձել է կուսակիցների բախումների առարկա, սակայն այս մարզում, կարծես թե, հակառակ գործընթացն է տեղի ունենում։
Բանն այն է, որ թիվ 8 ընտրատարածքում առաջադրված վարկանիշային թեկնածուները քարոզարշավի շրջանակներում հանդես են գալու միասին և միասնաբար են շրջելու մարզով։ Այսօր ևս բացառություն չէր։ Ճամբարակում ելույթ ունենալիս Գեղարքունիքի մարզպետ, ռեյտինգային ընտրատարածքով առաջադրված թեկնածու Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նկատեց, որ չնայած ցուրտ եղանակին` ճամբարակցիների սրտերում ջերմություն է զգում։
ՀՀԿ-ականների հաջորդ կանգառը Սևան քաղաքն էր, որտեղ տեղացիները ռեյտինգային թեկնածուներին բուռն դիմավորեցին և ողջունեցին։ Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրենց խոսքում կոչ արեցին ձայն տալ Հանրապետական կուսակցությանը՝ ընդգծելով, որ դա կապահովի առաջընթաց մի քանի ոլորտներում:
Նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀԿ թեկնածուները՝ կրկին միասնական, մարտի 23-ին կլինեն Վարդենիս և Մարտունի քաղաքներում։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Ենոքյան