«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի:
Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ:
Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով: Երեկ մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաեւ իր հետեւի՞ց կգան. պաշտպանության նախկին նախարարն անպատասխան թողեց մեր հարցը: «Մնացած հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: