Մինչ արաբական աշխարհը փոթորկվում է հեղափոխություններով, մինչ Ադրբեջանում Թունիսի օրինակից վախեցած` որոշում են պայքարել կոռուպցիայի դեմ` ազատելով տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանի նախագահը կատարում է իր հերթական ձիով քայլը` հանդես է գալիս Սփյուռքի ներգրավմամբ երկպալատ խորհրդարան ստեղծելու նախաձեռնությամբ:Կարող է թվալ, թե երկրում օրեցօր ահագնացող սոցիալական լարվածության այս փուլում երկպալատ խորհրդարանի ստեղծման գաղափարը ժամանակավրեպ է: Մինչդեռ իրականում հենց հիմա է, որ Ս. Սարգսյանին այն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Եվ այստեղ առաջնային նպատակը ոչ թե հանրության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելն է, այլ սեփական իշխանությունը Սփյուռքի աջակցությամբ ապահովագրելու ձգտումը: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում մինչեւ վերջ ինքնաառաջարկվելուց եւ արդյունքում խայտառակ կերպով ձախողվելուց հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես անհետաքրքիր դարձավ գերտերությունների համար ու մնաց մենակ` օրեցօր ավելի վատ ապրող իր ժողովրդի առջեւ: Եվ հասկանալով, որ առաջիկա զարգացումներում ինքն այլեւս չի կարող ապավինել Մարտի 1-ի վրա աչք փակած գերտերությունների աջակցությանը` Սարգսյանը փորձում է Սփյուռքի ազդեցիկ ուժերի միջոցով հասնել նրան, որ նույն այդ գերտերությունները հաջորդ ընտրություններում գոնե չխանգարեն իրեն: Իսկ Սփյուռքին շահագրգռելու համար նա բանեցնում է ամենապարզունակ հնարքը. կոպիտ ասած`«կուտ է տալիս», եւ այն էլ ինչ «կուտ»` մի ամբողջ անկախ պետության իշխանության մաս կազմելու հնարավորություն: Պետք է նկատել, որ հաշվարկն ավելի քան ստույգ է. անկախության օրվանից Հայաստանի գործերին միջամտել երազող Սփյուռքն այս հնարավորությանը երկար է սպասել: ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, շատ լավ գիտակցելով Հայաստանի քաղաքական կյանքին Սփյուռքի անմիջական մասնակցության անթույլատրելիությունը, ժամանակին ամեն ինչ արեց, որ «նարինջ ուտողները» հեռու մնան ՀՀ ներքին գործերից: Հետագայում Քոչարյանը, չնայած Դաշնակցության հետ սերտ համագործակցությանը, առավելապես ակտիվացրեց Սփյուռքի մասնակցությունը երկրի տնտեսական կյանքում` քաղաքական դաշտը, մեծ հաշվով, շարունակելով փակ պահել:Եվ հիմա, սփյուռքահայերին հրավիրելով ՀՀ օրենսդիր մարմին, Ս. Սարգսյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սեպ խրողից վերածվում է միավորող-համախմբող համազգային առաջնորդի` սփյուռքահայության համար դառնալով պարզապես անփոխարինելի: Ուստի ակնհայտ է, որ այսուհետ Սփյուռքը կանի ամեն ինչ` որպեսզի Ս. Սարգսյանը պահպանի ու վերարտադրի իր իշխանությունը: Իսկ արդեն դրանից հետո, ավելի ճիշտ` միայն դրանից հետո կանցկացվի ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որի արդյունքում կպարզվի, որ ՀՀ քաղաքացիները դեմ են քվեարկել երկպալատ խորհրդարանի ստեղծմանը: Ինչ-ինչ՝ բայց շախմատ խաղալ Ս. Սարգսյանը գիտի:
ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ