ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր քարոզարշավի շրջանակներում գտնվել է Սյունիքի մարզում:
Այց ավարտին դաշինքը Գորիս քաղաքում եղավ, որտեղ իր ելույթում մեղադրեց տեղի իշխանություններին ու մարզի խոշորագույն` պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը մարդկանց ահաբեկելու և վախի մթնոլորտ սերմանելու համար:
«Մարզետը լինի, քաղաքապետը լինի, թե կոմբինատի տնօրենը` ոչ մեկին խաթր մի արեք ու մի վախեցեք, գնացեք ընտրության ըստ սեփական ցանկության ու որոշման, այլապես հաջորդ տարիներին ավելի վատ է լինելու: Նրանք բոլորը քամի են անում իրենց տեղը պահելու համար, իրենց գործին մնալու համար: Եթե բան փոխվի` առաջինը իրենք են դուրս գալու, որովհետև իրենց նշանակել են, որ մարդկանց մատից փուշ հանեն, ոչ թե մարդկանց ահաբեկեն ու մտածեն, թե ամբողջ կյանքում լինելու են այդ պաշտոնին»,- հայտարարեց նա:
Գորիսում բնակիչների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գործունեությանը, նշել է. «Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չի, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Հարցնում է` 2012-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի`գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»,- հայտարարեց նա: Վերջում նա ավելացրեց, որ ինչ ասել է` մի բան էլ ավելին է արել ու այդպես լինելու է հետագայում ևս: Բայց ինքը լավ գիտի, որ բարեգործությունով երկիր չես պահի և մշակել են ծրագիր,որը կյանքի կոչելու համար ժողովրդի աջակցությունն է պետք. «Ամեն ինչից տեղյակ եմ, խնդիրն էլ, ձեր բոլորի դարդն էլ գիտեմ ու բոլոր մարզերում խնդիրը մեկն է` թոշակի բարձրացում, վարկային տոկոսների նվազում, աշխատանք: Մարդիկ աշխատանք չունեն, պայման չունեն ու որպես հետևանք` հեռանում են երկրից: Տվեք մեզ 50+1 ձայն, և մենք այս ամենը կկարգավորենք, երկիր ու համակարգ կփոխենք»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: