«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը: Բայց քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայներ նվիրելու համար: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում:
Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Նկատենք, որ իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում` բավարարվելով ընդհանուր ձեւակերպումներով` ապօրինի իշխանություններ: ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, բնականաբար, այս լուրերը հիմարություն որակեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: