Արագածոտնում դանակահարության պատճառը չնչին հարց է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:

2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Ապարանի բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ա.Ասատրյանը և Մ.Հովսեփյանը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. մարտի 19-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն͵ որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ և Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Վիճաբանության արդյունքում խաթարվել է մայրուղու երթևեկությունը նույն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը։

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասն 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները͵ մասնակիցների ինքնությունը պարզելու͵ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնենք` Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:

Երեկ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի պետի եւ նույն մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի թիմակիցների միջեւ:




Լրահոս