Հայաստանի հանրապետական կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին խորհրդարան բերելու համար: Դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաեւ տեղերում աշխատել դաշինքին ձայներ նվիրելու համար: Նույնիսկ մարդկանց տեղերում ստիպում են աշխատել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին:
Քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, ավելին՝ դաշինքի նախընտրական քարոզչություններն անցնում են սակավամարդ՝ ի տարբերություն ՀԱԿ-ի նախորդ տարիների հանրահավաքների, ՀՀԿ-ում կազմակերպված ձեւով տեսակետ են ձեւավորում, թե քարոզչության վերջում` ընտրություններից թեկուզ մեկ-երկու օր առաջ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենա, դաշինքի վարկանիշը կտրուկ կբարձրանա, եւ նրանց կհաջողվի զբաղեցնել անգամ երրորդ հորիզոնականը` զիջելով ՀՀԿ-ին եւ «Ծառուկյան» դաշինքին: Եւ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, որ նույնիսկ քարոզարշավ, որպես այդպիսին, չեն իրականացնում:
Եւ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերություն եւ երեկ եթերից ներկայացնում էր իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը միակն էր, որ ապրիլյան դեպքերի ժամանակ սատարեց Սերժ Սարգսյանի իշխանությանը, որը 800 հա տարածք կորցրեց: Հիմա էլ Տեր-Պետրոսյանը լոբբինգ է անում, թե պետք է ազատագրված տարածքները հանձնել, որպեսզի «լավ ապրենք»: Ու քանի որ ՀԱԿ-ը աջակցեց ՀՀԿ-ին, նրանք էլ «հիմա պատասխանում են» օժանդակությամբ:
Ու իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում` բավարարվելով ընդհանուր ձեւակերպումներով: Ինչպես ասում են` քվե` լռության դիմաց: «Ժողովուրդ»-ը այս տեղեկությունների մասին փորձեց զրուցել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի հետ: Վերջինս, սակայն, լսելով շրջանառվող լուրերի մասին՝ շտապեց այն ընդամենը որակել հիմարություն եւ դրան անդրադարձավ ընդամենը մեկ նախադասությամբ. «Ես հիմարությունների չեմ պատասխանում»,-ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով նաեւ այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները կազմակերպված ձեւով տեսակետ են ձեւավորում, թե քարոզչության վերջում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենա, կբարձրանա «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վարկանիշը, եւ այդ կերպ կհաջողվի զբաղեցնել երանելի երրորդ հորիզոնականը, Մանուկյանը կրկին ադ տեղեկությունները հիմարություն որակեց եւ նույն կերպ արձագանքեց դրան:
Ինչեւէ: Արդյոք իշխանությունների օգնությամբ այդ դաշինքին կհաջողվի մեծ ներկայություն ունենալ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանում, պարզ կդառնա ապրիլի 2-ից հետո:
Վահագն Հակոբյան