«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացվող ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մասնակցում են միայն ընտրյալները՝ հիմնականում պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց «բախտ է վիճակվում» նաեւ հնչեցնել նախօրոք մշակված հարցերը: Հասկանալի է՝ ողջ նպատակն անցանկալի հարցերից ու անհարմար իրավիճակներից խուսափելն է:
Բայց միշտ չէ, որ ՀՀԿ-ականները կարողանում են ապահովել իդեալական վիճակ: Դրա վառ վկայություններից մեկն էլ Տավուշի մարզում ՀՀԿ նախընտրական հանդիպումն էր, երբ ազատամարտիկներից մեկը դժգոհել էր երկրում տիրող վիճակից ու ասել, որ ընտանիքի հետ պատրաստվում է Հայաստանից հեռանալ:
Անակնկալի եկած Կարեն Կարապետյանն էլ պարզապես չի կարողացել ինքն իրեն տիրապետել ու բավական կոպիտ էր հակադարձել. «Դու հիասթափված ես, նեղված ես, դու այդ քո տրամադրությունը բոլորի վրա մի տարածի, հարցդ կոռեկտ ձեւակերպի ու մի սպառնա երկրից գնալով»: Կարճ ասած՝ Կարեն Կարապետյանն իրեն պահել էր իսկական ՀՀԿ-ականի նման. չէ՞ որ նույնկերպ մարդկանց վրա «մուննաթ էր գալիս» նաեւ Սերժ Սարգսյանը, երբ ինքն էր անցկացնում քարոզարշավը: Բայց, փաստորեն, որպես ՀՀԿ-ի թարմ, փոփոխված դեմք ներկայացող Կարապետյանն էլ ոչնչով ետ չի մնում կարկառուն կուսակիցներից: Նա էլ քաղաքացիների հետ խոսում է դու-ով եւ «վերեւից»: